Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում սահմանեց քրեակատարողական հիմնարկներում Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեարկության մեկնարկը:
Արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը:
«Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում ընտրողների թիվը` ԿԸՀ-ին առաջարկվել է որոշման նախագիծ` հիմնարկներում քվեարկության մեկնարկը սահմանելու մասին, որը չպետք է լինի ժամը 09:00-ից շուտ: Քրեակատարողական հիմնարկները ընդհանուր առմամբ 12-ն են` «Երևան Կենտրոն»,«Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր», «Կոշ», «Վանաձոր», «Հրազդան», «Սևան», «Աբովյան», «Արթիկ», «Գորիս»,- ասաց նա:
Նրա խոսքով` առաջարկվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը սկսել ժամը 11:00-ից, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` 12:00-ին: Մնացած քրեակատարողական հիմնարկներում առաջարկվում է որպես քվեարկության սկիզբ սահմանել ժամը 14:00-ն: