ՀՀ Սյունիքի մարզի հին հայկական բնակավայրերից Օխտարի դաշնակցական գյուղապետը թեեւ առաջադրված թեկնածու չէ, բայց այժմ գտնվում է արձակուրդում: Նրա խոսքերով՝ արձակուրդ է մեկնել ընտրական գործընթացներին մասնակցելու նպատակով: Նշենք, որ Օխտարը 22 ընտանիք ունեցող գյուղ է:
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել է Օխտարի գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանի հետ:
-Պարո՛ն Համբարձումյան, Օխտարի բնակիչները պատրաստվո՞ւմ են խորհրդարանական ընտրություններին:
-Շատ անկանախատեսելի ընտրություններ են: Չեմ կարող ասել, թե մարդիկ ինչպես են տրամադրված: Քվեարկության նոր կարգը, թեկնածուները… ամեն բան խառնվել է իրար: Բայց ընտրական հանձնաժողովի անդամները, որոնք սերտիֆիկատ են ստացել, մասնակցել են քննություններին, օգնում են բնակիչներին, պատասխանում են հարցերին, բացատրական աշխատանքներ են տանում իրենց հետ:
-Դուք դաշնակացակա՞ն եք…
-Այո՛, եւ ես աշխատելու եմ ՀՅԴ-ի համար: Բայց գյուղապետի իմ գործոնը ես չեմ օգտագործելու ընտրություններին: Անձամբ ոչ ոքի չեմ ստիպելու, որ ընտրեն ՀՅԴ-ին: Գյուղացին իմ աշխատանքը գնահատելով, իմ խաթր է, որ իմ կուսակցությանը ձայն է տալու:
-Նախընտրական շրջանում քաղաքական ուժերից որեւէ թեկնածու այցելե՞լ է գյուղ, հանդիպե՞լ է բնակիչների հետ:
-Առայժմ ոչ մի թեկնածու չի այցելել գյուղ: Երեւի մտածում են, որ փոքր գյուղ է, դրա համար չեն գալիս: Կամ էլ կարծում են, որ գյուղապետը դաշնակցական է, վախենում են՝ մոտենան գյուղին (ծիծաղում է-Ս.Հ.):
-Հայ հեղափոխական դաշնակցությունից էլ չե՞ն այցելել գյուղ:
-Պետք է գան, գուցե վաղը, մյուս օրը գան: Իրենք նախապես տեղյակ կպահեն:
-Ձեր կուսակցությունը ի՞նչ խոստումներ է տվել: Գյուղի համար ի՞նչ է անելու:
-Դեռ խոստում չի տվել կուսակցությունը: Որեւէ քաղաքական ուժ մեզ խոստում չի տվել:
-Պարո՛ն Համբարձումյան, Դուք արձակուրդո՞ւմ եք:
-Այո՛: Իմ հերթական արձակուրդի ժամկետն էր, բայց մարտի 28-ին կգնամ աշխատանքի:
-Ընտրական գործընթացների հետ կապված ե՞ք արձակուրդում գտնվում:
-Ես չեմ մտնում քարոզչությունների մեջ, այլ տեղեր չեմ գնում քարոզչություն կատարելու նպատակով: Իմ գյուղի բնակիչը գիտիէ եթե ես մի անգամ խնդրել եմ, որ ինքը իմ կուսակցությանը ձայն տա, հետո էլ չեմ անհանգստացնում:
-Արձակուրդի ընթացքում գյուղապետարա՞ն էլ ելումուտ չեք անում:
-Բա տանը նստեմ, ի՞նչ անեմ: Այցելում եմ, բայց քարոզչություն չեմ անում: Կարող եմ գյուղացիների հեռախոսահամարները Ձեզ տալ, զանգե՛ք, հարցրե՛ք՝ գյուղապետը քարոզո՞ւմ է, տներով պտտվո՞ւմ է:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ