«Իգլա»-ի համար մեր հարաբերությունները չեն փչանա. Միքայել Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը տարատեսակ քննարկումների առիթ դարձավ:

Պաշտոնապես հայտարարվեց, որ Բաբայանի պատվերով փորձել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանի տարածքով Հայաստան «Իգլա» տեսակի հրթիռային համակարգ բերել, իսկ ՕՐՕ դաշինքը, որի համակիրն է համարվում Բաբայանը, այս ձերբակալությունը կապեց քաղաքականության հետ եւ Բաբայանին շտապեց համարել քաղբանտարկյալ: Արդյո՞ք Բաբայանը ընդունակ էր մաքսանենգ ճանապարհով «Իգլա» բերել Հայաստան եւ մի՞թե այդ հակաօդային զենքով կարող էր ներքաղաքական հարցեր լուծել. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, երեք օր առաջ ձերբակալվեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը համարում է, որ դա ունի քաղաքական դրդապատճառներ, որովհետեւ Բաբայանը իրենց համակիրն է: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Գիտեք, այդ բոլորը դատաիրավական դաշտում է: Դրա պատասխանը ես չունեմ, այդ հարցը պետք է տաք իրավապահ մարմիներին, նրանք պետք է պատասխանը տան:

-ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության տարածքով մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման պատվիրման կասկածանքով։ Հնարավո՞ր է՝ մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեղափոխել Հայաստան:

-Ամեն ինչ հնարավոր է, բայց նորից եմ ասում՝ այդ հարցի պատասխանը ես չունեմ, դատաիրավական մարմինները կարող են այդ հարցին պատասխանել:

-Դուք, լինելով պրոֆեսիոնալ զինվորական, քաջատեղյակ եք, թե ինչ է իրենից ներկայացնում «Իգլա»-ն…

-Այո՛, «Իգլա»-ն հակաօդային զենք է, որը խոցում է ինքնաթիռներ, ուղղաթիռներ, դրա համար է «Իգլա»-ն:

-Ի՞նչ եք կարծում՝ այդ զենքով հնարավո՞ր է ներքաղաքական հարցեր լուծել:

-Գիտեք, մենք արդեն անցնում ենք հարցերի, որոնց պատասխանը ես չունեմ: Ամեն ինչ հնարավոր է:

-ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ մաքսանենգ ճանապարհով Վրաստանի տարածքով Հայաստան է բերվել ռուսական ռազմական տեխնիկա, սակայն նախօրեին Վրաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Այսպիսի հակասական պաշտոնական հայտարարությունները սեպ չե՞ն խրի երկու պետությունների հարաբերությունների միջեւ:

-Ես նորից եմ ասում՝ դա իմ հարցը չէ, այդ հարցը իրավապահ մարմիններին տվե՛ք: Իսկ ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Վրաստանի հետ, մենք բարեկամ ժողովուրդներ ենք, Վրաստանը բարեկամ երկիր է, հարեւան երկիր է, ես համոզված եմ, որ մի «Իգլա»-ի համար մեր հարաբերությունները չեն փչանա, որովհետեւ մենք դարերի պատմություն ունենք, դարեր ենք անցել միասին. հարեւան պետություններ ենք եղել ու կմնանք հարեւան պետություններ:

-Արկադի Տեր-Թադեւոսյանը, անդրադառնալով Բաբայանի ձերբակալությանը, նշել է, որ այս միջադեպին նայում է թշնամու աչքերով եւ Սամվել Բաբայանի ձերբակալումը նրանց համար մեծ ուրախություն կլինի: Համամի՞տ եք Կոմանդոսի այդ հայտարարությանը:

-Ոչ ոք, ոչ ոք իրավունք չունի մեր օրենքները խախտել, դա կլինի կռված տղա, թե՛ հերոս, թե՛ կոլխոզում աշխատող, հողի վրա աշխատող ժողովուրդ, ոչ ոք իրավունք չունի խախտել օրենքը:

-Ինքը` Բաբայանը, հարցաքննության ժամանակ հրաժարվել է ներկայացված մեղադրանքներից:

-Ես նորից եմ ասում՝ իրավապահ մարմինները պետք է այդ հարցի պատասխանը տան:

-Այնուամենայնիվ, որպես պաշտպանության նախկին նախարար, մարդ, ով երկար տարիներ ճանաչել է Սամվել Բաբայանին, ի՞նչ եք կարծում՝ նա նման քայլի ընդունա՞կ էր:

-Այնպիսի հարցեր եք տալիս… իրենցից հարցրե՛ք: Ես շուտվանից եմ իրեն ճանաչում, բայց այդ հարցի պատասխանը ոչ թե ես պետք է տամ, այլ իրավապահ մարմինները: Ես այդ հարցի պատասխանը չունեմ:

-Պարո՛ն Հարությունյան, որպես պաշտպանության նախկին նախարար եւ այժմ էլ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, ընդունո՞ւմ եք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջարկած խաղաղության ծրագիրը:

-Գիտեք, խաղաղություն մենք բոլորս ենք ուզում, Դուք էլ եք ուզում, ես էլ եմ ուզում, ամբողջ ժողովուրդն է ուզում, բայց ինչ գնով, այդ հարցի պատասխանը ես այդտեղ չգտա:

-Փոխզիջումների միջոցով…

-Գիտեք, առաջինը պետք է որոշվի Արցախի հարցը: Դրանից հետո մենք կարող ենք որոշել փոխզիջումների մասին: Գլխավորն այն է, որ Ադրբեջանը ընդունի, որ Արցախը անկախ պետություն է, դրանից հետո արդեն կարելի է ուրիշ հարցերի շուրջ նստել, բանակցել:

Զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս