Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին ներկայացրել է «ԷՄ ՓԻ Ջի» ՍՊԸ-ի կողմից իրականացված սինդիկատիվ հետազոտությունը, որի նպատակն էր պարզել ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցուցանիշը քարոզարշավի 15 օրերից հետո:
Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից 19-ին Հայաստանի ամբողջ տարածքում։ Հետազոտությանը մասնակցել է 1145 մարդ։ «Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 29.4%-ը պատասխանել է` ՀՀԿ, 28,2%-ը` «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք` 6.1%, ՀՅԴ` 4.8%, «Ազատ դեմոկրատներ»` 4.4%, ՀՎԿ` 3.4%, «Կոնգրես և ՀԺԿ» դաշինք` 2.9%, ՕՐՕ դաշինք` 2.5%, Կոմունիստական կուսակցություն` 1.2%: Հարցվածների 9.5 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ դժվարացել է պատասխանել 7.6 տոկոսը: Միաժամանակ, Նավասարդյանը նշել է, որ ռեյտինգային թեկնածուներն ազդելու են այս արդյունքների վրա, մասնավորապես` «Ելք» դաշինքի, ՀՅԴ-ի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության, ՀՎԿ-ի ցուցանիշը կարող է փոխվել և ավելի բարձրանալ:
Արման Նավասարդյանը նշել է, թե հարցման արդյունքներից պարզվել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է պահպանել ամենաբարձր դրական վարկանիշը որպես քաղաքական գործիչ, և նրա իմիջը սկսել է ազդել նաև կուսակցության վարկանիշի վրա։ Նրա խոսքով, հարցված ՀՀ քաղաքացիների 82,8 %-ն ընտրություններից հետո ցանկանում է կրկին վարչապետ տեսնել Կարեն Կարապետյանին: Հարցվածների 34,8%-ը «միանշանակ այո» պատասխանն է տվել հարցին՝ «կցանկանա՞, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի լինել վարչապետ»: «48%-ը պատասխանել է «ավելի շուտ այո», «ավելի շուտ ոչ» պատասխանել է 6,9%-ը, «միանշանակ ոչ»՝ 4,8%-ը: