ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ՝ ՕՂԱ՞Կ ԵՔ, ԹԵ՞ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միանգամայն իրարամերժ հայտարարություններ են արել:
Մարտի 11-ին Վիգեն Սարգսյանը «Վալդայ» ակումբի՝ Երեւանում կայացած նիստում ելույթի ժամանակ հայտարարել է. «Հայաստանը կարող է կապող օղակ լինել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ»: Իսկ ահա Սերժ Սարգսյանը մարտի 13-ին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում նույն թեմայով խոսելիս ասել է. «Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արեւմուտքի եւ ՌԴ միջեւ, չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ՝ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արեւմուտքի եւ ՌԴ միջեւ»:
Նկատենք, որ երկրի առանցքային պաշտոնյաների կողմից կարեւորագույն խնդիրների վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները, թերեւս, իշխանության ներսում տիրող իրավիճակի լավագույն վկայությունն են. ամենակարեւոր հարցերի շուրջ նրանց միջեւ չկա միասնական դիրքորոշում: Ընդ որում, միասնական դիրքորոշում չկա հենց անվտանգության բաղադրիչի վերաբերյալ հարցում: Թե այսքանից հետո ՀՀԿ-ն ինչպե՞ս է ներկայանում «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով, առնվազն տարօրինակ է:

 

 
Երկար տարիներ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ աշխատած Սամվել Սանամյանը, որ այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է, նաեւ ՀՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, ընդլայնում է իր բիզնեսները: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հիմա էլ Սանամյանը մտադիր է Ղազախստանում պանրի գործարան հիմնել: Մեզ հետ զրույցում, ինչպես եւ սպասում էինք, Սանամյանը հերքել է այս լուրերը՝ ասելով. «Ես ինչ ունեմ, ստեղա՝ թոռներով, կնոջով: Ոչ մի բան դրսում չունեմ»: Նկատենք, որ իր գիտակից կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Սանամյանը բավականին պատկառելի հարստություն է կուտակել՝ տներ, բնակարաններ, հողամասեր: Նա լինելով մաքսային պաշտոնյա՝ հայտարարագրել է 11 մլն դրամանոց ժամացույց, 320 հազար դոլար եւ 70 մլն դրամ դրամական միջոց: Սա Սանամյանի հայտարարագրած ունեցվածքն է, իսկ թե Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը որքա՞ն ունեցվածք ունի իրականում չհայտարարագրված, մնում է միայն կռահել:

 

 

 
«ՎՏԲ Հայաստան բանկ»-ը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչ Հակոբ Սաֆարյանը դեռ նախորդ տարի համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկից 28 միլիոն դրամ է հափշտակել: Նույն մասնաճյուղի աշխատակիցներից Լեւոն Մհերյանն էլ փորձել է հափշտակել 5 միլիոն 355 հազար դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Նրանց նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել, որն արդեն ուղարկվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ քննության: Սաֆարյանի եւ Մհերյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Իսկ մինչ այդ նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ բանկի կառավարիչը մեծ գումար է հափշտակում. նախկինում եւս նման դեպքեր են գրանցվել, ու մեղավորները հայտնաբերվել են:

 

 

 
ՌԴ-ի ու ԵՄ-ի միջեւ ավելի քան չորս տարի տեւած «գազային հակամարտությունն» ըստ էության ավարտվել է «Գազպրոմի» պարտությամբ: Եվրահանձնաժողովի կողմից տուգանքներ կիրառելու սպառնալիքի տակ «Գազպրոմ»-ը վերջապես համաձայնել է ներկայացված բոլոր պահանջներին: Մասնավորապես ռուսական ընկերությունը համաձայնել է վերանայել Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթյան հանրապետություններին մատակարարվող գազի սակագնային քաղաքականությունն ու նվազեցնել երկնագույն վառելիքի գինը: Միաժամանակ «Գազպրոմ»-ը համաձայնել է հանել Եվրոպական այդ երկրների համար սահմանված բոլոր ուղղակի եւ անուղղակի սահմանափակումները. արդյունքում՝ այսուհետ ողջ Եվրոպային գազը մատակարարվելու է միասնական սակագնով: Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ եթե «Գազպրոմ»-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա պաշտոնական Բրյուսելն առանց հետաքննություն սկսելու իրավունք կունենա նրանց տուգանել ստացված շահույթի 10 տոկոսի չափով:

 

 

 
ԱՆԱՐՁԱԳԱՆՔ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել. «Առեւտրի հետագա ընդլայնման եւ դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»,-ասել է ՌԴ նախագահը:
Թե ինչ է սա նշանակում, ինչ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների առեւտրային հարաբերությունների վրա, արդյոք խոսքը միայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով փոխհաշվարկների մասին է, թե դա վերաբերելու է նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների փոխհաշվարկներին, առայժմ պարզ չէ:
Ինչպես հայտնի է՝ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ-ի ստեղծման օրվանից ի վեր մի քանի անգամ խոսել է մեկ միասնական արժույթի անցնելու անհրաժեշտության մասին: Անգամ ներկայացվել են տարբեր տարբերակներ՝ սկսած ռուբլու գոտուն անցում կատարելուց, ավարտած «տենգեի» միասնական կիրառումից: Այդ բոլոր առաջարկությունները, սակայն, մնացել են հայտարարությունների մակարդակում. ԵՏՄ ֆինանսական պատասխանատուները հայտարարել են, որ անգամ մեծ ցանկության դեպքում դա առայժմ հնարավոր չէ, եւ նման գործընթացի իրականացման համար ԵՏՄ-ի անդամ երկրները դեռ պետք է ինտեգրացիոն երկար ճանապարհ անցնեն:
Եվ ահա այս պարագայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով փոխհաշվարկների անցումը կարող է հիմք հանդիսանալ հետագայում մեկ միասնական արժութային գոտու ներդրման համար: Իրականում սա լրջագույն մարտահրավեր կլինի Հայաստանի համար, թեեւ հնարավոր է՝ ունենա նաեւ իր դրական հետեւանքները: Սակայն ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ կարեւորագույն հարցերի շուրջ հայկական փորձագիտական եւ, ինչու ոչ, քաղաքական տիրույթում քննարկումներն իսպառ բացակայում են:
Եվ մինչ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քարոզչական այս փուլում զբաղված են ամբոխահաճո հայտարարություններ անելով՝ գազի սակագինը 25 տոկոսով նվազեցնելու, Հայաստան-Իրան նոր գազատար կառուցելու եւ այլ անիրականանալի ծրագրերի շուրջ, մեզ հրամցվում են նոր ծրագրեր եւ մեխանիզմներ, որոնց իրագործումը հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության՝ էլ ավելի թուլացման:
Հիմա հետաքրքիր է՝ վաղը, մյուս օրը արդյո՞ք ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը՝ իրենց «վունդերկինդ» տնտեսագետներով կարձագանքեն Պուտինի հնչեցրած այս առաջարկին եւ արդյոք հանրությանը կիրազեկեն, թե դա ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: Թե, ինչպես միշտ, նրանց գերակշիռ մասը կնախընտրի Ռուսաստանի, առավել եւս՝ Վլադիմիր Պուտինի մասին միայն լավը կամ ոչինչ սկզբունքով շրջանցել նաեւ այս հարցը՝ մնալով «անշառ» տնտեսական հարցերի ռեպերտուարի շրջանակներում:




Լրահոս