«ՕՐՕ»–ն պահանջում է հրապարակել Սամվել Բաբայանի ձայնագրությունը. ԱԱԾ–ն «հիմա մամուլին փոխանցելու բան չունի». «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր կլրանա Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի ձերբակալության 72 ժամը: Բաբայանին ճաղերի ետևում պահելու համար ԱԱԾ–ն պետք է նրան մեղադրանք ներկայացնի ու դիմի դատարան՝ կալանքի որոշում ստանալու համար: Մինչ այդ, սակայն, Վրաստանի ՊՆ–ն հայտարարություն տարածեց՝ հերքելով իր տարածքով Հայաստան զենք բերելու փաստը:

Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ «տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղևորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը»: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը այս առթիվ «Փաստի» դիտարկմանը, թե վրացական կողմի հերքմամբ ի չիք է դառնում «Իգլա» բերելու ԱԱԾ վարկածը, ասաց. «Իրենք հերքել են, հիմա պարզաբանում է տրվում, որ համատեղ աշխատանքներ են տարվում, պարզելու՝ թե ինչպես է ենթադրաբար անցկացվել դա»: Նշենք, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով բերելու համար ԱԱԾ–ն ձերբակալել է 3 անձի՝ այդ թվում՝ «ՕՐՕ» դաշինքի համակիր, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 235–րդ հատվածի 2–րդ մասի և 235.1–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով, որով ձերբակալվածներին կարող է սպառնալ 2–7 տարվա ազատազրկում:

Մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ–ն ձայնագրություններ ունի, որոնց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում 2 անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի և կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ: «Փաստի» հարցին, թե ԱԱԾ–ն պատրաստվում է հրապարակել այդ ձայնագրությունները, եթե դրանք կան, ԱԱԾ խոսնակն այսպես պատասխանեց. «Հիմա ես մամուլին փոխանցելու ոչ մի բան չունեմ»: Մեր մյուս հարցին, թե գործով այլ հարցաքննվողներ եղել են, ասաց. «Առայժմ ոչ մի բան չեմ կարող ասել, մամուլին փոխանցելու ոչ մի տեղեկատվություն չունեմ, սպասեք մեր հայտարարություններին»:

Իսկ «ՕՐՕ» դաշինքում Սամվել Բաբայանի ձերբակալությունը շարունակում են անտրամաբանական համարել և հերքել նրա ու դաշինքի հնարավոր ցանկացած առնչություն այդ գործի հետ: «ՕՐՕ» դաշինքի անդամ, «Համախմբման» ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե «Իգլա» բերելու առթիվ Սամվել Բաբայանի զրույցի ձայնագրություն կա, ասաց. «Եթե ասում են՝ ձայնագրություն կա, թող հրապարակեն: Սամվել Բաբայանը հայտարարել է, որ ինքը չի ընդունում մեղադրանքը, և ես վստահ եմ, էնտեղ լուրջ տրամաբանական բան չկա, ինքը չէր կարող այդ բանի հետ կապ ունենալ, որովհետև ինքը երեխա չի, և վստահաբար նման անհեթեթ ու ավանտյուրիստական բաների մեջ չէր մտնի: Մոտիվացիա չկա, որ ի՞նչ աներ»: «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչն ասում է, որ ԱԱԾ–ն բանուգործը թողել, իրենց է հետևում, իրենց քարոզարշավներն է տեսագրում, հեռախոսազրույցներն է լսում:

«Վստահաբար լսում են բոլոր հեռախոսները ու հետևում են դաշինքին: Ազգային անվտանգությունն այսօր երևի ավելի շատ մեր դաշինքին է հետևում, քան թե այլ բանով զբաղվում: Դա շատ վատ բան է, հատկապես` նախընտրական շրջանում: Հեռախոսներ լսելը Հայաստանում արդեն վաղուց հիվանդություն է: Անօրինական անընդհատ լսելը հեռախոսները, ես կարծում եմ, որ մի օր պետք է վերջ տրվի դրան»,– ասաց Մարգարյանը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը «Փաստի» հարցին, թե «ՕՐՕ»–ի ներկայացուցչի հայտարարությունը նշանակում է, որ ԱԱԾ–ն այսօր ընտրական գործընթացներով է զբաղվում և իշխանության մրցակիցների դեմ է աշխատում, նման պատասխան տվեց. «Ես որևէ մեկնաբանություն չունեմ այդ առթիվ»:

Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով հետաքրքրված են միջազգային կառույցները: Նախօրեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն այցելել են «ՕՐՕ»–ի շտաբ և հետաքրքրվել Սամվել Բաբայանի ձերբակալության դեպքի մանրամասներով ու նախընտրական իրավիճակով: «Դա, թերևս, իրենց մոնիթորինգի շրջանակում է, զեկույց են կազմելու: Միջազգային կառույցները հետաքրքրված են, բնականաբար մենք որոշակի քայլեր կանենք, կհայտարարենք՝ ինչ ենք անելու»,–ասաց Ստեփան Մարգարյանը:

Դաշինքի այլ անդամների հանդեպ ԱԱԾ–ն դեռ հետաքրքրություն չի ցուցաբերել: Հարցին, թե առանց Սամվել Բաբայանի դաշինքն ավելի կանխատեսելի կդառնա իշխանության համար, Ստեփան Մարգարյանն ասաց. «Դաշինքը կանխատեսելի է բոլորի համար, որովհետև մենք թաքուն բաներ չենք անում երբեք: Մենք անում ենք այն, ինչը հայտարարում ենք և անում ենք բացահայտ: Ունենք մեր ծրագիրը, որը բաց է քարոզարշավի հետ կապված, գնում են այդ ծրագրով, այս դեպքից հետո բացարձակ շեղում չի լինելու այդ ծրագրից: Մենք մեր քայլերն անում ենք, գնում ենք դեպի ընտրություններ»:

Ըստ Մարգարյանի՝ Բաբայանին իշխանությունը ձերբակալել է նրա հայտարարությունների համար, և դա վստահաբար քաղաքական հետապնդում է. «Սա հարված է հանրությանը, երկրին, երկրի վարկին, կարծում եմ շատ վատ բան են արել երկրի համար ընդհանրապես: Շատ կարևոր է, որ նույնիսկ Վրաստանը չի հաստատում, որ դա կարող է իրենց մոտից է անցել: Կարող է վերջում պարզվի, որ Վրաստանից չի էլ բերվել, և ի սկզբանե այստեղ է եղել դա:

Այնպես որ, որևէ մոտիվացիա, որևէ տրամաբանություն չկա, որ Սամվել Բաբայանը կարող էր գործ ունենար էդ «Իգլայի» հետ: Այսինքն՝ սա չունի որևէ տրամաբանական, քաղաքական հենք:

Սա քաղաքական հետապնդման դրսևորում է, քանի որ ինքը միշտ հարցազրույցներով աջակցում էր մեզ»: Նշենք, որ Սամվել Բաբայանն ԱԱԾ–ում հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց, և որ ինքը որևէ կապ չունի «Իգլա» հրթիռը Հայաստան տեղափոխելու պատվերի հետ:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս