ՏԱՐՕՐԻՆԱԿ ՆԱԽԱԴԵՊԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է «ՏԱՐՕՐԻՆԱԿ» ՀԱՐՑԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Հայաստանում ծավալվող նախընտրական գործընթացներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված զարգացումները շարունակվում են, եւ դրանցում կարծես թե կրկին դոմինանտության է փորձում հասնել Ռուսաստանը: Հիշեցնենք, որ անցած մեկ ամսվա ընթացքում Մոսկվա այցելեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, իսկ նախօրեին էլ Մոսկվայում Արցախի խնդրի շուրջ բանակցություններ ընթացան Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ:

Ի՞նչ է խոստանում Ռուսաստանի ակտիվությունը Ղարաբաղի հարցի շուրջ, ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ բանակցային գործընթացի եւ նաեւ ՀՀ եվրոպական ինտեգրացման ընթացքի վրա, հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից առաջ դարձալ լինեն «մեկ գիշերում» կայացված անակնկալ որոշումներ. «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն է:
-Պարո՛ն Քոչարյան, վերջին շրջանում վերստին նկատելի է դարձել Ռուսաստանի ակտիվացումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Նախ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները մեկնեցին Մոսկվա, ապա նախօրեին էլ Արցախի հարցը քննարկվեց Սարգսյան-Պուտին ձեւաչափով: Ռուսաստանը շարունակում է հայտարարել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, այնպես էլ երկկողմ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամության մասին: Ինչո՞ւ է Ռուսաստանն այդպիսի ակտիվություն ցուցաբերում հենց այս փուլում:
-Ոչ մի նոր ակտիվացում չկա, ռուսական կողմը միշտ էլ ակտիվ է եղել, առավել եւս որ կա Վիեննա, կա Սանկտ Պետերբուրգ, կան պայմանավորվածություններ, ինքն էլ համանախագահն է: Նույնը կարելի է ասել Ֆրանսիայի մասով, վկայությունը՝ ՀՀ նախագահի վերջին այցը, որի ժամանակ Օլանդը անդրադարձել է այդ հարցերին, եւ նաեւ նախորդ տարի՝ նույն Վիեննայի հանդիպման կազմակերպումը, որում շատ լուրջ դերակատարում ունեցավ Ամերիկան: Այնպես որ, երեք համանախագահներն էլ անհանգստացած են մի շատ պարզ պատճառով. որովհետեւ այն սադրանքները, որ իրականացնում է Ադրբեջանը, վտանգի տակ են դնում խաղաղությունը եւ կայունությունը:
-Անցած ամիս Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո Ս. Լավրովը խոսեց ՌԴ կողմից ներկայացված հակամարտության լուծման առաջարկների մասին եւ շեշտեց, որ դրանք պաշտպանում են համանախագահ մյուս երկրները: ՌԴ առաջարկած լուծման ուղին նույն Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակի շրջանակներում է, թե կան նոր մոտեցումներ է: Ի՞նչ է իրենից ենթադրում այդ տարբերակը:
-Այսօր կա մի փաստաթուղթ, որը կողմերն ընդունում են որպես հիմք բանակցությունների համար, դա Մադրիդն է, որից բացի՝ այլ փաստաթուղթ գոյություն չունի:
-Փետրվարի վերջին Սերժ Սարգսյանը Բրյուսելում հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ի վերջո ավարտվել են, սակայն փաստաթղթի ստորագրումը, փաստորեն, կլինի մի քանի ամսից: Այս համաձայնագիրը շատ փորձագետների գնահատմամբ ընդամենը բարի ցանկությունների ամփոփագիր է եւ չափազանց հեռու է նախորդ՝ ասոցացման համաձայնագրից:
-Բնական է՝ տարբերվում է, որովհետեւ այնտեղ երկու փաստաթուղթ կար, հիմա մեկն է լինելու, ավելին ասեմ՝ այս փաստաթուղթը հաշվի է առնում մեր անդամակցությունը այլ միավորումներին, այն պարտավորությունները, որ մենք ունենք:
-Այսօր տարբեր ենթադրություններ են հնչում առ այն, որ փաստաթղթի ստորագրման գործընթացը կրկին ձգձգվելու է: Եթե ամեն ինչ պատրաստ է, ապա ինչո՞ւ փաստաթղթի ստորագրումը թողնվեց ընտրություններից հետո:
-Ոչ մի բան էլ իրականում չի ձգձգվում, մանդատը ստացվեց բոլոր պետությունների կողմից բանակցությունների համար, եւ կարելի է ասել՝ բանակցային գործընթացը շատ ինտենսիվ հասցվել է ավարտին, հիմա մնում է միայն բուն ստորագրման աշխատանքը:
-Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-ինչ հանգամանքների արդյունքում կրկին մեկ գիշերվա ընթացքում որոշում կայացվի չստորագրել այս համաձայնագիրը:
-Ու˜ֆ, լավ էլի, տարօրինակ հարցեր եք տալիս, ես էլ ասում եմ, որ ակնհայտ է՝ այս փաստաթուղթն արդեն հաշվի է առել բոլոր լիդերությունները:

 

 

 

 
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Մինչ երկրի կառավարումը իրականացնողները տարված են քարոզչական աշխատանքներով եւ գերլարված ռեժիմով փորձում են առավելագույնս արդյունավետ քարոզարշավ իրականացնել, նրանց ղեկավարած գերատեսչությունները առիթից օգտվելով՝ մատնվել են պարապուրդի: Այդ շարքում այսօր կանդրադառնանք առողջապահության նախարարությանը:

Այս գերատեսչությունը ղեկավարող «կրեատիվ» Լեւոն Ալթունյանն ի սկզբանե աչքի ընկավ ոլորտում նորարարական փոփոխություններ իրականացնելու մասին հայտարարություններով, սակայն որեւէ առաջընթաց, խոսքից գործի վերածված երեւէ դրսեւորում առայժմ տեսանելի չէ:
Նախ այն մասին, թե պաշտոնապես ինչ գործառույթներ պետք է իրականացնի այս նախարարությունը:
Առողջապահության նախարարության առաքելությունն է առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը, դրանց իրականացման կազմակերպումը, uանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը եւ առողջական վիճակի ուuումնաuիրությունը, հաշմանդամության ու մահացության նվազեցման ծրագրերի մշակումը եւ իրագործումը:
Նախարարության աշխատանքների կազմակերպումն ուղղված է ՀՀ ողջ տարածքում մատչելի ու որակյալ առողջապահական ծառայությունների ապահովմանը:
Արդյո՞ք նախարարությունը լիարժեք կերպով իրականացնում է այս գործառույթները: Քանի որ գերատեսչությունների պաշտոնական կայքէջերը համարվում են վերջիններիս գործունեության հայելին, փորձեցինք ԱՆ կայքէջից հասկանալ, թե ինչո՞վ է զբաղված կարեւորագույն այս ոլորտը համակարգող գերատեսչությունը: Պարզեցինք, որ մարտի 5-ից հետո միայն երկու անգամ այս նախարարությունը հրապարակել է Ալթունյանի՝ դեպի Կոպենհագեն կատարած այցելության մասին տեղեկատվությունը: Այս ընթացքում նախարարը նաեւ հասցրել է Ծաղիկ Վարդանյանին պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնակատար նշանակել: Սրանից բացի, մի քանի հրապարակումներից /որոնք, ըստ էության, վերոնշյալ գործառույթներն իրականացնելուն միտված չեն/ զատ՝ կայքէջում գերատեսչության արդյունավետ աշխատանքը հավաստող որեւէ տեղեկատվություն չգտանք:
Ըստ երեւույթին նախարարը մոռացել է վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգն առ այն, որ պետք է օր ու գիշեր աշխատել՝ արդյունքի հասնելու համար:
Առանձնապես հուսադրող չէր նաեւ նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների գործունեության մասին տեղեկատվությունը: Օրինակ՝ ԱՆ-ի ենթակայության տակ գտնվող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն», «Ա. Ալեքսանյանի անվ. համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ», «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն», «Ն.Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» եւ այլ կազմակերպությունների գործունեության մասին ոչ մի տառ անգամ գրված չէ, թափթփված են դրանց պաշտոնական կայքէջերը, եւ կարելի է կարծել, որ վերջիններս տարված են միայն պետական բյուջեից փողեր մսխելով:
Ի վերջո, նախարար Ալթունյանը ամեն շաբաթ պետք է հանդիպեր լրագրողների հետ եւ թեյի սեղանի շուրջ նրանց ներկայացներ իր կատարած աշխատանքները: Մի քանի նման հանդիպումից հետո, սակայն, դա էլ դադարեց անել: Մնում է ենթադրել, որ հարգարժան նախարարը որեւէ գործ չի անում, որ շաբաթվա վերջում կարողանա ներկայացնել հանրությանը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ՍՆԱՆԿԱՑՈՂ ԱՆՏՈՆՅԱՆԸ
Պարզվում է՝ բացառապես իրենց զբաղեցրած պաշտոնի շնորհիվ հարստացող պաշտոնյաներից մեկն էլ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանն է, որն այս նախընտրական փուլում զբաղված է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արտակ Սարգսյանի քարոզչությամբ: Հրայր Անտոնյանը ունի տաքսի ծառայություն, ընդ որում, մի քանի հատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան են պատկանում Երեւանում «Սվիթ ուեյ տրանս», Վանաձորում «Կառուզո տրանս» տաքսի ծառայությունները: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի՝ «Սվիթ ուեյ տրանս» տաքսի ծառայության հիմնադիրը Քրիստինե Անտոնյանն է, որը Հ. Անտոնյանի կինն է, իսկ «Կառուզո տրանս»-ի հիմնադիրը Համեստ Առաքելյանն է, որը Անտոնյանի մայրն է: Ի դեպ, երկու տաքսի ծառայությունները հիմա հայտնվել են սնանկացման եզրին: «Սվիթ ուեյ տրանս» ընկերության աշխատակիցը լսելով հարցը՝ «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Չգիտեք՝ ինչ երկիր է, 1000 դրամ պարտքի դեպքում էլ կարող են արգելքներ կիրառել ու սնանկ ճանաչել»: Իսկ Հրայր Անտոնյանին գտնել «Ժողովուրդ»-ին չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսահամարն անջատված էր:

 

 

ԱԱԾ-ԱԿԱՆԸ՝ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ
ԱԱԾ Բագրատաշեն սահմանային վերահսկողության ավագ հսկիչ Էդգար Թամազյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ քաղաքացի Թելման Ալավերդյանը ցանկացել է հատել Հայաստանի սահմանը՝ ներկայացնելով մեկ այլ անձի՝ ոմն Պետրոս Սարգսյանի անձնագիրը: ԱԱԾ սահմանապահ ջոկատի Բագրատաշեն սահմանային վերահսկողության ավագ հսկիչ Էդգար Թամազյանը անձամբ պետք է ստուգեր Ալավերդյանի ներկայացրած անձնագիրը, սակայն ինչ-ինչ հանգամանքներում դա չի իրականացրել՝ թույլ տալով նրան հատել ՀՀ պետական սահմանը: Էդգար Թամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի համար: Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: ԱԱԾ-ականի խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

 

 

«ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ» ԿՀԱՆՎԻ ԱՃՈՒՐԴԻ
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Գեոէկոնոմիկա» ընկերության բաժնետոմսերը կհանվեն աճուրդի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կմասնավորեցվեն դասական աճուրդով: Ի դեպ, ներկայումս ընկերությունն իրականացնում է գիտահետազոտական, գիտագործնական եւ նախագծային, այդ թվում` օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրություններ: Ընկերության ակտիվների գնահատված արժեքը կազմել է ավելի քան 65 մլն դրամ, իսկ պարտավորությունների գնահատված արժեքը՝ ավելի քան 61 մլն դրամ: Ընկերությունն ունի ցուցակային գրանցված 22 եւ փաստացի 15 աշխատող:




Լրահոս