Սամվել Բաբայանին ձերբակալել են գաղտնալսումների հիմքով. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին ու եւս երկու հոգու ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ Հայաստան բերելու առթիվ գործի շրջանակներում: Ըստ մեր տեղեկությունների՝ այս գործի համար հիմք են հանդիսացել հեռախոսային գաղտնալսումները: Չի բացառվում, որ այս գործի շրջանակներում լինեն նոր ձերբակալություններ եւս:

Բաբայանին երեկվա դրությամբ դեռ մեղադրանք չէր առաջադրվել, բայց չի բացառվում, որ դա արվի ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, եւ նա կալանավորվի: Նշենք նաեւ, որ Բաբայանն ԱԱԾ-ում հրաժարվել է որեւէ ցուցմունք տալուց, ավելին՝ փաստաբանի խոսքերով՝ նա ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց: Հավելենք, որ Վրաստանի ՊՆ-ն երեկ մի հայտարարություն տարածեց, որով բավականին անհարմար դրության մեջ դրեց Բաբայանի «գործը կարած» ԱԱԾ-ին: Ըստ Վրաստանի ՊՆ-ի. «Տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղեւորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս