Վրաստանը հերքել է Հայաստան ռազմական տեխնիկայի տարանցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկություններն այն մասին, որ Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ռազմական տեխնիկա է տեղափոխվում, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն, ասվում է Վրաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանի ՊՆ-ն նշում է, որ արդեն երկար տարիներ Վրաստանի տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխման հարցով իրենց չի դիմել ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը:

«Տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղևորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը: Այն քաղաքացիական և ոչ թե ռազմական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլտվություն է տալիս ռազմամթերքի տարանցման համար, սակայն այդ դեպքում նման թույլտվություն չի եղել»,- ասվում է Վրաստանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Վրաստանում «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նուգզար Ցիկլաուրին չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ Բոլնիսի շրջանում (Քվեմո Քարթլի տարածաշրջան) նկատվել են ռուսական համարներով մեքենաներ, որոնք բեռ էին տեղափոխում: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ դա եղել է «ԲՈՒԿ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիր: Ըստ նրա՝ բեռը Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխվում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:




Լրահոս