Այսօր մեր հաղթանակի շանսերն ավելի մեծ են. Տիգրան Ստեփանյանն իր առաջադրվելու և անելիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց «Ծառուկյան» դաշինքի անդամ, թիվ 5 ընտրատարածքում (Արարատի մարզ) առաջադրված թեկնածու Տիգրան Ստեփանյանի հետ:

-Պարո՛ն Ստեփանյան, Դուք երկու անգամ արդեն եղել եք ԱԺ պատգամավոր: Հիմա երրորդ անգամ եք պատգամավոր դառնալու հայտ ներկայացրել, ինչո՞ւ: Ի՞նչ գործ է կիսատ մնացել:

-Պետք է նշեմ, որ 2007 թվականին Ազգային ժողովի պատգամավոր եմ դարձել մեծամասնական ընտրակարգով, իսկ 2012 թվականին՝ ԲՀԿ համամասնական ընտրացուցակով եմ դարձել Ազգային ժողովի պատգամավոր: Իմ պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ կուսակցության որդեգրած սկզբունքներով, որում առաջնահերթ կարեւորվում է մարդու հանդեպ սրտացավ վերաբերմունքը: Որպես ժողովրդի քվեն ստացած անհատ՝ փորձում եմ միշտ ուշադրության կենտրոնում պահել ժողովրդին հուզող հարցերը:

-Մասնավորապես ի՞նչ հարցերի մասին է խոսքը:

-Մեր տարածաշրջանի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, այդ իսկ պատճառով իմ հնարավորության շրջանակներում փորձել եմ օգտակար լինել նրանց խնդիրների լուծմանը: Գյուղացին այսօր բազմաթիվ խնդիրներ ունի։ Անբավարար վիճակում են գյուղատնտեսական տեխնիկան, վառելանյութը, թունաքիմիկատները, ոռոգման ջուրը։

Նաեւ իմ անձնական միջոցներով եւ օժանդակությամբ կատարվել են մի քանի գյուղերի ոռոգման եւ խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ, սակայն այս ոլորտում կան լուծման կարոտ որոշ հիմնախնդիրներ եւս, որոնց մասին առաջարկությամբ դիմելու եմ կառավարությանը: Նշեմ, որ մեր բնակիչները շատ են դիմում նաեւ առողջական խնդիրներով: Այս տարիների ընթացքում ես կարողացել եմ ինձ դիմող բնակիչներին օգնել, որպեսզի անվճար բուժզննում անցնեն եւ վիրահատություններ կատարեն:

Այս ամբողջ ընթացքում մեր ընտրատարածքի բնակիչներին մշտապես աջակցել է մեր կուսակցության առաջնորդի կողմից ստեղծված «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Երեւանի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող Մասիսի եւ հարակից գյուղերի ուսանողներին տարիներ շարունակ տրամադրվում են անվճար երթեւեկության կտրոններ: Որքան էլ որ կատարվածը շատ է, անավարտ գործեր եւս շատ կան, որոնք կյանքի կկոչվեն կրկին ընտրվելու դեպքում:

-Դուք ռեյտինգային կարգով առաջադրվել եք «Ծառուկյան» դաշինքի կողմից: Ստացվում է` Ձեր հաղթանակի շանսերն այդպիսով ավելացել են:

-Պետք է հպարտությամբ փաստեմ, որ հիմա առավել քան երբեւէ մեր հաղթանակի շանսերը մեծ են: «Ծառուկյան» դաշինքը եւ ռեյտինգային ցուցակում ընդգրկված անձինք ժողովրդի կողմից հարգված եւ ընդունված անձնավորություններ են: Չեմ ուզում անհամեստ երեւալ, բայց ես նույնպես ընդունված ու հարգված եմ իմ ընտրողների կողմից, քանի որ միշտ հասանելի եմ եղել ժողովրդի համար եւ տեղյակ եմ եղել նրանց հոգսերին ու խնդիրներին:

Փորձել եմ որոշ չափով նրանց մատից փուշ հանել: Ժողովուրդը գիտե, տեղյակ է մեր աշխատաոճին, այդ իսկ պատճառով այսօր մեր շանսերն ավելի մեծ են:

-Հնարավո՞ր է ընտրվեք, բայց Ազգային Ժողով չգնաք, այլ գործադիրում ինչ-որ աշխատանքի անցնեք:

-Միանգամից ասեմ՝ ո՛չ, ես ինձ գործադիր իշխանությունում չեմ տեսնում: Ես Ազգային ժողովում շատ անելիքներ ունեմ եւ ընտրվելու դեպքում պետք է շարունակեմ զբաղվել օրենսդիր գործունեությամբ՝ ի բարօրություն ՀՀ քաղաքացիների:

-Դուք ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք, Ձեր կարծիքով՝ ՀՀ քաղաքացու իրավունքները մեր երկրում պաշտպանվա՞ծ են:

-Ասեմ, որ բազմիցս արձանագրվել է, որ մեր քաղաքացիների իրավունքները խախտվում են հատկապես իրավապահ մարմինների հետ առնչվելիս՝ դատախազության, դատարանների հետ կապված: Պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են, սակայն դեռեւս չենք հասել այն արդյունքին, ինչը կցանկանայինք:

Կարծում եմ, որ ապագա խորհրդարանում այնպիսի օրենսդրական գործունեություն կծավալենք, որպեսզի կարողանանք լիարժեք պաշտպանել ՀՀ քաղաքացու իրավունքները:

-Ձեր կանխատեսմամբ՝ «Ծառուկյան» դաշինքը որքա՞ն ձայն կհավաքի:

-Դուք հարց եք ուղղում, որին դժվար է հստակ պատասխանել, սակայն պետք է ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը ու իր թիմակիցները այնպիսի հեղինակություն են վայելում, որ կարող են մեծամասնություն կազմել խորհրդարանում:

Մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժողովրդի հետ իր հանդիպումներում եւս նշում է, որ եթե ժողովուրդը իր 50+1 տոկոս քվեն տա «Ծառուկյան» դաշինքին, մենք կձեւավորենք կառավարություն, եւ երկրի վիճակը կտրականապես կփոխվի: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա ապրել բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով:

Լիլիթ Ավետիսյան




Լրահոս