Նրանք «մարտնչել են» հանուն ՀՀԿ-ի. կուսակցության համար ձայներ հավաքագրածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը Երեւանի եւ ՀՀ մարզերի 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններ է հրապարակել, որտեղ նրանք ներկայացնում են, թե ինչպես են ձայներ հավաքագրել Հանրապետական կուսակցութան համար:

Այսպես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն զանգահարել է հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների թվով 136 տնօրենների եւ ներկայանալով Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչ՝ հետաքրքրվել հավաքագրվող ցուցակների մասին:

Պարզվել է, որ ՀՀ մարզերի եւ Երեւանի թվով 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին: ՀԿ-ն պարզել է նաեւ, որ ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ եղել է տնօրեն (Գյումրու թիվ 37 դպրոցի), որն ընդունել է, որ վախեցրել է մարդկանց՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ի դեպ, Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի ամուսինը՝ Արտակ Ավետիսյանը, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է: Ըստ ՀԿ-ի՝ դպրոցը ներկայացրել է 1700 հոգու անուն:

Զանգահարողի այն հարցին՝ վստահելի՞ են այդ 1700 մարդիկ, թիվ 37 դպրոցի տնօրենը պատասխանում է. «Լրիվ, լրիվ, 1000 անգամ ստուգված մարդիկ են: Մենակ չեմ արել, իմ ամուսինս էլ է ոլորտի մեջ: Աշխատում են մեկ ամիս, ամենավերջին ձեւով վախեցնելով, ովքեր երկու տեղ են գրանցվել, համ էստեղ, համ էնտեղ, դուրս են բերվել ցուցակից: Այս ամենի գլխին կանգնած է ամուսինս»:

Տեղեկացնենք, որ մարզերում տնօրենների կողմից հավաքագրված ցուցակները փոխանցվել են մարզպետարանների կրթության վարչություններ ու քաղաքապետարաններ: Իսկ Երեւանում՝ թաղապետարաններ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն իր հայտարարության մեջ նշել է նաեւ, որ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հետ է զանգել եւ «զեկուցել», որ ցուցակները անձամբ ինքն է հավաքել: Այսպիսով, ՀԿ-ն զանգահարել է 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին, որոնցից 114 տնօրեններ ընդունել են ցուցակներ հավաքագրելու փաստը:

Դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները հրապարակելուց ընդամենը ժամեր անց ՀՀԿ կենտրոնական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, նույնականացում: Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս: Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որեւէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի խախտում»:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայներ հավաքագրող դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները հրապարակել է sut.am էլեկտրոնային կայքէջում: Սակայն ձայնագրությունները հրապարակելուց հետո կայքի ղեկավարությունը պարբերաբար հայտարարությամբ էր հանդես գալիս, որ կայքն անընդհատ «հարձակումների» է ենթարկվում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հետ, ով ասաց. «Մենք մեր գործողությունների մասով նախապես խորհրդակցել ենք իրավաբանների հետ եւ վստահ ենք, որ այս մասով որեւիցե խնդիր չենք ունենա»:

Որքան էլ տարօրինակ է, սակայն կատարվածից հետո լուռ էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ողջ օրվա ընթացքում ԿԸՀ-ն այդպես էլ հանդես չեկավ հայտարարությամբ: Իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ավելի ուշ, Դանիել Իոաննիսյանից տեղեկացանք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը զանգահարել է իրեն եւ խնդրել ուղարկել այդ ձայնագրությունները:

Նշենք, որ ցանկում առկա դպրոցների եւ մանկապարտեզների մի մասը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, իսկ մի մասն էլ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ձայնագրություններն ու փաստերը կուսումնասիրեն եւ հանդես կգան հայտարարությամբ: Իսկ ԿԳՆ մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը հայտնեց, որ նախարարը տեղյակ է կատարվածից, այդ մասին զեկուցվել է նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Մանուկ Մկրտչյանին: ԿԳՆ հետագա անելիքների մասին առաջիկայում կներկայացվի:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները, թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրում է հրապարակված ձայնագրությունները: Ուսումնասիրության ավարտից հետո կլինի համապատասխան հայտարարություն:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ ձայն հավաքագրող տնօրենների հետ, սակայն վերջիններս օրվա կեսից հետո արդեն լքել էին իրենց «պոստը». նրանք աշխատանքի վայրում չէին: Իսկ ահա Երեւանի թիվ 60 դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը զբաղված էր նախընտրական գործերով: Այդպես մեզ փոխանցեց դպրոցի աշխատակիցներից մեկը: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են այսօր առավոտյան ներկայանալ ՀՀԿ տարածքային նախընտրական շտաբներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս