«Փաստ» օրաթերթը զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ.
ԱՀՀ–ի ղեկավարությունը նամակ է հղել ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ֆինանսական և այլ միջոցներով ազդել ԱՄՆ–ի ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանրապես քաղաքականության վրա: Խնդրում եմ` մանրամասնել, ինչի մասին է խոսքը և ինչ փաստեր են բացահայտվել:
Որևէ երկիր, որը փորձում է փողով կամ նվերներով ազդեցություն բանեցնել որևէ քաղաքական գործչի, հատկապես կոնգրեսականի կամ սենատորի վրա, կատարում է ոչ միայն սխալ, այլև անօրինական քայլ: Կոնգրեսում ու Սենատում գործում են էթիկայի հանձնաժողովներ, որոնք զբաղվում են նման հարցերով: Բացի այդ, օրենքի համաձայն` նվեր ստացված իրը չպետք է գերազանցի որոշակի «x» գումար: Եթե գերազանցեց այն, պետք է հետ վերադարձվի կամ ստացողը պետք է այդ մասին հայտնի համապատասխան ատյաններին, ինչին արդեն հետևում են օրենքով սահմանված կոնկրետ քայլեր:
Ադրբեջանը սովորություն է դարձրել մարդկանց փողով կամ նվերներով «առնելը»: Աստիճանաբար տարբեր փաստեր են բացահայտվում: Օրինակ, անցած տարի մի խումբ կոնգրեսականներ, սենատորներ, նրանց աշխատակազմերից մարդիկ հրավիրվել են Ադրբեջան` մասնակցելու կոնկրետ միջոցառման, ապա ստացել են թանկարժեք նվերներ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույնը: Երբ դա բացահայտվեց, Կոնգրեսը հետազոտություն անցկացրեց: Էթիկայի հանձնաժողովը նրանց ստիպեց վերադարձնել այդ նվերները: Սա շատ կարևոր փաստ է նաև այն առումով, հիմա այդ քաղաքական գործիչները հասկանում են, որ Ադրբեջանի պատճառով իրենց համբավը տուժում է:
Վերջերս բացահայտվել է, որ Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարար, միլիարդատեր Զիա Մամադովի որդին` Անար Մամադովը Վաշինգտոնում հիմնել է «Azerbaijan America Alliance» ընկերությունը, որի նպատակն է «աջակցել Ամերիկայի և Ադրբեջանի երկարատև գործընկերությանը»: Այդ նպատակով նա կազմակերպել է տարբեր ընթրիքներ, միջոցառումներ, և միայն 2011–15 թթ. ծախսել 12 մլն դոլար:
Մեր նամակում մենք անդրադարձել ենք այս և այլ դեպքերի և փորձել ենք փաստել, որ նման միջոցներով Ադրբեջանը փորձում է ազդել ԱՄՆ–ի քաղաքականության վրա:
Նախկինում ԱՄՆ–ի Արդարադատության նախարարությունը Ադրբեջանի դեմ որոշ գործեր է առաջադրել Արտաքին կոռուպցիոն դրսևորումների ակտի (FCPA) միջոցով: Այսինքն, քրեական գործե՞ր են հարուցվել: Ինչի՞ մասին է խոսքը:
Որքան գիտեմ` այո, բայց չգիտեմ, թե հիմա դրանք ինչ փուլում են: Այդ ամենը երկարատև գործընթաց է: Բայց կարևորն այն է, որ մենք ուշադրություն ենք հրավիրում և հիշեցնում ենք, որ նման բաներ եղել են և շարունակում են լինել: Թերթերն էլ սկսում են ավելի շատ գրել այդ մասին, որպեսզի մարդիկ, նաև քաղաքական գործիչները հասկանան, որ այս ամենն ընդունելի չէ, և ԱՄՆ–ն թույլ չի տա նման բաներ:
Այս տարվա սկզբին Bloobberg News–ը հոդված էր տպագրել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանն ամսական 45000 դոլար է փոխանցում Podesta Group–ին, որը ադրբեջանամետ քարոզչություն է իրականացրել: Սա ի՞նչ կազմակերպություն է և կոնկրետ ի՞նչ ծրագրեր է իրականացրել:
Դա լոբբիստական կազմակերպություն է, որը փորձել է ցանկացած ձևով Ադրբեջանին լավ լույսի ներքո ներկայացնել: Հաճախ նման կազմակերպությունները որպես խորհրդական վճարի դիմաց աշխատանքի են հրավիրում, ասենք, թոշակի անցած կոնգրեսականների կամ քաղաքական գործիչների և օգտվում նրանց կապերից ու ազդեցությունից: Podesta–ն էլ է նույնը արել: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Podesta Group–ի պայմանագիրը երկարացվել է:
Իսկ ադրբեջանական լոբբին այսօր ԱՄՆ–ում ուժե՞ղ դիրքեր ունի:
Նրանք փորձում են հզորանալ: Ու այդ ճանապարհին մեր փորձն են ընդօրինակում: Հետևելով մեր օրինակին` վերջերս Կոնգրեսում ստեղծվել են ադրբեջանական, նաև թուրքական հանձնախմբեր: Այս կապակցությամբ մենք հետևյալ մարտավարությունն ենք որդեգրել: Այն կոնգրեսականներին, ովքեր անդամակցում են ադրբեջանական կամ թուրքական հանձնախմբերին, նամակներ ենք ուղարկում, տեղեկացնում ենք, որ գուցե Ադրբեջանը ձեզ լավ երկիր է թվում, բայց դուք գիտե՞ք արդյոք, որ այսինչ բաներն անում են, ու դա նրանց համար նորմալ է: Ոչ միայն նվեր կամ փող են տալիս, այլ պատերազմում են Արցախի ժողովրդի դեմ: Կամ տեղեկացնում ենք, թե Ադրբեջանի զինված ուժերն ինչպես են վերաբերվում հայ խաղաղ բնակիչների նկատմամբ, կամ մահացած հայ մարդկանց դիակներն ինչպես են խոշտանգում: Ու հարցադրում ենք անում` դուք ցանկանո՞ւմ եք նման մարդկանց հետ լինել և ձեր անունը կապել նրանց հետ:
Բայց պետք է նշեմ, որ ադրբեջանական լոբբին մեկ առավելություն ունի` այդ երկիրը շատ փող ունի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: