Ինչպես պատահեց, որ ԼՂՀ-ի պաշտպանության բանակի ղեկավարը փորձեց իր կողմնակիցների միջոցով հակաօդային զինատեսակը մաքսանենգ ճանապարհով անցկացնել սահմանակետով, երբ հայ-վրացական սահմանը չի պահպանվում այն խստությամբ, ինչպես հայ-թուրքական սահմանն է պահպանվում, և այդ սարքը և այլ սարքեր կարելի է հանգիստ անցկացնել` չգնալով մաքսանենգ ճանապարհով ՝ փաթաթելով ինչ-որ մի շինարարական տոպրակի մեջ:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը, ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով ՝ եթե ցանկություն լիներ այդ զենքի տեսակը օրինական ճանապարհով բերել Հայաստան, այլ ճանապարհներ ևս կգտնեին. «Ինչու կգտնեին, որովհետև Սամվել Բաբայանը ժամանակին անմիջականորեն իրազեկված է եղել, թե ինչպես է Հայաստանից նախապատերազմի տարիներին գաղտնի ձևով զենք տեղափոխվում ԼՂՀ»:
Քաղաքագետի համոզմամբ՝ անհրաժեշտության դեպքում նման զինատեսակ ոչ միայն Վրաստանի տարածքից կարելի էր բերել, այլև ԼՂՀ-ի:
Հարցին` իսկ ինչ նպատակով է փորձ կատարվել զինատեսակն անցկացնել ՀՀ սահման, Բադայլանը նկատեց. «Եթե ընդունենք մի բան, որ այդ զենքը օգտագործվելու էր ինքնաթիռի դեմ, հասկանալի է, թե ինչ ինքնաթիռի դեմ, որպեսզի ոչնչացնի ինքնաթիռում եղած գլխավոր ուղևորին, ապա կարելի է ոչնչացնել այլ ճանապարհներով: Սա էլ չի համապատասխանում իրականությանը, սա էլ է բազմաթիվ հարցեր առաջացնում: Եթե ինչ-որ նպատակ կա դրանով խափանել ՕՐՕ դաշինքի ընտրական գործունեությունը, ապա դա էլ չի հաջողվում: Որպես հետևանք կարող ենք ասել, որ ՕՐՕ դաշինքի վարկանիշը նկատելիորեն աճեց»:
Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց ձերբակալությունները շարունակական կարող են լինել, և հաջորդը հնարավոր է Սեյրան Օհանյանի ձերբակալությունը լինի` քաղաքագետը ասաց, որ ՀՀ իշխանությունների գործողությունները տրամաբանությանը չեն ենթարկվում, շատ վաղուց կտրված են հասարակությունից. «Բավականին մեծ աղմուկ են հանելու նման ձերբակալությունները, եթե այն բացասական անդրադարձավ և ընկալվեց Եվրամիության կողմից ՀՀ իշխանություններն ի՞նչ են անելու: Այսինքն ձերբակալելը դժվար չէ, բայց պետք է մտածել, որ հասարակության, դաշինքի կողմից կարող են լինել գործողություններ, բացի այդ դա կարող է խիստ բացասական ընկալվել արևմուտքում, և երրորդը չգիտես թե դա ինչպես կընկալվի զինված ուժերում: Գաղտնիք չէ, որ պաշտպանության նախկին նախարարն ունի կողմնակիցներ բանակում, իսկ ինչպե՞ս նրանք կարձագանքեն այդ գործողությանը. դրա′նք պետք է հաշվի առնել»:
Արփինե Թովմասյան