«Մենք որ վախեցող լինեինք»… Ջրառատի միջադեպի հարցաքննության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին Ջրառատ համայնքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներին նախօրեին հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործով տուժող Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հարցրել են՝ արդյո՞ք նրանց վախեցրել են, որ չբողոքեն:

Ինչպես հայտնի է՝ մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը: Այդ միջադեպն ունեցավ իր շարունակությունը. արդեն մարտի 14-ին արձանագրվեց նոր միջադեպ, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանն այլ անձանց հետ ծեծի ենթարկեց Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկ Մելքոնյանին՝ արձակելով նաեւ կրակոցներ, որոնց արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվեց թեթեւ վնաս, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահասին՝ միջին ծանրության վնաս:

Կատարվածի արդյունքում հարուցված քրեական գործով Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով), եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) Վերջինս կալանավորված է:

Սակայն մարտի 16-ին դեպքերը զարգացան միանգամայն այլ ուղղությամբ: Բանն այն է, որ հիվանդանոց տեղափոխված Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, հայտարարել էր, թե ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել են իրար եւ հաշտվել: Այս հայտարարությունից հետո երեկ նախաքննական մարմինն առաջին անգամ տուժողներին կանչել էր հարցաքննության:

Մեզ հետ զրույցում գործով տուժած Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ասաց, որ ՀՀ քննչական կոմիտե էր գնացել կնոջ հետ. «Ասեցինք, որ մենք ոչ մի բողոք չունենք, բոլորս էլ կհաշտվենք: Մեռելատունն իրար հետ ենք, հարսանիքի տեղը իրար հետ ենք, թաղի մեջ իրար հետ ենք: Կա՛մ մեկս պետք է քոչի այստեղից գնա, կա՛մ հաշտվենք: Այսպես ասեցինք, բողոք չունենք, մնացածը իրավապահները արդեն գիտեն, թե իրենց գործին ինչ ընթացք կտան: Մենք մի գյուղում ենք ապրում, եւ այս ամենը չկանգնեցնելը արդեն շատ վատ բան կլիներ: Եթե մեծերն այս ամենի վերջը չտային, բանը կհասներ ջահելների թշնամանքին, ու այս ամենը պետք է կանգնեցնել: Ու գիտեք, ամեն ինչ մի ստից խոսակցությունից էր սկսվել ու դարձել էր մի կաթիլ մեղրի պատմություն»:

Ու թեեւ Մանվել Մելքոնյանը բողոք չունի եւ հաշտվել է փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ, սակայն ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նաեւ ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով եւ այս մեղադրանքով կալանավորված է Տիգրան Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանվել Մելքոնյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Բան կա, որ մեզանից կախված չէ, օրինակ՝ զենքի պահը, ոնց ես կարող եմ իրենց ասել՝ կարճե՛ք կամ շուտափութ մի բան արե՛ք, դա իրավապահների գործն է, իրենք… չգիտեմ: Մենք Տիգրան Սարգսյանի դեմ էլ բողոք չունենք, թե ինչ պայմաններում է հայտնվել այնտեղ, ոնց է այդ զենքը ճարել, գաղափար չունեմ, իր հետ անգամ պրոբլեմ էլ չենք ունեցել»:

Ի դեպ, Մանվել Մելքոնյանն ասաց, որ քննիչներն իրենց հարց են տվել՝ արդյո՞ք նրանց վախեցրել են, որ այսօր հայտնում են, թե բողոք չունեն եւ հաշտվել են. «Մենք որ վախեցող լինեինք, այդ տեղին չէինք հասնի, որ վախեցող լինեինք, գլուխներս կկախեինք, եւ ոչ մի միջադեպ էլ չէր լինի»,- ընդգծեց Մելքոնյանը:

Նա անդրադարձավ նաեւ այն հրապարակումներին, թե իբր իրենց հրահրել է Լեռնային Ղարաբաղի պաշտանության նախկին նախարար Սամվել Բաբայանը. «Ամոթ է, չի կարելի մարդկանց դրդել արյունահեղության: Մենք Սամվել Բաբայանի հետ ոչ մի առնչություն չունենք, մենք Սամվել Բաբայանին հարգում ենք որպես Արցախի հերոս: Մամուլը գրում է, թե հրահրողը Սամվել Բաբայանն է, բայց մենք անգամ նրան չենք էլ ճանաչում, ո՛չ տեսել ենք, ո՛չ խոսել ենք, ուղղակի այդ մարդը դեպքերի առումով լրատվամիջոցների հետ խոսել էր, մենք իրեն լրատվամիջոցներով գիտենք»:

Քնար Մանուկյան




Լրահոս