«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ ՀՀԿ նախընտրական քարոզարշավով ակտիվ զբաղվող վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելելու է Արագածոտնի մարզ: Ըստ որոշ տեղեկությունների` վարչապետը կայցելի նաև Հարթավան-Շենավան համայնքների խաչմերուկում գտնվող սպանդանոց, որի բացման արարողությունը կայացել է դեռևս նախորդ տարի:
ArmLur.am-ը փորձեց հասկանալ` ինչու են վարչապետին տանում այնտեղ: Հիշեցնենք, որ այս սպանդանոցի բացման արարողությունը տեղի է ունեցել դեռևս անցած տարի: Արդյոք սա հերթական նախընտրական բեմադրությունն է:
ArmLur.am-ի հետ զրույցում Հարթավան համայնքի ղեկավար Ժիրայր Ավետիսյանն ասաց, որ տեղի ՀՀԿ կառույցից փոխանցել են, որ վարչապետն այսօր գտնվելու է Ապարանի տարածաշրջանում, և բնակիչները ցանկության դեպքում կարող են ներկա գտնվել հանդիպմանը:
Նրա փոխանցմամբ` սպանդանոցը մեծ հարմարավետ հրապարակ ունի, այդ պատճառով առավել նպատակահարմար են գտել հանդիպումն այդտեղ իրականացնել:
ArmLur.am-ը զրուցեց նաև Արագածոտնի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ում փոխանցմամբ` այս նշված սպանդանոցի հարակց տարածքում վարչապետը կհանդիպի բնակիչներին:
Ի դեպ, այսօր վարչապետը կլինի Ապարանում, Ալագյազում, ժամը 17:00-ին կանգառ կունենա նշված վայրում: