Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Նոտարական թարգմանություններ իրականացնող այս ծառայությունը, ուղիղ իմաստով, «օդում կախված» է մնացել: Կարծում ենք՝ ծառայություն իրականացնողները իրենց հայտարությունը փակցրել են ոչ այնքան հարմար վայրում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հաշմանդամություն ունեցող երեխան իրավունք ունի՞ տնային պայմաններում ուսում ստանալու: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք, թե ի՞նչ սկզբունքով է կազմակերպվում այդ գործընթացը:
Կարինե Մանուկյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝
Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի եւ նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջեւ պայմանագրի հիման վրա:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի համաձայն՝
Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են՝
ա) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ՝
շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ եւ զառանցանքային խանգարումներ F20-F29 (կոդավորումը՝ ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման; տրամադրության խանգարումներ; նյարդայնական եւ հոգեմարմնական խանգարումներ՝ կապված գերհույզի, սթրեսի հետ; վարքային համախտանիշներ՝ կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ; մտավոր հետամնացություն; հոգեբանական զարգացման խանգարում եւ լեզվի զարգացման յուրահատուկ խանգարումներ; սովորաբար մանուկ կամ դեռահաս տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ; հոգեկան խանգարումներ՝ առանց լրացուցիչ ճշտումների:
շարունակելի
«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետությունը հաշմանդամների համար երաշխավորում է կրթության եւ մասնագիտական ուսուցման իրավունք, ինչպես նաեւ պատրաստում է դրա համար անհրաժեշտ մանկավարժական կադրեր:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս է հաշվարկվում գնաճի ցուցանիշը, եւ ընդհանրապես ո՞վ է հաշվարկում այն:
Վլադիմիր Եփրեմյան (32 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը: Սպառողական շուկայի համար գների ինդեքս ԱՎԾ-ն հաշվարկում է ամսական պարբերականությամբ՝ դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները ՀՀ 10 մարզերում եւ Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սպառողական շուկայում գնաճ երեւույթը չափելիս կիրառվում են մի քանի տեսակի ցուցանիշներ: Դրանք կարող են տարբերվել ժամկետայնությամբ՝ ամսական, եռամսյակային, տարեկան: Իրենց հերթին այս ցուցանիշները կարող են լինել միջին կամ ժամանակահատվածի վերջի դրությամբ: