ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական ռազմատեխնիկայի տեղափոխումը «ֆանտաստիկ պատմություն» է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի սադրիչ հայտարարությունները առիթ են, որպեսզի ժնևյան հարթակում խզվի երկխոսությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:

«Վերջին օրերին Թբիլիսիի գործողություններում սադրիչ հայտարարությունների իրական «հրավառություն» է նկատվում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի 34-րդ նստաշրջանում Վրաստանը քաղաքականացված բանաձևեր ընդունեց Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի դեմ: Իսկ վրացի պաշտոնական անձինք նորանոր բողոքներ են արտահայտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քարոզչական աղմուկի պատճառ են դարձել և՛ Վրաստանի հետ սահմանին իր անցակետերի թիվն օպտիմալացնելու՝ Աբխազիայի որոշումը, և՛ երկկողմ համաձայնագիրը, որը Հարավային Օսիայի քաղաքացիներին թույլ է տալիս ռուսական բանակում ծառայել անհատական պայմանագրերով, և՛ այն ֆանտաստիկ պատմությունը՝ կապված Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական ռազմական շարասյան տեղափոխման հետ:

«Կասկած չկա, որ այդ քաղաքական շոուն ուղղված էր մարտի 28-29-ը Ժնևի բանավեճերի հերթական փուլին: Հավանաբար, Թբիլիսին պատրաստվում է շարունակել նենգ երկխոսությունը Ժնևի հարթակում: Ահա այդպես էլ ձևավորվում է համապատասխան առճակատային-հիստերիկ մթնոլորտը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական Վրաստանը հերքել էր Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ռազմատեխնիկայի տեղափոխման մասին տեղեկությունները:




Լրահոս