ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿԱՀՈՒՅՔՆ ՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածուների դրամական միջոցները, անշարժ եւ շարժական գույքը:

Մատանիների տիրակալը
Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հայտարարագրել է 12 հատ ավտոմեքենա, 6 հատ շենք եւ շինություն, 9 հատ հողամաս՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում: Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է նաեւ իր տան ննջարանների, խոհանոցի, ճաշասենյակի կահույքը, վարագույրները եւ ձեռքի ժամացույցներն ու մատանիները: Օրինակ՝ Ծառուկյանի հայտարարագրած երկու ճաշասենյակների կահույքներից մեկի արժեքը կազմում է 127 հազար 820 եվրո, իսկ մյուսը՝ 42 հազար 800 եվրո: Ծառուկյանը հայտարարագրել է իր տան 8 ննջարանների կահույքները, որոնց գինը սկսում է 41.500 եվրոյից, նրա հայտարարագրած ննջարաններից մեկի կահույքի արժեքը կազմում է 117 հազար եվրո, մյուսինը՝ 116 հազար 200 եվրո եւ այլն: Իսկ մետաքսե վարագույրի արժեքը կազմում է 251 հազար 799 եվրո: Նա նաեւ հայտարարագրել է եւս մեկ կահույք, որի արժեքն է 118 հազար 485 եվրո: Նրա հայտարարագրած միայն ադամանդե քարերով ձեռքի ժամացույցի արժեքը կազմում է 300 հազար դոլար, իսկ ոսկե շղթայով եւ ադամանդե քարերով ձեռքի ժամացույցինը՝ 500 հազար դոլար (նշվածից նա երկու հատ է հայտարարագրել): Ծառուկյանի հայտարարագրած ադամանդե քարերով ամենաէժան ոսկե մատանու արժեքը 700 հազար դոլար է կազմում: Իսկ ահա ամենաթանկը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ 3 միլիոն դոլար արժի: Եվս մեկ հայտարարագրված, տղամարդու համար նախատեսված ադամանդներով մատանին էլ արժի 1 միլիոն դոլար:
Թեկնածուն որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 4.5 մլն դրամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 70 մլն 291 հազար դրամի չափով ստացած շահաբաժինը: Բացի այս՝ նա եւս երեք ընկերություններից շահաբաժին է ստացել. «Զվարթնոց Հենդլինգ» ընկերությունից Ծառուկյանը ստացել է 1 մլրդ 984 մլն 764 հազար դրամ, «Մուլտի մոթորս»-ից՝ 30 մլն դրամ, «Գորնա Բանյա ԿԿԺ» շշալցման ընկերությունից՝ մոտ 3 մլն եվրո շահաբաժին: Թեկնածուն փոխառություն ստացել է «Chimera Business Corporation» ընկերությունից՝ 592 հազար դոլարի չափով, իսկ «Կոնվերս բանկից»՝ ավելի քան 2 մլն դրամ: Ծառուկյանը նաեւ գույք է վաճառել՝ 407 մլն 160 հազար դրամով: Նշենք, որ նա «այլ եկամուտ» է ստացել, որն էլ նրան տվել է իր կինը՝ Ջավահիր Առաքելյանը՝ 300 հազար եվրոյի չափով: Իսկ «Գլոբալ մոթորս» ընկերությունից վարձակալության դիմաց ստացել է 24 մլն դրամ, «Գրայվեն Պորտֆոլիո Ս.Ա.»-ից ստացած փոխառությունն էլ կազմել է 1 մլն 758 հազար դոլար: Նրա դրամական միջոցները կազմում են ավելի քան 567 մլն դրամ, 4.5 մլն դոլար եւ 4 մլն 83 հազար եվրո: Բացի այս՝ նա 43 ընկերություններում ունի բաժնեմասեր եւ բաժնետոմսեր: Օրինակ՝ ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող «Մխչյան ֆիշ ֆուդ» ընկերությունում նա ունի 67 տոկոս բաժնեմաս: Ի դեպ, այս ընկերության հետ է կապվում նաեւ ՀՀ նախկին վարչապետ, Գ. Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի անունը:

Դոլարներով փեսան
Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված Արգամ Աբրահամյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, ինչպես նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, ունի 300 մլն դրամ եւ 250 հազար դոլար դրամական միջոց: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 2 մլն 143 հազար դրամ, «Մայ Արդ» ընկերությունից ստացած 1 մլն 401 հազար դրամի չափով շահաբաժինը, «Իմպերիում պլազա» ընկերությունից ստացած 143 մլն 905 հազար դրամ փոխառությունը, «Տերբազզա Պարկ»-ից ստացած 12 մլն դրամի չափով վարկավճարը եւ «Արգ.Լեւ. Գազ»-ից ստացած 10 մլն 157 հազար դրամի չափով շահաբաժինը: Նա հայտարարագրել է, որ ունի մեկ շինություն, երկու հողամաս, մեկ անհատական տուն, Մխչյան գյուղում մեկ հողամաս՝ շենք-շինություններով, արտադրական օբյեկտով, եւ եւս մեկ հողամաս՝ խորքային հորով: Արտաշատի քաղաքապետն ունի 2016 թվականի արտադրության «Ռենջ ռովեր սպորտ L 494 S» մակնիշի ավտոմեքենա: Աբրահամյանը «Արտաշատ վինկոն», «Մայ Արդ», «Արգ.Լեւ. Գազ» եւ «Արտաշատի պահածոների գործարան» ընկերություններում ունի 50 տոկոս բաժնեմաս, իսկ «Իմպերիում պլազա» եւ «Իմպերիում գրուպ» ընկերություններում՝ 100 տոկոս:

Անփող գյումրեցին
«Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնական հայտարարագրում նշել է, որ չի աշխատում եւ դրամական միջոցներ չունի: Փոխարենը հայտարարագրել է, որ ունի երկու հողամաս, երկու հատ շենք-շինություն եւ 2005 թվականի արտադրության մեկ հատ «BMW 760» մակնիշի ավտոմեքենա: Թե ինչպես կամ ում միջոցներով է ապրել Վ. Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո, անհայտ է:

Թանկարժեք գույք չունեցողը
Գյումրու ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանը, ով առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից, մեկ տուն ունի Գյումրիում, երեք բնակարան էլ Երեւանում: Նա հայտարարագրել է, որ շարժական եւ թանկարժեք գույք չունի: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 3 մլն 706 հազար դրամ:

Ձրի աշխատողը
ԱԺ նախկին պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Նապոլեոն Ազիզյանի պաշտոնական հայտարարագրին ծանոթանալիս պարզ է դառնում, որ նա «Միլլար» ընկերությունում աշխատում է որպես տնօրեն: Սակայն որպես եկամուտ նա իր աշխատավարձը չի հայտարարագրել: Միայն որպես եկամուտ նա հայտարարագրել է իր կենսաթոշակը, որն էլ ամսական կազմում է 190 հազար դրամ:

Տնօրենի որդին
ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, որը նույնպես «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու է, որպես տնօրեն աշխատում է «Քաղաքային ունիվերսալ Բազա» եւ «Բելվարմո թրեյդ» ընկերություններում: Նա հայտարարագրել է, որ Երեւանում ունի բազմաբնակարանային մեկ շենք, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ եւ չորս հատ ավտոմեքենա: Թեկնածուն որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձերը՝ 3 մլն 241 հազար եւ 2 մլն 481 հազար դրամ, նաեւ «Քաղաքային ունիվերսալ Բազա»-ից ստացած 5 մլն դրամի չափով շահաբաժինը: Պատգամավորի որդու դրամական միջոցները կազմում են 225 մլն դրամ, 620 հազար դոլար եւ 180 հազար եվրո:

Ձեռներեցի դուստրը
«Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստր Նորա Առուստամյանը նույնպես առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքով: Ըստ ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ 26-ամյա Առուստամյանը ո՛չ շարժական գույք ունի եւ ո՛չ էլ անշարժ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է 1 մլն 821 հազար 430 դրամ եւ «այլ եկամուտ», որը նրան տվել է հայրը՝ Սեդրակ Առուստամյանը՝ 2 մլն 105 հազար դրամ: Նրա դրամական միջոցները կազմում են 305 հազար դրամ: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ Առուստամյանը զբաղվում է նաեւ ՀԷԿ-երի բիզնեսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս