ԵԹԵ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԵՆՔ ԵՂԵԼ, ՁԵՌՔՆԵՐՍ ԾԱԼԱԾ ՊԵՏՔ Է ՆՍՏԵԻ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը, ով այժմ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն է, Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել:

Իր ողջ գիտակից կյանքում բարձր պաշտոններ զբաղեցրած Սանամյանը բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել: Նա հայտարարագրել է, որ Ծաղկաձորում ունի մեկ բնակարան, ավտոտնակ, Հրազդանում՝ 1 հա հողամաս, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 0.2 հա հողամաս: Բացի այս՝ Սանամյանը Երեւանում առանձնատուն ունի եւ 2012 թվականի արտադրության «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենա: Սանամյանի միակ թանկարժեք գույքը 11 մլն դրամանոց «Frank Muller» ժամացույցն է: Նա որպես եկամուտ հայտարարագրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացած աշխատավարձը՝ 8 մլն 61 հազար դրամ: Այսինքն՝ նա ՊԵԿ-ում ամսական ստացել է 671 հազար դրամ աշխատավարձ: Ռեյտինգային թեկնածուն նաեւ հայտարարագրել է, որ ունի 70 մլն դրամ եւ 320 հազար դոլար դրամական միջոց: Սրանք պաշտոնապես: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ Սանամյանը նաեւ Ղազախստանում պանրի արտադրությամբ է զբաղվում: Որտեղի՞ց Սանամյանին այդ արտադրամասը, եւ ինչպես է նա կարողացել պետական պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ՝ այդքան կարողություն կուտակել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Սանամյանի հետ:
-Պարո՛ն Սանամյան, Դուք հայտարարել եք, որ պատգամավորները կտրված են իրենց ընտրողներից, նրանց առաջ քաշած շատ հարցեր մնացել են օդում: Խոսքը կոնկրետ ո՞ր պատգամավորի մասին է:
-Կոնկրետ պատգամավորի մասին չէ: Ընդհանրապես պատգամավորը պետքա ժողովրդի մեջ լինի, ոչ թե ժողովրդից կտրված: Կոնկրետ ոչ մեկին նկատի չունեմ, բայց նկատի ունեմ, որ մարդիկ պատգամավոր են դառնում, որ գնան, ԱԺ-ում նստեն, աշխատավարձ ստանան, քնեն ընդեղ, վեր կենան, գան, բայց ժողովրդի հոգսով պետքա ապրեն, ժողովրդի մեջ պետքա մտնեն: Հրազդանում ես չեմ տեսել պատգամավոր, որ ունենա գրասենյակ, պատգամավորն էլ օր ունենա, որ գա, ժողովրդի հետ խոսի, նրանց հարցերին պատասխանի: Մի հասկացողություն պետք է լինի՝ պատգամավոր, քաղաքապետ, մարզպետ, սխա՞լ բան եմ ասում:
-Իսկ ու՞մ եք Ձեր ընտրատարածքում թիրախավորել, ու՞մ եք Ձեզ մրցակից համարում:
-Ես մրցակից ոչ մեկին չեմ տեսնում, ես ընդամենը կողմնակից եմ նորմալ պայքարի, քարոզարշավի, բոլորն էլ մրցակից են, ով որ կարա, թող նորմալ պայքարի, ձայներ հավաքի:
-Իսկ ՀՀԿ-ից մյուս առաջադրվածներին մրցակից համարո՞ւմ եք:
-Ինչպե՞ս: Ես Հայաստանի հանրապետական կուսակցությունից եմ առաջադրված, խի պիտի իրանց մրցակից ընկալեմ:
-Բայց Ձեր թիմակիցներից շատերը չեն հասկանում մեկը մյուսին եւ իրար են ծեծում այլ ընտրատարածքներում:
-Ես ուշադիր լսելու ունակություն ունեմ եւ բոլորին հասկանում եմ:
-Դուք հայտարարել եք, որ դեմ եք ընտրակաշառքին, բայց մամուլը գրել է, որ 2016 թվականի ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Դուք Արամ Դանիելյանին սատարելու համար ընտրակաշառք եք բաժանել:
-Ուրեմն, ես կողմ եմ, որ էն ընտրակաշառքը, որ բաժանվումա, այդ գումարն ամբողջությամբ դրվի, եւ քաղաքում ինչ-որ մի բան ստեղծվի, ոչ թե փոշիացնեն էդ գումարը: Տենց փաստ չկա, որ մեկին ընտրակաշառք են տվել, ինչ-որ մեկն էլ չի եկել, հայտարարություն տվել, որ ասի, ես էլ իմանամ՝ տվել են, թե չեն տվել, ընդամենը ձեր մամուլից գիտեմ, որ ընտրակաշառք են բաժանել:
-Պարո՛ն Սանամյան, Դուք մեծ ունեցվածքի տեր եք, պետական տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած անձը ինչպե՞ս է կարողացել կուտակել այդ ունեցվածքը:
-Ուրեմն, ասեմ, նախ առաջին հերթին՝ մինչեւ ինձ հայրս աշխատել է 45 տարի եւ բարձր աշխատավարձով, ե՛ւ հայրս, ե՛ւ մայրս: Երկրորդը՝ ես նույնպես բավականին երիտասարդ հասակից սկսել եմ աշխատել, ես ունեցել եմ գործարան Հրազդանում, այսինքն՝ 23 տարեկանում ես ունեցել եմ գործարան եւ արտադրություն եմ ծավալել: Երբ մարդիկ սապոկ ու կոշիկ էին առնում, տանում Ռուսաստան, ես արտադրություն էի ծավալում, շատ մեծահարուստներ կերազեին՝ այն ժամանակ այդպիսի գործարան ունենային եւ արտադրություն ծավալեին: Եթե պետական պաշտոնի ենք նշանակված եղել, նշանակում է՝ ձեռքներս պետք է ծալած նստեի՞նք: Բնականաբար երեխաներս մեծացել են, աշխատել են, օգնել են, հիմա էլ աշխատում են:
-Դուք ունեք բիզնեսներ, որոնք Ձեր անունով չեն, բայց Ձերն են:
-Ես բիզնեսներ չունեմ հիմա, բիզնես գործունեություն չեմ ծավալում, բնականաբար ինչ ունենք, ժամանակին ստեղծել ենք, հիմա իմ զավակներն են, էլի աշխատում են, իրանց աշխատանքով, քրտինքով ստեղծեն, եթե մի բան էլ ավել է, կարելիա կուտակել, օգնել ինչ-որ մեկին: Եթե ինչ-որ մեկը կասի՝ սա Սանամյանի բիզնեսն է, ես դա նվիրում եմ Ձեզ:
-Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք պատրաստվում եք Ղազախստանում պանրի արտադրությամբ զբաղվել: Այդ արտադրամասը ինչպե՞ս եք ձեռք բերել:
-Ղազախստանում պանրի գործարա՞ն եմ բացել: Ուրեմն նվիրում եմ քեզ: Իհարկե, չկա: Կարողա՞ մեկ էլ ասեք՝ լուսնի վրա եսիմ ինչ ունես: Ես ինչ ունեմ, ստեղա՝ թոռներով, կնոջով: Ոչ մի բան դրսում չունեմ, ինչ ունեմ, ստեղա:

 

 

 
«ԺԵԼԵԶՆԻ ԼԵԴԻ»-Ն ԱԶԴԱՐԱՐԵՑ` ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ»

«Դեպի Արարատ» կարգախոսով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսուհետ իր թիմակիցների հետ ձգտելու է կերտել «Երկիր ծիրանի»: Երեկ Երեւանի «Անի պլազա» հյուրանոցում Փոստանջյանն իր համակիրների հետ ազդարարեց նոր կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծիրանի»:

Հատուկ Կապանից բերված խորհրդանշական ծաղկած ծիրանենու ճյուղերի եւ Հայաստանի, Արցախի եւ Արեւմտյան Հայաստանի դրոշների ներքո «Երկիր ծիրան»-ին իր համախոհներին ներկայացրեց կուսակցության հռչակագիրն ու ծրագիրը: Կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Կարապետ Աղաջանյանի խոսքով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության ստեղծման գաղափարը եւ ցանկությունն առաջացել է ստեղծված քաղաքական ճգնաժամից ելնելով:
Կուսակցության ծրագրի եւ հռչակագրի ներկայացման օրը պատահական չէր ընտրված: Հարյուր տարի առաջ այդ օրը Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց 1915 թ.-ի ջարդերի կազմակերպիչ Թալեաթ փաշային. «Մեզանում այս քառորդ դար տեւած պատմության մեջ մենք չկարողացանք անդրադարձ կատարել այդ պատգամին, անդրադարձ կատարել պատիժներին եւ պատժել մեղավորներին: Մեր նախաձեռնող խումբը այն մտահոգ քաղաքացիներն են՝ Հայաստանի եւ ՀՀ-ից դուրս բնակվող, ովքեր հասկանում են, որ եթե մենք ցանկանում ենք մեր պետության մեջ հաստատել արդարություն, ապա մենք դրան պիտի հասնենք մեր քաղաքական իրավունքների լիարժեք իրացմամբ»,- իր խոսքում նշեց կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:
Միջոցառմանը ներկա էին նաեւ «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը, «Հիմնադիր խորհրդարան» շարժման եւ «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ եկել է իր համերաշխությունը հայտնելու Զարուհի Փոստանջյանին.«Վստահ եմ, որ մենք համագործակցելու շատ առիթներ կունենանք»,-ասաց Ենիգոմշյանը:
Միջոցառման վերջում լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենց են միացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ, բայց թե ովքեր, Փոստանջյանը չբարձրաձայնեց, նաեւ չբացառեց որեւէ ուժի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ իրենց ծրագիրը հասանելի է լինելու, եւ իրենք պատրաստ են համագործակցել նրանց հետ, ովքեր կընդունեն իրենց ծրագիրը:
Նշենք, որ միջոցառման ավարտին նորաթուխ «Երկիր ծիրանի»-ի համակիրներից մեկը հայտարարեց. «Զարուհի Փոստանջյա՛ն, Դուք հայ իրականության «Ժելեզնի լեդի»-ն եք»:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՉԻ ԽԱԽՏԵԼ
ԿԸՀ-ն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արմավիրի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակի պատգամավորներից Առաքել Մովսիսյանին մեղադրել է ՀՀ ընտրական օրենսգիրքը խախտելու մեջ: Բանն այն է, որ Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր փողոցն ասֆալտապատել: ԿԸՀ-ն էլ երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Մովսիսյանը թույլ է տվել ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում՝ նախընտրական քարոզչության ժամանակ խոստանալով մատուցել ծառայություններ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Առաքել Մովսիսյանը հայտարարեց, թե ինքը որեւէ խախտում չի արել: «Ասել եմ՝ ինձ հավատացե՛ք, կանեմ ընտրություններից հետո, ես խախտում թույլ չեմ տվել, չգիտեմ, խախտում են համարում, թե ոչ, վատ բան չեմ ասել: Եթե խախտում է, հո կախաղան չե՞ն հանելու, ու ձեզանից եմ իմանում՝ խախտում է, ընտրական օրենսգիրքը կվերցնեմ, կկարդամ ու նոր կհամոզվեմ՝ խախտում է, թե ոչ: Հետո, հո ջեբս դրած չի՞ ասֆալտը, որ անեմ, ասել եմ՝ ընտրություններից հետո կանեմ»,- արդարացավ Շմայսը:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆ
Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամների եւ համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի ու նրա կողմնակիցների միջեւ բախումների վերաբերյալ քննչական կոմիտեում դեռեւս նյութեր են նախապատրաստվում: Ընդ որում, սրանով զբաղվում է ոչ թե ՔԿ Վաղարշապատի, այլ Երեւան քաղաքի քննչական բաժինը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միջադեպին մարտի 14-ին հաջորդած բախումների ու կրակոցների կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Նկատենք, որ միջադեպից անցել է 3 օր, սակայն ՕՐՕ դաշինքի անդամները դեռեւս բացատրություն չեն տվել իրավապահներին: Չի բացառվում, որ Ջրառատ համայնքում մարտի 12-ին եւ 14-ին արձանագրված դեպքերը քննվեն մեկ վարույթում՝ հենց ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

 

 

 

ՄԱՅՐ ՈՒ ԱՂՋԻԿ
Իշխող ՀՀԿ-ն նախընտրական քարոզչության նպատակով գործի է դրել իշխանական ողջ ռեսուրսը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այս շրջանում ակտիվ հանդիպումներ է ունենում մի շարք դպրոցներում եւ առիթն օգտագործելով՝ ՀՀԿ-ի համար քարոզչություն իրականացնում: Ըստ մեր տեղեկությունների՝ նրա աղջիկը՝ Երեւանի թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը եւս լծվել է ՀՀԿ-ի քարոզչության գործին: Առայժմ մայր եւ դուստր քարոզչությունն իրականացնում են «զգուշավորությամբ»՝ իրենց համախոհներին ՀՀԿ-ին ընտրելու մասին հիշեցնելով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Մուրադյանից, բայց նա չպատասխանեց մեր զանգերին:




Լրահոս