Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով ՀՀ որոշ նախարարների եւ նրանց ղեկավարած գերատեսչությունների աշխատակիցների մոտ համատարած անգործություն է: Բանն այն է, որ նրանց մեծ մասն առաջադրվել է որպես թեկնածու եւ այս օրերին զբաղված է ընտրական քարոզարշավներով: Բացի այս՝ նախարարներ կան, որոնք արձակուրդից հետ են վերադարձել, սակայն շարունակում են իրենց աշխատանքային ժամերին մասնակցել ընտրական քարոզարշավներին:
«Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում թվարկել էր այն բոլոր մարզպետարանների աշխատակիցներին, որոնք խորհրդարանական ընտրություններում առաջադրված են եւ այժմ գտնվում են արձակուրդում:
Այսպես՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արձակուրդ է մեկնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը, որին տրամադրվել է չվճարվող արձակուրդ: Նա 2017 թվականի մարտի 3-ից մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում: Նշենք, որ նորանշանակ փոխնախարարը ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու է:
Արձակուրդի է մեկնել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մյուս փոխնախարարը՝ Ջեմմա Բաղդասարյանը: Վերջինիս արձակուրդ մեկնելու պատճառը եւս ընտրական գործընթացներն են, քանի որ նա զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 24-րդ հորիզոնականը: Ջեմմա Բաղդասարյանին տրամադրվել է 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը, ու լրացուցիչ արձակուրդը եւ 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2017 թվականի մարտի 6-ից մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղում է ընդգրկվել Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ մտերմության շնորհիվ:
Շարունակելի…
Սյունէ Համբարձումյան