Սա հերթական խաղն է, որն ուղղված է Սամվել Բաբայանին մեկուսացնելու համար, և այդ ձևը գտան. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր է տեղափոխել, ինչը պատվիրելու մեջ, ըստ էության, կասկածվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

ArmLur.am-ը զրուցեց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարո՛ն Եղիազարյան, Ձեր կարծիքով որքանո՞վ է իրատեսական այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը «Իգլա»  տեսակի  զենիթա-հրթիռային համալիր է տեղափոխել Հայաստան:

-«Իգլան» ցուցակումս հաշվառված զինատեսակ է,  քանզի կապ ունի ինքնաթիռների խոցման հետ: Եթե «Իգլան» ընկնի ահաբեկչի ձեռք, ապա հարյուրավոր անմեղ մարդիկ կվերացվեն: Այսօր արդեն համացանցում ընթերցում եմ, իբրև՝  Սամվել Բաբայանը ցանկացել է օգտագործել ինչ-որ մեկին ինքնաթիռում խոցելու համար:

Ես էլ ասեմ, որ Սամվել Բաբայանն այն մարդը չէ, որ ինչ-որ մեկին խոցելու համար տասնյակ մարդկանց կյանք խլի: Դա ուղակի բացառում եմ: Մինչ Արցախի հերոսի ձերբակալվելը, մեկ շաբաթ առաջ վայրահաչոց սկսեց նրա անձի դեմ՝ «Սասնա ծռեր-2» է պատրաստում: Վայրահաչոցը սկսվեց այն բանի համար, թե ասել էր Ջրառատի դեպքերով համարժեք կլինի պատասխանը: Ես նման բանի հավատալ չեմ կարող:

-Այդ դեպքում, ըստ Ձեզ` ինչո՞ւ են նրան ձերբակալել: 

-Ապացույցներ չունենալու պարագայում նման քայլի են դիմում, որպեսզի դիմացինը դիմի փախուստի, և դրանով իսկ կողմնակի ապացույց ձեռք բերեն, որ եթե մեղավոր չլիներ, փախուստի չէր դիմի: Չեմ հավատում, որովհետև նման գործողության ժամանակ մինչև վերջ են հետամուտ լինում և վերջին պահին են վնասազերծում, որպեսզի ողջ օղակը պարզ դառնա: Իսկ «Իգլան» հենց այնպես ձեռք չեն բերում, դա կոնկրետ ինքնաթիռների խոցման համար է նախատեսված: Սա հերթական խաղն է, որն ուղղված է Սամվել Բաբայանին մեկուսացնելու համար, և այդ ձևը գտան:

-Այսինքն, ԱԱ՞Ծ-ն է թերացել:

-ԱԱԾ-ի, ոստիկանության գերագույն նպատակը հանցագործությունների բացահայտումը չէ: Հիմնական գործունեությունը օպերատիվ աշխատանքն է. դա հանցագործությունների «պրոֆիլակտիկան է»: Այսինքն՝ սահմանում այդ հանցագործությունն արդեն իսկ պետք է կանխվեր, եթե հետամուտ են եղել պարզելու ողջ օղակը, ապա շուտ են վերցրել:

Թիրախը եղել է Սամվել Բաբայանը: Նայե՛ք, Սերժ Սարգսյանի օրոք, ինչպիսի ամպագոռգոռ հայտարարություններ են եղել, և արդյունքում ի՞նչ է ստացվել: 135 անձի ձերբակալեցին, ի՞նչ պարզեցին ամիսներ, տարիներ պահելուց հետո, ո՛չ մի բան, ընդամենը ծածկադմփոց արեցին իրենց իսկ արած հանցագործությունը:  Ի՞նչ արեցին հետո՝ ամպագոռգոռ հայտարարություններ Նորքի ահաբեկչական խմբով: Պահում են ծանր հիվանդ մի մարդու՝ Վահան Շիրխանյանին: Նա հերթական զոհն է լինելու, ինչպես սպանեցին Հաց բերողին: Հերթը Վահան Շիրխանյանինն է լինելու, որովհետև համարձակվել է կասկածանքի տակ վերցնել Սերժ Սարգսյանի աթոռը: Սա կարող է ադրբեջանցիների հատուկ ծառայությունների կողմից լարած որոգայթն է, մեր պանծալի հերոսին ծուղակը գցելու համար:

-Ի վերջո, ինչու հենց Սամվել Բաբայանի՞ն փորձեցին մեկուսացնել: Նա այդքան վտանգավո՞ր է:

-Որովհետև համարձակություն էր ունեցել դիպչելու Սերժ Սարգսյանի աթոռին: Պաշտպանում էր ՕՐՕ-ին , որն ըննդիմություն է: Այս ամեն ինչը թիրախավորված է ՕՐՕ-ով:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս