Սամվել Բաբայանը զենք բերելու մոտիվացիա չուներ. Ստեփան Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ:

– Կխնդրեի գնահատել Սամվել Բաբայանի ձերբակալությունը. անակնկա՞լ էր դա Ձեզ համար, թե ոչ:

– Երբ մարդուն հանկարծակի գալիս, ասում են` չգիտեմ` ինչեր ես արել, իհարկե,  անակնկալ էր: Անակնկալ չի լինում ձերբակալությունը, երբ մարդ ինչ-որ բան է արած լինում: Այն ձեւակերպումները, որ ասում են` չգիտես ինչ-որ «Իգլա», խողովակ են ցույց տալիս, տրամաբանության մեջ չի տեղավորվում:

– Այսինքն` սարքա՞ծ է այս գործը:

– Մենք դա համարում ենք քաղաքական հետապնդում, որովհետեւ Սամվել Բաբայանը մեր համակիրն է, մեր ընկերն է, մեր գաղափարակիցն է, եւ ինքը իր ելույթներով, հարցազրույցներով օժանդակում է մեզ:

– Իսկ ինչ՞ւ հենց Բաբայանին ձերբակալեցին:

– Այդ հարցը ինձ չպետք է ուղղեք:

– Ձեր կարծիքով…

– Որովհետեւ ինքը ազդեցիկ է, Արցախի հերոս է, հաղթանակ տարած գեներալ է, մեծ ավանդ ունեցող է, եւ իր խոսքն ազդեցիկ է:

– Փորձե՞լ եք որպես պատգամավոր իշխանություններից մեկնաբանություն ստանալ այս գործի մասին:

– Չենք փորձել, որովհետեւ դեպքը երեկ է եղել, եւ դեռ պարզ չէր Բաբայանի կարգավիճակը: Հիմա հայտնի է կարգավիճակը, եւ առաջիկայում մենք կփորձենք դա անել:

– Այս քայլն ի՞նչ ազդեցություն կունենա:

– Ես կարծում եմ` հասարակությունը կտեսնի, որ Հայաստանում եթե փոփոխություններ չլինեն, այս վիճակը գնալով կխորանա: Սոցիալական կյանքում անդունդ ենք գլորվում, մարդու իրավունքների հարցով շատ վատ է:

Ինքներդ գիտեք իրավիճակը: Հուսով ենք` հասարակությունը կհասկանա այս ամենը: Իսկ մենք մեր քարոզարշավը շարունակելու ենք անել, ինչպես որ պլանավորել ենք:

– Բայց Դուք բացառո՞ւմ եք ինչ-որ զենք բերելու տարբերակը, բացառո՞ւմ եք անօրինական որեւէ գործի մեջ մտնելը:

– Բայց Սամվել Բաբայանն ինչո՞ւ պետք է զենք բերեր, զենքը բերելու իմաստը ո՞րն էր, ընդ որում` այնպիսի զինատեսակ, որը չգիտես` ինչի համար է: Ինչո՞ւ պիտի բերեր: Չկա մոտիվացիա` դա անելու: Չկա իմաստը, ինչո՞ւ պիտի նման բան աներ:

– Փորձում են ձեր դաշինքին կապել ինչ-որ պատմությունների հետ. Սեյրան Օհանյանի անունը նախորդ տարի ձերբակալված զինված խմբի հետ, հիմա Բաբայանի անունը… Գիտեք` մամուլում եղան նման հրապարակումներ:

– Ես դա անվանում եմ մատից ծծած ինֆորմացիաներ` ուղղորդված տեղեկատվական արշավ:

ԶՐՈՒՑԵՑ ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ




Լրահոս