«ՎՏԲ Հայաստան բանկ»-ը կրկին հայտնվել է աղմկալի պատմության կիզակետում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 14 մասնաճյուղի կառավարիչ Հակոբ Սաֆարյանը բանկից հափշտակել է 28 միլիոն դրամ, ավելին՝ գործին խառնված են նաեւ բանկի այլ աշխատակիցներ:
Այն, որ «ՎՏԲ Հայաստան բանկի» հետեւանքով մի շարք քաղաքացիներ հայտնվել են անելանելի վիճակում, անհերքելի իրողություն է, սակայն մինչ այդ անդրադառնանք բանկի շուրջ առաջացած աղմկալի դեպքին: Ինչպես նկատում ենք՝ բանկի կառավարիչները սովորույթ են դարձրել թալանել բանկերը: «ՎՏԲ Հայաստան բանկ»-ը եւս անմասն չմնաց այդ երեւույթից:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աղմկալի դեպք է բացահայտվել Երեւան քաղաքի Քանաքեռցու 123 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 14 մասնաճյուղում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Հակոբ Սաֆարյանը նշանակված է եղել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 14 մասնաճյուղի կառավարիչ: Ըստ էության լինելով բանկի կառավարիչ՝ Հակոբ Սաֆարյանը կա՛մ բանկի հետ է խնդիրներ ունեցել, կա՛մ աշխատավարձը չի բավարարել, ու որոշել է այլ քայլերի դիմել:
Նա համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 30 միլիոն դրամի գումար: Սակայն բանկի շուրջ առաջացած աղմուկը այսքանով չի ավարտվում, եւ դատելով ստեղծված իրավիճակից՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 14 մասնաճյուղում «բանդա» է գործել: Կառավարիչ Հակոբ Սաֆարյանից բացի՝ բանկի այլ աշխատակիցներ եւս ցանկացել են բանկից հափշտակություն իրականացնել:
Տեղեկացանք, որ բանկի աշխատակիցներից մեկը` Լեւոն Մհերյանը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ փորձել է հափշտակել 5 միլիոն 355 հազար դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Պարզեցինք, որ այս հափշտակությունից հետո իրավապահները առգրավել են բանկում առկա տեսախցիկները, որոնք, ըստ էության, ապացուցում են, թե ինչ գործողությունների են գնացել բանկի կառավարիչ Հակոբ Սաֆարյանը եւ աշխատակից Լեւոն Մհերյանը:
Եվ ահա ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժինը Հակոբ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` (ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով), 181 հոդվածի 3 մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) եւ 214 հոդվածի 1-ին մասով (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով):
Բանկի կառավարիչ Հակոբ Սաֆարյանին սպասվում է ազատազրկում մոտ 10 տարի ժամկետով, իսկ թե ինչ կորոշի դատարանը, դեռեւս պարզ չէ:
Իսկ ահա Լեւոն Մհերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 հոդվածի՝ հանցափորձ եւ 181 հոդվածի 3 մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):
Ի դեպ, այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ այն 2017 թվականի մարտի 14-ին ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործով դատավոր է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:
Չի բացառվում, որ այսօրինակ դեպքերի արդյունքում է, որ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն իր տոկոսադրույքները բարձրացրեց եւ մի շարք ընկերություններ սնանկացան: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիկ» ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը ասել էր, որ իրենց սնանկացման հիմնական պատճառը «ՎՏԲ» բանկն է: Ըստ Հակոբյանի՝ իրենց ընկերությունը նշված բանկից 10 տարի ժամկետով եւ ցածր տոկոսադրույքով վարկ է վերցրել, սակայն մեկուկես տարի անց վարկի տոկոսադրույքները սկսել են կտրուկ բարձրանալ.«Ավելի քան երկու անգամ բարձրացավ տոկոսը, որն էլ տնտեսվարող սուբյեկտի մոտ ֆինանսական մեծ դժվարություններ առաջացրեց: Ընդ որում, մենք ունեինք 7 մլն դոլարի վարկային պորտֆել, ու այդքան տոկոս բարձրացնելը լուրջ հարված էր, որին էլ չդիմացավ մեր ընկերությունը»
Ավելին՝ գրել էինք, որ նաեւ մի շարք քաղաքացիներ բարձրաձայնել էին խնդիրը այն մասին, որ «ՎՏԲ-Հայաստան բանկի» Հրազդանի մասնաճյուղում ավանդատուներին պտտեցնում են եւ գումարները չեն տալիս: Ասել է, թե մարդիկ բանկում հաշվեհամար էին բացել եւ ներդրում իրականացրել, իսկ երբ ցանկացել էին ժամկետից շուտ կամ ժամկետը լրանալուն պես հետ վերցնել իրենց ներդրած ավանդները, որոշ դեպքերում կանգնել են փաստի առաջ, նրանց ասել էին, թե նման բան չկա: Ի դեպ, «ՎՏԲ-Հայաստան բանկի» Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Բարսեղյանը, անդրադառնալով խնդրին, ասել էր, թե առայժմ նման բան կա՝ ըստ էության չբացառելով այդպիսի դեպքերը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության գործունեության շուրջ աղմուկը դեռեւս շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Բաբայանը:
Պարզեցինք, որ 2014թ. դեկտեմբերին Գորիս քաղաքի բնակիչ Անահիտ Հայրապետյանը դիմել է Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին եւ հայտնել, որ ցանկանում է մանկավարժական թոշակ ստանալ: Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Բաբայանը որոշել է ընդառաջել Անահիտ Հայրապետյանին եւ օգնել նրան մանկավարժական թոշակ ստանալ: Իսկ ինչպես է իրականացրել այդ գործառույթը: Նա Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավագ ջոկատավարի, ապա նաեւ մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի հաստիքներում աշխատած տարիների ստաժի հաշվարկը կատարելու, նշված հաստիքների նույնությունը ստուգմամբ պարզելու, ապա նրան մասնակի կենսաթոշակ նշանակելու համար 2015 թվականի մարտին Անահիտ Հայրապետյանից պահանջել է 100 հազար դրամ:
Անահիտ Հայրապետյանը նրան ասել է, որ այդ պահին չունի 100 հազար դրամ: Աշոտ Բաբայանը «գործը գլուխ» բերելու համար համաձայնության է եկել, որ Անահիտը նախ 50 հազար դրամ վճարի, իսկ երբ թոշակի հարցերը կարգավորված լինեն, կվճարի նաեւ մյուս 50 հազար դրամը:
Անահիտը համաձայնության է եկել ու 2015 թվականին Գորիս քաղաքի Կոմիտաս փողոցում Բաբայանին է տրամադրել 50 հազար դրամը:
Այս գործարքի համար Աշոտ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք ստանալ: Այս գործով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում ավարտվել է, Աշոտ Բաբայանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Ի դեպ, գործը 2017 թվականի մարտի 14-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատավոր է նշանակվել Նապոլեոն Օհանյանը:
Նկատենք, որ 2017 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների դեպքով 4 քրեական գործ կա հարուցված, որով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է:
Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես միշտ, «ջրից չոր է դուրս գալիս»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱԽՈՒՄ Է ԵՂԵԼ
Երեկ «Ելք» դաշինքի անդամների եւ Տորք Անգեղի անվան դպրոցի անձնակազմի միջեւ վիճաբանություն եւ բախում է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսել է նրանից, որ տարածքով քարոզչություն իրականացնելիս դպրոցի դռնապահն ասել է, թե դպրոցի տարածքում Ն. Փաշինյանն իրավունք չունի քարոզչություն անցկացնել: Այդ պահին պատգամավորը դպրոցի ներսում նկատել է քարոզչական պաստառ՝ մեկ այլ պատգամավորի թեկնածուի լուսանկարով ու կարգախոսով: Նա փորձել է մտնել ներս, որպեսզի տեսնի, թե ինչ պաստառ է եւ ինչու է տեղակայված դպրոցում, բայց դռնապահը թույլ չի տվել՝ անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանը ցույց է տվել պատգամավորական մանդատը: Այդ ընթացքում դպրոցի աշխատակիցներից մեկն արագ հեռացրել է պաստառը դռների մոտից, ինչից հետո «Ելք» դաշինքի ներկայացուցիչները մտել են ներս՝ փորձելով գտնել թաքցրած պաստառը: Արդյունքում դպրոցի աշխատակիցների եւ «Ելք»-ի թեկնածուների միջեւ վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, բանը հասել է անգամ լրագրողներին եւ օպերատորներին քաշքշելուն եւ խոչընդոտելուն: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ միջադեպի վերաբերյալ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը ոստիկանություն հաղորդում է տվել, եւ այս պահին նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Միջադեպի մասնակիցները հրավիրվել են ոստիկանության բաժին՝ բացատրություն տալու:
ԽՈՇՈՐ ՅՈՒՐԱՑՈՒՄ
ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերով հարկերից խուսափելու դեպքերի քննության ընթացքում բացահայտվել է պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ: Ավիափոխադրումներ իրականացրած «Էյր Արմենիա» ՓԲ ընկերությունը 2014-2016թթ. ընթացքում գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն խախտելով ՀՀ կառավարության որոշման պահանջները՝ 3 բանկային օրվա ընթացքում դրանք չի վճարել պետական բյուջե, այլ յուրացրել է` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683 միլիոն 723 հազար ՀՀ դրամի վնաս, որը տույժերով կազմել է 1 միլիարդ 486 միլիոն ՀՀ դրամ: Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
1890 ԿՐԱԿՈՑ
Մարտի 14-ին եւ լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1890 կրակոց: