ՀԱՑ ԲԵՐՈՂԻ ՄԱՀՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՂՃԻՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան գույժը երեկ ցնցել էր մարդկանց: Նրան քչերն էին անձնապես ճանաչում, բայց շատերն էին սիրում ու հարգում: Սիրում էին իր մարդկային արարքի համար, երբ մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու սնունդ հասցրել նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ոստիկաններին ու բժիշկներին: Խմբավորման անդամների հետ Ա. Սարգսյանն էլ էր հանձնվել իրավապահներին, կալանավորվել: Մեկուսարանում գտնվելու ընթացքում նրա առողջական վիճակը գնալով վատացել էր, եւ դեկտեմբերին դատախազը ստիպված էր փոխել Հաց բերողի խափանման միջոցը: Բայց շատ կարճ ժամանակով: Փետրվարի 9-ին նրան կրկին կալանավորեցին, ու չնայած օրեցօր վատթարացող առողջական վիճակին, քաղաքացիական հիվանդանոց չէր տեղափոխվում: Հաց բերողը ստիպված էր իր իրավունքների համար պայքարել՝ հացադուլ հայտարարելով: Այդ ընթացքում առողջական վիճակը ավելի վատթարացավ: Բայց նա հաղթեց իր կամքի եւ ուժի շնորհիվ. խափանման միջոցը փոխեցին, ազատ արձակեցին արդեն լիովին քայքայված առողջությամբ: Ազատ արձակվելուց 10 օր անց լսեցինք նրա մահվան գույժը: Եղբոր պնդմամբ՝ վիճակը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ հերթական հարցաքննության ծանուցագիրն էր ստացել… Այսպիսով՝ ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով զոհերի թիվը հասավ չորսի:
Ու հիմա պետք է արձանագրենք Հաց բերողի մահվան համար մեղավորների անունները՝ «Սասնա ծռեր»-ի գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյան, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյան. նրանք, առանց հաշվի առնելու Արթուրի առողջական վիճակը, կալանավորեցին Հաց բերողին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյան, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան, որոնք անտեսեցին մարդու ծայրահեղ` հացադուլի արարքը: ՄԻՊ Արման Թաթոյանը, որ այդպես էլ բավարար քայլեր չձեռնարկեց նրան հնարավորինս արագ ազատ արձակելու համար:
Հիմա Սերժ Սարգսյանն իր դեմքը փրկելու համար թվարկվածների մեծ մասին պետք է դուրս շպրտի պետական ապարատից, հակառակ դեպքում կստացվի, որ հենց իր հրահանգով խոշտանգվեց ու փաստացի սպանվեց Հաց բերողը:
Հ. Գ. Հաջորդ բոթը, որ առաջիկայում կլսվի կալանավայից, նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի մահն է լինելու, որի մասին ամիսներ շարունակ ահազանգում է նրա փաստաբանը: Հիշեցնենք` Շիրխանյանն իր ոտքով գնացել է ԱԱԾ մեկուսարան, իսկ այժմ չի կարողանում ինքնուրույն շարժվել: Ու էլի բժիշկները, դատավորները, քննիչներն ու բանտապետը պնդում են, թե նա առողջ է:

 

 
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Հայաստանում գազի սակագնի մասին՝ Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները պայմանով, որ գները կիջեցվեն նաեւ Հայաստանի տարածքում: Այլ կերպ ասած՝ նա հասկացրել է, որ Հայաստանում գազի բարձր սակագների «մեղավորը» ոչ թե իրենք են, այլ Հայաստանի իշխանությունները. ի վերջո, սակագները հաստատողը ՀԾԿՀ-ն է: Միլլերի այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. նախօրեին ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «Եթե որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժ կամ տնտեսագետ գիտի՝ ինչպես կարելի է այսօր գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի»: Փաստորեն, ոչ միայն տնտեսագետներն են պնդում, որ այդ հնարավորությունները կան, պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ, այլեւ հենց Միլլերն է հուշում` ինչպես նվազեցնել ՀՀ քաղաքացու գազի գինը:

 

 

 
Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից «Ժողովուրդ»-ը երեկ հարցրեց՝ ինչո՞ւ լքեց այդ պաշտոնը, եւ ո՞վ ստիպեց հրաժարականի դիմում գրել: «ՀՀ գլխավոր դատախազը այն սուբյեկտն է, որին ստիպելը շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է: …Եվ երկրորդ՝ բազմիցս ասել եմ, թե ինչու հրաժարական տվեցի այդ պաշտոնից, եւ, ամենակարեւորը, դա բացարձակ չի նշանակում, որ ես պետական գործառույթը կամ պետական ծառայությունը ինձ համար համարել եմ կամ համարում եմ փակված, շարունակելու եմ իմ գործունեությունը»: Նա նաեւ նշել է, թե այս ընթացքում այդպես էլ չի զղջացել հրաժարական ներկայացնելու համար: «Չեմ զղջացել մի պարզ պատճառով, որ դա իմ որոշումն է եղել»: Նշենք, որ այժմ Գ. Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է, եւ երեկ լրագրողներին հանդիպել էր՝ խոսելու ՄԻԵԴ-ում քառօրյա ապրիլյան պատերազմի վերաբերյալ ՀՀ-ի ներկայացրած հայցերի մասին: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ 700-ից ավելի հայց է ներկայացրել:

 

 

 
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, փայլել է իր սանձարձակ, լկտի արարքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա «ռազբորկա» է արել Հանրային հեռուստաընկերության օպերատոր Էդգար Դավթյանի հետ: Երբ ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ էին այցելել ՀՀԿ-ականները՝ վարչապետի գլխավորությամբ, Հ1-ի օպերատորը «համարձակվել էր» դիպչել մարզպետի ուսին: Սկզբում տհաճ խոսակցություն է եղել, որը ներկաների միջամտությունից հետո հանդարտվել է: Բայց Հակոբյանը չի խաղաղվել. որոշել է «ռազբորկան» շարունակել երեկոյան՝ ճաշի ժամանակ օպերատորին սեղանից դուրս հրավիրելու, ըստ լուրերի՝ ապտակելու եղանակով: Տեղի ունեցածն այլ կերպ, քան գյադայական խուլիգանություն, դժվար է որակել: Կարծես թե Սյունիքի վրա «մարզպետ չի գալիս»: Պարզապես մեկ հիշեցում. 2010թ. Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից ստիպողաբար հրաժարական տվեց նախագահականի աշխատակցին ապտակելու լուրերի համար: Ու հիմա տրամաբանական է, որ նույն ճակատագրին պետք է արժանանա նաեւ Վահե Հակոբյանը, որը նույն նախագահականի նույն թիմի անդամ է: Թե՞ Սերժ Սարգսյանը պատժում է միայն յուրայիններին ապտակողին, իսկ լրագրողների վրա կարելի է եւ հարձակվել:

 

 
ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻ՛Ր
«Մոսկվան պատրաստ է Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին աջակցել, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը»,- այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ ՌԴ-ն կարեւոր դերակատարում է ունեցել 2007-2009 թվականներին հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացում, որը, սակայն, հետագայում սառեցվեց: «Բայց սկզբունքորեն կարեւոր է, որ կողմերը ցուցադրել են պայմանավորվելու եւ լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություն: Համոզված եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան ընդունակ են կարգավորելու եղած խնդիրները: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցություն ցուցաբերելու»,- ասել է նա:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի հաջորդ իսկ օրը Ռուսաստանի արտգործնախարարը անդրադառնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությանը՝ ընդգծելով Ռուսաստանի շահագրգռությունն այս հարցում: Արդյոք դա պատահական համընկնում է, թե Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի վերջին քննարկման արդյունքներից ելնելով արված հայտարարություն: Համենայն դեպս, նույն Սերգեյ Լավրովը անցած տարի հոկտեմբերին Երեւանում արդեն իսկ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում՝ ընդգծելով վերջինիս նշանակությունը տարածաշրջանում եւ նշելով, որ Ռուսաստանը դա հաշվի է առնում: Դրանից հետո, ինչպես հայտնի է, ռուս-թուրքական հարաբերություններն է՛լ ավելի են ջերմացել՝ հակառակ այս երկու երկրների եւ Արեւմուտքի միջեւ նորանոր հակասությունների առաջացմանը: Եվ հետեւաբար ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի շահագրգռությունը ստանում է այլ աշխարհաքաղաքական շապիկ, եւ առավել սերտորեն է կապվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ:
Եվ եթե հաշվի ենք առնում այն, որ իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդն արդեն իսկ ցույց է տվել իր պատրաստակամությունը՝ անգամ Ցեղասպանության փաստը վիճարկող հանձնաժողովի ստեղծման գնով վարելու տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտությունը, իսկ տիտղոսավոր ընդդիմություն համարվող «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ շրջանառության մեջ է դրել իր «խաղաղություն, բարիդրացիություն, հաշտություն» թեզը, որը միտված է բոլոր հարեւանների՝ առաջին հերթին Ադրբեջանի, ապա Թուրքիայի հետ հաշտությանը, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանի մտադրությունների համար Հայաստանում պարարտ հող է նախապատրաստվում՝ առնազն այս դիսկուրսը առաջիկայում վերաթարմացնելու համար:




Լրահոս