ՖՈՏՈ. Ռուսաստանաբնակ հայազգի գործարարները Հայաստանում են. ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը տրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Նշենք, որ 2017 թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

ՀՀ վարչապետը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է. «Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ և մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ:

Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ: Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ. բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20-30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջև, քան մենք ունենք:

Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ և ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել: Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»:

Կարեն Կարապետյանը շեշտել է, որ «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, և գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու: «Բացի այդ, անդամներից յուրաքանչյուրն ունի մեծ շրջապատ, և այս ակումբը դառնալու է կամուրջ իրենց շրջապատի, իրենց հետ կապիտալով, գործով կապված մարդկանց ու մեր երկրի միջև: Այս ակումբի մուտքը Հայաստան նաև նպաստելու է ֆինանսական, կապիտալի շուկայում առկա բացերի լուծմանն ու զարգացմանը: Ակումբի անդամները նաև իրենց բարոյական կերպարով, պահելաձևով, նոր մշակույթ են մտցնելու բիզնես էլիտայի մեջ, ինչը չափազանց կարևոր է:

Ես ձեզ բոլորիդ ողջունում եմ և խորին շնորհակալություն հայտնում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկերոջը, Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամին, բարեգործին, ներդրողին՝ Սամվել Կարապետյանին: Դուք բոլորդ չեք պատկերացնում՝ ինչքան կարևոր գործ եք արել:

Ես վստահ եմ, որ կառավարության հետ այս ակումբի համագործակցությունը լինելու է շատ կանխատեսելի և հասկանալի: Մենք մի բան հստակ ենք ասել. մենք ցանկացած բիզնեսմենի գործընկերն ենք, մենք ցանկացած բիզնես անողի գործընկերն ենք, և դուք ռեգուլյար զգալու եք մեր այդ ձգտումը: Չափազանց կարևորում եմ, որ ակումբը լինի հաջողակ, և հենց ճիշտ հիմքն այն է, որ սա ոչ թե բարեգործական, այլ ագրեսիվ բիզնես ակումբ է», – խոսքը եզրափակել է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

«Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է մեր երկրում, որի նպատակն է ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հետևյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի և թեթև արդյունաբերություն: Նմանատիպ պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարևոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն:

Ֆոնդը, որի կառավարիչը «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ն է, իր գործունեությունն իրականացնելու է նոր և գործող ընկերությունների կապիտալի մասնակցության, պարտատոմսերի և անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև փոխառությունների տրամադրման տեսքով: Անդամակցել կարող են ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչը, ելնելով ֆոնդի բնույթից, պետք է հաստատվի հիմնադրամի կառավարող ընկերության՝ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ տնօրենների խորհրդի կողմից: «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49-ը:




Լրահոս