«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բանկի նախկին կառավարիչ Արա Կիրակոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել եւ բանկի հափշտակության գործով նոր անձինք են հայտնվել ամբաստանյալի աթոռին:
Ինչպես հիշում եք՝ 2014 թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արա Կիրակոսյանին եւ բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանին մեղադրանք էր առաջադրվել բանկից զգալի չափով հափշտակություն իրականացնելու համար: Արդեն շուրջ 3 տարի է, ինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատավարությունը շարունակվում է: Սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, բանկից հափշտակություններ մասով աղմկալի բացահայտումները շարունակվում են:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արա Կիրակոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ՝ նույն բանկում իր անվամբ ձեւակերպված 344.000 ԱՄՆ դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ՝ իր քրոջ ամուսնու` Արմեն Հովհաննիսյանին պատկանող ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ ընկերության ունեցած 101.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով 2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշումը «Էրմանո» ՍՊԸ 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր:
Նկատենք, որ բացի Արա Կիրակոսյանից՝ մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված անշարժ գույքի գնահատումով զբաղվող Հարություն Խալաթյանը: Վերջինս 2012թ. ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող անասնագոմը գնահատել է շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123 միլիոն դրամ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա իրական լիկվիդացիոն արժեքը կազմել է ընդամենը 12 միլիոն դրամ:
Ի դեպ, այս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է գնացել 2017 թ. մարտի 20-ին: Նկատենք, որ Արա Կիրակոսյանը արդեն երեք տարի է՝ կալանքի տակ է, իսկ ահա ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված անշարժ գույքի գնահատումով զբաղվող Հ. Խալաթյանին խափանման միջոց է կիրառվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ