ԱՌԱՋ ԼԻՍԿԱՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ, ՀԻՄԱ` ՎԱՀԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-12-ը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀԿ-ականների այցը Սյունիքի մարզ «ծանր է նստել» Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատորի վրա: Նրա եւ Սյունիքի մարզպետի միջեւ միջադեպ է եղել, որը նաեւ շարունակություն է ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը լուսաբանող Հանրային հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատակից Էդգար Դավթյանը դիպչել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուսին: Վերջինս զայրանալով տեղի ունեցածից` խիստ տոնով նկատողություն է արել օպերատորին` զգուշ մնալ: Նրանց միջեւ տհաճ խոսակցություն է տեղի ունեցել: Ներկաների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվել է: Սակայն քինախնդիր մարզպետ Վահե Հակոբյանը չի հանդարտվել: Երբ աշխատանքային օրվա ավարտին վարչապետի հետ գնացել են ճաշելու, նա թեմային շարունակություն է տվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզպետ Հակոբյանի թիմակիցները գնացել, հացի սեղանից «հանել են» օպերատոր Էդգար Դավթյանին ու տարել «ռազբորկայի»: Օպերատորի հետ մարզպետ Վահե Հակոբյանը եւ նրա թիմակիցները տհաճ խոսակցություն են ունեցել, վիրավորել նրան: Վիճաբանությանը, քաշքշուկին խառնվել են միջադեպից անհանգստացած մեր գործընկեր օպերատորները` փորձելով հանդարտեցնել կողմերին: Լուրեր կան, որ մարզպետն անգամ ապտակել է օպերատորին, սակայն անձամբ օպերատորը չի հաստատում այդ փաստը: Բայց այն, որ տհաճ միջադեպ է եղել, որտեղ ի ցույց է դրվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի լկտի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, անհերքելի իրողություն է:
Տեղեկություններ կան, որ վերը նշված խոսակցությունն այնքան է «տաքացել», որ անգամ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է ստիպված եղել միջամտել եւ հանդարտեցնել մարզպետին: Ասել է, թե Սյունիքի վրա մարզպետ չի գալիս: Նախկինում Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան էր մարդկանց ծեծում, հիմա էլ` Վահե Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Վահե Հակոբյանից փորձեց ճշտել Սյունիքում տեղի ունեցածի մանրամասները:
-Ոչ մի քաշքշուկ չի եղել,- շտապեց ասել մարզպետը:
-Այսինքն՝ երբ միջադեպը հանդարտվել է, եւ գնացել եք ճաշի, օպերատորին Ձեր թիկնազորի կամ թիմի անդամները դուրս չե՞ն հրավիրել, չե՞ք ապտակել նրան:
-Ես Ձեզ եւս մեկ անգամ եմ ասում, որ որեւէ խնդիր չի եղել:
-Այսինքն` Դուք Հ1-ի օպերատոր Էդգար Դավթյանի հետ խնդիր չե՞ք ունեցել:
-Ես չեմ ճանաչում նման անձնավորության, ընդ որում, Էդգար անունով:
Այս իրավիճակը 2 տխուր իրողության մասին է փաստում. մեկ, որ 6 օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին վարչապետի այցը լուսաբանող որեւէ լրատվամիջոց չի լուսաբանել: Երկրորդ՝ օպերատորի վրա «ձեռք բարձրացնողը» այն նույն թիմի ներկայացուցիչն է, որը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին տարբեր եղանակներով ստիպեց հրաժարական տալ, քանի որ լուրեր կային, թե ապտակել էր ՀՀ նախագահի արարողակարգային ծառայության աշխատակցին: Եւ հիմա եթե ՀՀ նախագահի նստավայրում աշխատող երիտասարդները իրականում այնքան սկզբունքային են, որքան մատուցում էին իրենց, ապա պարտավոր են պահանջել Վահե Հակոբյանի հրաժարականը: Այս պատմությունը ճիշտ եւ ճիշտ նախկին քաղաքապետի հետ տեղի ունեցած միջադեպի կրկնությունն է:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Հանրապետական կուսակցության վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու: Չնայած նա մատուցվում է որպես նոր սերնդի գործիչ՝ սպիտակ ձեռնոցներով, որ եկել է «փրկելու» սյունեցիներին, իրականում թաքնված միլիոնատեր է, ու անհասկանալի է, թե ինչպես:
Աղքատության ճիրաններում գտնվող մեր երկրում նա հասցրել է միաժամանակ 4 տեղ աշխատել` ստանալով ֆանտաստիկ բարձր աշխատավարձ ու եկամուտներ: Մարզպետը պաշտոնապես հայտարարագրել է, որ 48 մլն 655 հազար դրամ ստացել է «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ընկերությունից, 41 մլն 168 հազար դրամ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունից, 593 հազար դրամ՝ «Իստ Գեյթ Ռեսուրսես» ընկերությունից: Իսկ 1 մլն 886 հազար դրամ կազմել է մարզպետի աշխատավարձը: Վահե Հակոբյանը 192 հազար եվրո, որպես փոխառություն, վարկ ստացել է «Սաբադելլ» բանկից: Նա գույք է վաճառել 55 մլն դրամի չափով: Նրա դրամական միջոցները կազմում են 36 մլն դրամ, 115 հազար եվրո եւ 191 հազար դոլար:
Մարզպետը «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ընկերությունում ունի 10 տոկոս բաժնեմաս: Այսինքն՝ «Սուր եւ Ասպար» ընկերության հավատարմագրային կառավարիչն է: Պատգամավորի 46-ամյա թեկնածուն ունի նաեւ 17 հազար դոլար արժողությամբ «Hublot», 11 մլն դրամանոց «Vacheron Constantin», 12 մլն դրամանոց «Breguet» ժամացույցներ, Մարտիրոս Սարյանի 18 հազար դոլարանոց «Սեւան» ջրանկարը, Մարտիրոս Սարյանի յուղանկարը՝ 150 հազար դոլար արժողությամբ, 200 հազար դոլարանոց նկար Հովհաննես Այվազովսկուց: Նա ունի նաեւ 2015 թվականի արտադրության «Lexus ES 250» մակնիշի ավտոմեքենա եւ 2015 թվականի արտադրության «Horley-Davidson night Rod Special» մոտոցիկլ:
Բայց սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետը 90քմ բնակարան ունի Իսպանիայի Ալիկանտե քաղաքում եւ հողամաս Երեւանում:
Նկատենք, որ Վահե Հակոբյանը 1993-2000թթ. ՀՀ ԱԱԾ-ում է աշխատել, 2002-2011թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազությունում որպես ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ:
2011-2016թթ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, մոնիտորինգի ծառայության մասնագետ: Այսինքն` իր գիտակից կյանքը պետական համակարգում է աշխատել, իսկ թե ինչպես է հասցրել հարստանալ, թերեւս դժվար չէ կռահել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
15 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Տարեմուտի շեմին՝ 2016թ. դեկտեմբերի 22-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել ՀՀ 2016թ. պետական բյուջեով մարզպետարանի աշխատակազմի պահպանման համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարից պարգեւատրել մարզպետարանի աշխատակազմի հայեցողական, բարձրագույն ու գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում ենք ուղարկել, թե Տավուշի մարզպետարանի աշխատակազմի անդամներից ով որքան գումարով է պետական բյուջեից պարգեւատրել: Մարզպետի գրավոր պատասխանում նշված է. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի թվով 92 քաղաքացիական ծառայողներ 2016 թվականի 2-րդ կիսամյակի համար ստացել են 15.149.400 դրամի պարգեւատրում»:

 

 

ԻՋԵՎԱՆՑԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆ
Երիկամների անբավարարության հիվանդությամբ տառապող, դիալիզի կարիք ունեցող Իջեւանի տարածաշրջանի բնակիչները դիմել են «Ժողովուրդ»-ին՝ բարձրացնելով Իջեւանի բժշկական կենտրոնում դիալիզի միկրոբաժանմունք գործարկելու խնդիրը: Ծանր հիվանդությամբ տառապող այդ հիվանդների համար մեծ դժվարություն եւ ֆինանսական ծախս է այլ քաղաքների բժշկական հիմնարկներում պարբերաբար դիալիզի ենթարկվելը: Այդ խնդրի վերաբերյալ Տավուշի մարզպետարան մեր ներկայացրած գրավոր հարցմանն ի պատասխան՝ մարզպետ Հովիկ Աբովյանը պատասխանել է, որ ներկայումս Իջեւանի բժշկական կենտրոնը համապատասխան ֆինանսական միջոցներ չունի հիվանդանոցում դիալիզի միկրոբաժանմունք բացելու համար, քանի որ դիալիզի միայն մեկ սարքի գինը կազմում է 15 հազար եվրոյին համարժեք դրամ: Մարզպետը նաեւ հայտնել է, որ հիվանդներից ստացել են առաջարկներ, եւ դիալիզի բաժանմունք բացելու հարցը ներառվել է մարզի տարածքային զարգացման ռազմավարության ծրագրում, ինչպես նաեւ ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարություն:

 

 

24 ԴՊՐՈՑ ՎԱՌԵԼԱՓԱՅՏՈՎ Է ՋԵՌՈՒՑՎՈՒՄ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից 46-ը ջեռուցվում է բնական գազով, 7 դպրոցը՝ հեղուկ վառելիքով, 4-ը՝ էլեկտրական հոսանքով, 24 դպրոցը՝ վառելափայտով: Դասասենյակները վառելափայտով ջեռուցելը խնդիրներ է առաջացնում. դասասենյակներում ջերմությունը տատանվում է, դրանք լցվում են ծխով, սենյակների պատերը սեւանում են, կրակը վառ պահելու համար պետք է վառարանի մեջ ստեպ-ստեպ խառնել եւ այլն: Չնայած այդ խնդիրներին՝ դպրոցները վառելափայտով տաքացնելու դեպքում դասասենյակներում նորմալ, պահանջվող աստիճանի ջերմություն է լինում, ինչը խնդիր է դիզելային վառելիքով եւ էլեկտրական հոսանքով ջեռուցելու դեպքում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԵՐԹԵՎԵԿԸ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՒ
Նախկինում Իջեւան քաղաքի շուկայի մոտ, ավտոմեքենաների եւ հետիոտների տեղաշարժը կանոնակարգված չէր, ինչի հետեւանքով միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում հաճախ խցանումներ էին առաջանում: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ Իջեւանի շուկայի դիմաց մեքենաների երթեւեկն ապահովելու համար արգելապատնեշ տեղադրվեց, ինչը նվազեցրեց խցանումները: Սակայն հետիոտների անցման համար նախատեսված տեղով բնակիչները հատելով միջպետական ճանապարհը՝ խոչընդոտներ են ստեղծում մեքենաների երթեւեկի համար: Տարեմուտից առաջ Տավուշի մարզպետի ասուլիսի ժամանակ մարզի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ այդ տեղում լուսաֆոր տեղադրել, որպեսզի հետիոտների կողմից փողոցի հատումը կանոնակարգված լինի: Մարզպետն ասաց, որ նախագծային-նախահաշվային աշխատանքներ են կատարվել, որպեսզի տվյալ հատվածում 2017 թվականի ընթացքում հետիոտների ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցվի: Օրերս գրավոր դիմեցինք Տավուշի մարզպետին՝ հարցնելով, թե Իջեւանի շուկայի մոտ երբ է լուսաֆոր տեղադրվելու կամ հետիոտների համար անցում կառուցվելու: Տավուշի մարզպետն ի պատասխան՝ տեղեկացրեց. «Իջեւանի շուկայի դիմաց հետիոտների անկանոն անցումը եւ մեքենաների երթեւեկը կարգավորելու նպատակով լուսաֆոր տեղադրելու խնդիրը չի մտնում մարզպետարանի գործառույթների մեջ, այդ հարցով կարող եք դիմել ճանապարհային ոստիկանությանը: Հետիոտների անցում կառուցելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ առայժմ որեւէ ծրագրով այն նախատեսված չէ»: Փաստորեն, մարզկենտրոնի շուկայի մոտ երթեւեկն այս տարի էլ չի կարգավորվելու:

 

 

ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ
Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը շահագործման է հանձնվել 2015թ. հուլիսին, դրա կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 537 միլիոն դրամ: Սակայն ներկայումս բազմաթիվ վարորդներ գերադասում են երթեւեկել ոչ թե սահմանի վտանգավոր հատվածը շրջանցող ճանապարհով, այլ սահմանի երկայնքով ձգվող հին ճանապարհով, որը գտնվում է ադրբեջանական կրակի գոտում: Բանն այն է, որ շրջանցիկ ճանապարհին շատ են կտրուկ ոլորանները, որտեղ վարորդների տեսադաշտը փոքր է, եւ նրանք ստիպված են երթեւեկել ցածր արագությամբ: Բացի այդ՝ կեռմաններով լի նորակառույց ճանապարհի որոշ հատվածներում էլ ոչ բարվոք վիճակ է, ասֆալտի ծածկույթը «նստել է»:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս