Եթե հավատալու լինենք Ազգային վիճակագրական ծառայությանը, ապա այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական աճ է գրանցվել: Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի՝ աճ է եղել գրեթե բոլոր ոլորտներում:
Եւ այսպես՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս երկու ամիսների ընթացքում կազմել է 6,2 տոկոս: Հիմնական աճն արձանագրվել է արդյունաբերության ոլորտում՝ 16,1 տոկոս, գյուղատնտեսությունն աճել է ընդամենը 0,1 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 10,4 տոկոսով, առեւտրաշրջանառությունն ավելացել է 9,6 տոկոսով: Աճել է նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 22,2 տոկոսով, որից ներմուծումները՝ 23,5 տոկոսով, իսկ արտահանումը՝ 20,1 տոկոսով: Այս ընթացքում նվազել են միայն շինարարության ծավալները՝ 13,8 տոկոսով:
Առաջին հայացքից այս ցուցանիշները բավական ոգեւորիչ են:
Նախ՝ 2017թ. պետական բյուջեով կառավարությունը շատ համեստ աճ է խոստացել՝ 3,2 տոկոս, բայց տարին սկսվելուց երկու ամիս անց տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն իսկ 6,2 տոկոս է: Բացի այդ՝ նախորդ տարվա կեսերից Հայաստանում տնտեսական անկում սկսվեց, եւ տարին ամփոփեցինք գրեթե զրոյական՝ հազիվ կես տոկոս աճով, ու հիմա այսքանից հետո ցանկացած տեղաշարժ կարելի է նույնիսկ լուրջ առաջընթաց գրանցել:
Միայն թե ԱՎԾ հրապարակած ցուցանիշները դեռ չեն նշանակում, որ աճի այս միտումները կպահպանվեն ողջ տարվա ընթացքում: Ի վերջո, 2016 թվականն էլ աճով էր սկսվել. այն ժամանակ տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,7 տոկոս էր (խոստացված 2,4 տոկոս աճի պարագայում), արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել էին 9,9 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2,5 տոկոսով, անգամ շինարարության ոլորտում աճ կար՝ 2,1 տոկոսի չափով: Բայց այս ամենը չխանգարեց, որպեսզի հունիսից տնտեսությունը գահավիժի, եւ տարին ամփոփենք զրոյական աճով: Չի բացառվում՝ նույնը կրկնվի նաեւ այս տարի: Առավել եւս, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ մի քանի անգամ հայտարարել է, թե կայուն աճ ակնկալում են 2018թ. սկսած, ասել է, թե այս տարի հազիվ թե լուրջ առաջընթաց գրանցվի:
Եւ հետո՝ ԱՎԾ հրապարակած ցուցանիշները նաեւ որոշ հարցականների տեղիք են տալիս: Օրինակ՝ անհասկանալի է, թե ինչ գործոնների շնորհիվ է աճել ներքին առեւտրաշրջանառությունը: Այս ընթացքում տեղի չի ունեցել նաեւ գների կտրուկ նվազում (ընդհակառակը, ընտրությունների նախաշեմին թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք ներկրող գործարարներն իրենց թեկնածությունն են առաջադրել ԱԺ ընտրություններում): Այս ընթացքում աշխատավարձի էական աճ չի արձանագրվել. մասնավոր աշխատավարձերը բարձրացել են մոտ 2 տոկոսով (մասնագետների պնդմամբ՝ այդ աճը թղթի վրա է՝ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում), իսկ պետական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն, ընդհակառակը, նվազել են 2,5 տոկոսով: Լավագույն դեպքում բնակչության գնողունակությունը բարձրացել է մասնավոր փոխանցումների ավելացման շնորհիվ: Բայց այդ հանգամանքը որեւէ առնչություն չունի Հայաստանյան ներքին գործոնների հետ: Ասել է, թե այս ցուցանիշը դեռ չի խոսում կառավարության իրականացրած տնտեսական հրաշքների մասին:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացումը եւս հազիվ թե շարունակական լինի. ի վերջո, այս տարվա խստաշունչ ձմեռը քաղաքացիներին ստիպեց շատ ավելի գազ ու էլեկտրաէներգիա օգտագործել: Ու հիմա, երբ եղանակային պայմանները բարելավվեն, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճը այդքան շատ չի լինի. լավագույն դեպքում կաճի այնքան, որքան ակտիվություն կլինի արդյունաբերության մեջ:
Եւ վերջապես, մեկ այլ ուշագրավ հանգամանք. երկարատեւ ընդմիջումից հետո Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք ներկրման ու արտահանման միջեւ տարբերությունը փոխվել էր հօգուտ արտահանման: Սա, ի դեպ, համարվում է տնտեսական առաջընթացի նախապայմաններից մեկը, երբ երկիրը ներկրողից արտահանող է դառնում: Այնինչ հիմա այդ տարբերությունը կրկին փոխվել է՝ հօգուտ ներմուծման. թեեւ արտահանման ծավալները ավելացել են 20 տոկոսով, սակայն կրկին զիջում են ներկրումներին, որոնք այս ընթացքում աճել են 23,5 տոկոսով: Ասել է, թե կրկին դարձել ենք ներկրող երկիր՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:
Իսկ մնացածը կապրենք, կտեսնենք:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ