ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՉԻ ԶՂՋՈՒՄ ՈՒ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԶՂՋԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մարտի 7-ից 10-ը տեղի ունեցած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության հետ կապված քննարկումներին, հայտնեց, որ «Չիգարովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարման վերաբերյալ քննարկմանը Հայաստանի պնդմամբ առաջին անգամ միջազգային մակարդակով մասնակցել է ԼՂՀ ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ «Չիգարովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները վերաբերում են համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիգարովների ընտանիքի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու եւ ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելուն կամ արդարացի փոխհատուցում ստանալուն:
Ըստ Գեւորգ Կոստանյանի՝ անցած տարի նոյեմբերին Ադրբեջանը պնդել է, որ հարցը նախարարների կոմիտեում քննարկման առարկա դառնա դեկտեմբերին. «Մեր պատվիրակությունը կարողացավ այն հետաձգել գոնե մինչեւ մարտի 7-9-ը: Մեր նպատակն էր, որ այս քննարկումներին ներգրավենք նաեւ ԼՂՀ-ին: Եվ ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը մասնակցեց քննարկմանը ու ներկայացրեց ԼՂՀ-ի դիրքորոշումը, հայտնեց, որ որոշումը կայացվել է ԼՂՀ նախագահի եւ այլ ուժերի հետ քննարկման արդյունքում»:
Կոստանյանը ներկայացրեց, որ երկու գործով կողմերը պետք է ներկայացնեին իրենց առաջարկները որոշման վերաբերյալ. «Ադրբեջանը կոչ արեց, որպեսզի երկու գործերով էլ կողմերը գործողությունների ծրագիր ներկայացնեն մինչեւ ընթացիկ տարվա հունիս ամիս: Մենք սկզբունքայնորեն դեմ էինք, եւ ես առաջարկեցի քվեարկություն: Ադրբեջանի առաջարկությունները դրվեցին քվեարկության եւ մերժվեցին: Կողմ էին միայն Ադրբեջանն ու Թուրքիան, բայց ամենակարեւորը հետեւյալն էր: Չգիտեմ ինչպես, բայց Ադրբեջանը քվեարկությունից չհանեց նաեւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով մինչեւ հունիս գործողությունների ծրագիր ներկայացնելու հարցը, եւ դրան կողմ քվեարկեց 35 երկիր, դեմ էր միայն Ադրբեջանը, Թուրքիան ձեռնպահ էր: Քվեարկությունների արդյունքում Հայաստանի վրա դրվեց պարտավորություն` շարունակել քննարկումները նախարարների կոմիտեի հետ առանց որեւէ ժամկետային սահմանափակման, իսկ Ադրբեջանը մինչեւ հունիս պետք է ներկայացնի իր գործողությունների ծրագիրը»:
Հարցին, թե սա կարելի՞ է որակել որպես Ադրբեջանի պարտություն եւ Հայաստանի հաղթանակ, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ ամենաօբյեկտիվ դիտորդի աչքով անգամ դա այդպես է:
«Ժողովուրդ» օրաթերթը Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեց, թե քառօրյա պատերազմի մասով Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ, ինչ հակընդդեմ քայլեր է արել Հայաստանը` ընդդեմ Ադրբեջանի, ի վերջո, մենք ունենք փաստեր՝ գլխատված քաղաքացիական անձինք, խոշտանգված զինվորների մարմինները, վերջինս ասաց. «Ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ադրբեջանի կառավարությունը միառժամանակ առաջ եւս հայտարարել էր այն մասին, որ շուրջ 500-600 հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի, իրենք կարող են ավելի մեծ թիվ էլ ներկայացնել, սա հարցի մյուս կողմն է: Այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված գործերով Եվրոպական դատարանի կողմից դեռեւս 5 գործ է վարույթ ընդունվել, իսկ Ադրբեջանի դեմ ներկայացված գործերով 23 գործ արդեն վարույթ է ընդունվել»:
Քննարկման ավարտին «Ժողովուրդ» օրաթերթը թեմայից դուրս որոշ հարցերի շուրջ զրուցեց Գեւորգ Կոստանյանի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, ի վերջո, ինչո՞ւ լքեցիք ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, Ձեզ ստիպեցի՞ն ազատման դիմում գրել:
-Բազմիցս այդ մասին խոսել եմ, առիթ ունեցել եմ ասելու, որ ՀՀ գլխավոր դատախազը այն սուբյեկտն է, որին ստիպելը շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է: Դա մեկ: Երկրորդը` բազմիցս ասեցի, թե ինչու հրաժարական տվեցի այդ պաշտոնից, եւ, ամենակարեւորը, դա բացարձակ չի նշանակում, որ ես պետական գործառույթը կամ պետական ծառայությունը ինձ համար համարել եմ կամ համարում եմ փակված: Շարունակելու եմ իմ գործունեությունը:
-Տեսակետ կա, որ Դուք ազատման դիմում գրեցիք, քանի որ Ձեզ ասել էին` «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին պետք է կալանավորել, մյուս բոլորին` արդարացնել, ինչին Դուք դեմ եք եղել:
-Դուք ուզում եք, որ լուրե՞ր մեկնաբանեմ, ես երբեք լուրեր չեմ մեկնաբանում:
-Զղջացե՞լ եք, որ լքել եք ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:
-Միանշանակ` ոչ, մի պարզ պատճառով, որ դա իմ որոշումն է եղել, եւ այդ որոշումը կայացնելուց հետ հնարավորություն եմ ունեցել ամեն ինչ գնահատելու եւ միանշանակ ճիշտ որոշում եմ կայացրել, չեմ զղջացել ու, առհասարակ, բացառում եմ, որ երբեւէ կզղջամ:
-Հետեւո՞ւմ եք նորանշանակ դատախազ Արթուր Դավթյանի գործունեությանը, ինչպե՞ս կգնահատեք նրա գործունեությունը:
-Չեմ հետեւում, բայց վստահ եմ, որ հաջողություն կունենա:
-Իսկ ինչո՞ւ չեք հետեւում: 
-Սկզբունքորեն չեմ հետեւում:
-Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ էր տեղի ունեցել, ինչի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բարձրացրել էր տարբեր գործերով դատարաններում արդարացման վճիռները եւ այդ խնդրում նա տեսել էր ինչպես դատախազների, այնպես էլ քննիչների թերացումը: Ըստ Ձեզ՝ ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար:
-Դատախազի գործառույթը այս մասով շատ առանձնահատուկ է, դատախազը նախաքննության ընթացքում չի շփվում սուբյեկտների հետ՝ վկա, տուժող, մեղադրյալ եւ այլն, դատախազը տեսնում է փաստաթղթերը, հարցաքննության արձանագրություն, փորձաքննության եզրակացություն, առերեսումներ եւ այլն: Երբ դատախազը այդ փուլում գտնում է, որ հիմքեր կան՝ մեղադրանք պաշտպանելու, գնում է դատարան: Դատարանը կարող է արդարացման վճիռ էլ կայացնել, մեղադրական էլ եւ այլն, բայց դա անպայման չի նշանակում, որ դատախազը թերացել է: Ինչու, քանի որ դատական քննության ընթացքում կարող են ի հայտ գալ այնպիսի հանգամանքներ, որոնք առնվազն նախաքննության ընթացքում հայտնի չեն եղել:
Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում պետք է լինի արդարացման դատավճռի պատճառները վեր հանելու տեսակետից: Իհարկե, կարող են լինել դեպքեր եւ շատ են այդ դեպքերը, որ քննությունը պատշաճ չի իրականացվում, դատախազը պատշաճ հսկողություն չի իրականացնում, որի արդյունքում թույլ մեղադրանքի հիմնավորմամբ գործը հասնում է դատարան, արդարացում է լինում: Իհարկե, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

 

 

 

 
«ՀԱՑ ԲԵՐՈՂԸ» ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ 10 ՕՐՎԱ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՑԱՎ

Մարտի 6-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխված Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանը երեկ մահացավ: Նա «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների արդյունքում ՊՊԾ գնդում գերի մնացած ոստիկաններին, բժիշկներին եւ զինյալներին իր մեքենայով լի սնունդ էր տարել` վտանգելով կյանքը: Նրա արարքը բացառապես հումանիզմ էր:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը գրաված անձանց հետ Արթուր Սարգսյանը հանձնվեց ազգային անվտանգության ծառայությանը: ՀՀ ԱԱԾ-ն զինված հարձակման փաստի առթիվ հարուցված քրեական գործը հանձնեց հատուկ քննչական ծառայությանը: Շուրջ 5 ամիս Արթուր Սարգսյանի պաշտպանները ՀՔԾ քննիչների դեմ պայքար էին մղում, որ Արթուրին ազատ արձակեն, քանի որ նա առողջական խնդիրներ ունի: Արդյունքում, 2016 թվականի դեկտեբերի 31-ին գործը վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը որոշում էր կայացրել Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել ստորագրությամբ չհեռանալու մասին` հիմք ընդունելով Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը պատժի հետ անհամատեղելի էր:
Սակայն 2017 թվականի փետրվարի 9-ին հատուկ քննչական ծառայության քննիչ, «Սասնա ծռեր» խմբավորման գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրան կալանավորեն: Ինչո՞ւ, որովհետեւ նա «տղայական մտածողություն» էր ցուցաբերել եւ երբ Արթուր Մկրտչյանին կանչել էր քննության, նա չէր գնացել` պատճառաբանելով, թե վատառողջ է, քննիչը վիրավորվել էր՝ ես կանչեմ, դու չգա՞ս: Այսպիսով, քննիչ Էդիկ Հակոբյանը միջնորդել էր դատարանին` կալանավորել Արթուր Սարգսյանին: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը բավարարել էր քննիչ Հակոբյանի որոշումը, եւ Հաց բերող Արթուրը կրկին կալանավորվեց: Ըստ ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ Ա. Սարգսյանը խախտել է իր նկատմամբ կիրառված` ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները:
Մինչդեռ անկախ այն հանգամանքից, որ Արթուր Սարգսյանը պայման էր խախտել, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը պետք է հաշվի առներ, որ Արթուրը պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ուներ, նրան ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ: Եւ ցուցաբերվեց ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք. Արթուրը կալանավորվեց, հացադուլ հայտարարեց: Ճիշտ է՝ նրան պատգամավորների միջնորդության հիման վրա գրավի դիմաց ազատ արձակեցին: Իսկ ի՞նչ եղավ անառողջ մարդու համար հայտարարված հացադուլը, բոլորս տեսանք. նա իր մահկանացուն կնքեց հիվանդանոցում:
Եւ պետք է ասել, որ Արթուր Սարգսյանը դարձավ ՀՀ իրավապահ համակարգի` ՀՀ գլխավոր դատախազության, հատուկ քննչական ծառայության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատական համակարգի անմարդկային վերաբերմունքի զոհը: Իր մեղքի բաժինն ունի նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ կոնկրետ արդյունքի չհասավ. դեկլարատիվ հայտարարությունները ո՞ւմ են պետք:
Եւ հիմա «Սառնա ծռեր» զինված խմբավորման գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը, Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելու միջնորդությունը բավարարած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, Արթուրի պաշտպանների միջնորդությունը մերժած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը պետք է պաշտոնանկ արվեն ու ենթարկվեն քրեական պատասխանատվության` նախ պատվեր կատարելու, ապա անմարդկային վերաբերմունք դրսեւորելու համար:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ




Լրահոս