Ինչպես հայտնի է` «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը` «Fly with me» երգով: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին, Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին` 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Այս անգամ մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի զրույցը ռուսաստանաբնակ Արծվիկի (Արծվիկ Հարությունյան) հետ:
-Արծվի՛կ, ի՞նչ թելերով եք կապված Հայաստանի եւ ի՞նչ թելերով Ռուսաստանի հետ:
-Ծնվել եմ Հայաստանում` Կապանում: Մանկությունս անցել է ինչպես այստեղ, այնպես էլ Ռուսաստանում, որտեղ այդ տարիներին սովորում էր հայրիկս եւ պետք է պաշտպաներ թեկնածուական թեզը: Հայաստանի հետ կապը չեմ կարող բնութագրել, քանի որ այն իմ մեջ է, ոչ թե որոշակի հեռավորության վրա: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ կապին, ապա կարող եմ ասել, որ այն ինձ ձեւավորել է եւ երաժշտության ասպարեզում դրսեւորվելու հնարավորություն տվել:
-Ձեր անունն ո՞վ է ընտրել: Այն, իհարկե, յուրահատուկ է, արտերկրում չե՞ն դժվարանում արտասանել:
-Ամենասովորական հայկական ընտանեկան ավանդույթի համաձայն՝ այն դրել են տատիկիս պատվին: Պետք է նշեմ, որ ի սկզբանե չէի սիրում անունս, քանի որ այլ ազգի ներկայացուցիչների համար այն դժվար արտաբերելի էր, եւ Արծվիկը հնչում էր հնարավոր բոլոր ձեւերով` բացի ճիշտ տարբերակից: Հետո նկատեցի, որ շրջապատումս բազում աննաներ եւ անյաներ կան, իսկ ես միակն էի` որպես Արծվիկ: Սկսեցի այլ կերպ ընկալել անունս ու դրա փոխանցած խորությունը… մինչեւ այսօր: Այսօր ինձ համար ամենակարեւորն անվանս խորհուրդն է:
-Ե՞րբ եք սկսել երգչուհու Ձեր կարիերան, ռուսական «Գոլոս»-ից հետո՞ էր, որ դարձաք հայտնի հանրության համեմատաբար լայն զանգվածներին:
-Երգել սիրել եմ միշտ, սակայն երաժշտական ակտիվ գործունեությունս սկսել եմ 2012 թ.-ից, երբ դարձա «Jazz Parking» նախագծի անդամ, այնուհետեւ որոշեցի մասնակցել նաեւ միջազգային «The Voice» նախագծի ռուսաստանյան տարբերակին: Մասնակցեցի եւ առաջին անգամ չանցա նախընտրական փուլը: Մեկ ուրիշն իմ փոխարեն թերեւս կհիասթափվեր եւ չէր շարունակի իր պայքարը, սակայն դա իմ մասին չէր: Ես ոչ միայն հետ չկանգնեցի երազանքիցս, այլեւ առավել համառությամբ գնացի դեպի այն: Մասնակցեցի նույն մրցույթին երկրորդ անգամ, իսկ մնացածն արդեն գիտեք: Ամեն ինչ սկսվեց ճիշտ այդ պահից, երբ ես սկսեցի ոչ թե մրցել, այլ հաճույք ստանալ մասնակցության ամեն ակնթարթից:
-Ստեղծագործական ի՞նչ պլաններ ունեք` կապված Հայաստանի եւ Ռուսաստանի հետ: Ձեր ապագան ո՞ր երկրի շոու-բիզնեսում եք տեսնում:
-Եթե մեկ տարի առաջ այս հարցն ինձ ուղղեիք, պատասխանը միանշանակ կլիներ՝ Ռուսաստանում, սակայն վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն այնպիսի սրընթաց կերպով են փոխել կյանքս ու ապագայի նկատմամբ պատկերացումներս, որ պատասխանս հստակ է՝ Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի այն բոլոր անկյուններում, որտեղ իմ երաժշտությունը սիրում եւ լսում են:
-Ձեր պատկերացմամբ` «Եվրատեսիլ»-ում հաջողության հասնելու համար ինչպիսի՞ երգ պետք է ներկայացնել:
-Երբեք չես իմանա, թե այդ տարի ինչը կգրավի շուրջ 200 մլն հեռուստադիտողների աշխարհի ավելի քան 40 երկրում: Անձամբ ինձ համար կարեւոր է երգի կոնցեպտուալ խորությունը, կոնկրետ հաղորդագրություն պարունակելը: Հենց այդ չափանիշներով ենք առաջնորդվել մեր երգն ընտրելիս:
-Իսկ Ձեր դիտարկմամբ` ովքե՞ր են «Եվրատեսիլ»-ում հասնում հաջողության:
-Ոչ միայն «Եվրատեսիլ»-ում, այլեւ յուրաքանչյուր մրցույթում եւ կյանքում անհրաժեշտ է տաղանդ, ինքնավստահություն, ինչպես նաեւ հաջողության ճիշտ չափաբաժին: Թեեւ սրանք կարեւոր բաղադրիչներ են, սակայն պետք է խոստովանեմ՝ միանշանակ բանաձեւ չկա:
-Երբ Դուք հաղթեցիք «Դեպի Եվրատեսիլ»-ում, հայ հանրության շրջանում սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ Ձեր հաղթանակը կանխորոշված էր, եւ Ձեզ Ռուսաստանից կանչել էին` ի սկզբանե իմանալով, որ հենց Դուք եք ներկայացնելու Հայաստանը մրցույթում: Ի՞նչ կասեք:
-Ինձ համար իսկապես զարմանալի էին նմանատիպ խոսակցությունները: Եթե տվյալ մարդիկ ներկա լինեին ծրագրի նկարահանումներին եւ տեսնեին բոլոր մասնակիցների հուզմունքները, ապրումներն ու զգացողությունները, վստահաբար նման բան չէին ասի: Ես նույնիսկ մինչեւ վերջին վայրկյանը չէի չեղարկում մոսկովյան համերգներս, որովհետեւ չգիտեի՝ կշարունակե՞մ արդյոք պայքարս հաջորդ փուլերում, թե՞ ոչ:
-Հայաստանցի հանդիսատեսի համար մի քանի համերգներ արդեն ունեցել եք, անհատական, համեմատաբար մասսայական համերգներ սպասվո՞ւմ են:
-Այս պահին չեմ կարող որեւէ հստակ բան ասել, քանի որ այժմյան մտածմունքս միայն ու միայն «Եվրատեսիլ»-ն է: Իսկ մրցույթից հետո, կարծում եմ, կսկսեմ մտածել այդ ուղղությամբ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՈՉ ԹԵ ԽՆԴԻՐ ԼՈՒԾՈՂ ԵՆՔ, ԱՅԼ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ»
Արդեն մեկ ամիս է` հայ հանդիսատեսի դատին է ներկայացվել «Սիրով` ապագայից կամ Մեա կուլպա 2» ներկայացումը (բեմադրիչ` Արթուր Սահակյան, սցենարը` Վահրամ Սահակյանի), որտեղ, ինչպես առաջին մասում, խաղում է նաեւ Իրինա Դանիելյանը: Սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց դերասանուհին, իր կերպարը, որի ներկայությունը հանդիսատեսը առաջին մասում զգում էր զուտ ձայնի միջոցով, հիմա, այսպես ասած, մարմին է առել. «Ես ներկայացնում եմ հարեւանուհու հավաքական կերպար` մեր իրականությունում: Ներկայացման երկրորդ մասը, ինչպես առաջինը, ունի մեսիջներ, պատգամներ, բայց մենք ոչ թե խնդիր լուծող ենք, այլ բարձրացնող: Այն թեմաները, որոնք շոշափվում են, ինձ հետաքրքրում են նաեւ որպես հանդիսատեսի: Կարելի է ասել, որ «Մեա կուլպա 2»-ն 1-ինի շարունակությունն է: Երկրորդի դեպքում արդեն իրադարձությունները ծավալվում են 2026 թվականին»,-նշեց Ի. Դանիելյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայացման կազմով մայիսի 1-ին մեկ ամսով մեկնելու են ԱՄՆ, Կանադա` հյուրախաղերի:
Դերասանուհին, խոսելով առաջիկա պլանների մասին, հայտնեց, որ նոր ներկայացմամբ հանդես գալու մտադրություն ունի. «Հավանաբար, այն հանդիսատեսի դատին կհանձնենք աշնանը, խոսքը կատակերգության մասին է, այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի»,-ասաց մեր զրուցակիցը:
Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհին խոստովանեց, որ նախընտրում է ներկայանալ անտերպրիզային ներկայացումներում, եւ աշնանը սպասվող նախագիծը նույնպես այդ բնույթի է լինելու: Ինչ վերաբերում է էկրանին` Ի. Դանիելյանն իրեն ավելի կոմֆորտ է զգում սիթքոմներում, թեեւ նա այս պահին նկարահանվում է «Երանի» սերիալում եւ այդ նախագծում իր կատարած աշխատանքը եւս հոգեհարազատ է համարում:
Վերջում դերասանուհու հետ գործնականից զատ մի փոքր խոսեցինք նաեւ անձնականից եւ հետաքրքրվեցինք, թե կանանց միամսյակի առթիվ ստացած ամենահետաքրքիր նվերը որն է եղել. «Գարուն եմ ստացել, դա իմ ամենամեծ նվերն է, որը վայելում եմ, իսկ նյութական նվերներն այս պահին բացարձակ չեմ կարեւորում»,-եզրափակեց նա:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ` 30 ՏԱՐԻ ԱՆՑ
Տարիներ առաջ Հայաստանում ճանաչում վայելած H.A.Y.Q. խմբի նախկին անդամներից մեկը` Հրանտ Հովսեփյանը, մասնակցել է ռուսական ծՁԹ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսում ենք եւ ցույց տալիս» հաղորդմանը, որի շրջանակում հանդիպել է իր կենսաբանական մորը` լիտվացի Ելենա Իսենգելին: Վերջինս պատմել է, որ Հրանտի հորը հանդիպել է Մինսկում սովորելու ժամանակ՝ 18 տարեկանում: Ծնունդով Անգոլայից տղամարդուն հաջողվել է գրավել լիտվացի աղջկան: Արդյունքում ծնվել է տղան, որից մայրը հետագայում հրաժարվել է նրա` սեւամորթ լինելու պատճառով: Նշենք, որ Հրանտին որդեգրել է հայուհի Լարիսա Հովսեփյանը եւ նրան տեղափոխել Երեւան: Այժմ Իսենգելը 30 տարի անց որոշել է գտնել իր առաջնեկին: Տեսանյութը դիտելուց հետո պարզ է դառնում, որ մոր եւ զավակի հանդիպումը հուզիչ է եղել: Հավելենք, որ այժմ Հրանտն ապրում է Մոսկվայում եւ զբաղվում է երաժշտությամբ: