ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արթուր Գևորգյանի օրենսդրական «փայլուն» գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի ցուցակում տեղ են գտել բազմաթիվ դեմքեր, որոնք ներկայացված լինելով ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանում եւ ոչնչով աչքի չընկնելով` հիմա էլ պատրաստվում են ռեյտինգային ընտրակարգով ձեռք բերել մանդատները: Այդ շարքում այսօր կանդրադառնանք Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գեւորգյանի, Արտակ Սարգսյանի եւ Կորյուն Նահապետյանի խորհրդարանական անցյալին` հասկանալու համար, թե ինչպիսի գործունեություն են նրանք ծավալելու գալիք խորհրդարանում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը երկար տարիներ զբաղվել է բռնցքամարտով, եղել ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության մրցանակակիր, Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակից եւ այլն: Պետակառավարման համակարգին միացել է 2005թ.` որպես Դավիթաշենի թաղապետի տեղակալ, իսկ 2008թ. ընտրվել այդ համայնքի ղեկավար: 2012թ. ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով: Նա ՀՀԿ-ի Դավթաշեն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է, ՀՀԿ խորհրդի անդամ: Այսօր նա առաջադրված է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքից, որի մեջ ներառված է նաեւ Դավիթաշեն վարչական շրջանը: Արթուր Գեւորգյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է` դստեր ամուսինը:

Ի դեպ, Գեւորգյանը նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, եւ նրա գործունեությունն ավելի շատ կապված է սպորտի, քան քաղաքական եւ օրենսդիր պարտականությունների հետ: Նրա՝ գրեթե բոլոր ասուլիսներն ու հարցազրույցները առնչվել են սպորտին, բռնցքամարտի բնագավառում տիրող իրավիճակին ու Հայաստանում այդ մարզաձեւի հեռանկարներին: Գեւորգյանը գրեթե չի խոսում քաղաքական թեմաներից, թեեւ վերջերս համոզված պնդում էր, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված չէ, այլապես առաջատար չէր լինի:

Նա նույնպես այն իշխանականների շարքում է, որոնք Հայաստանում ստեղծված բացասական մթնոլորտի համար պատասխանատու են հռչակում լրագրողներին: Նկատենք, որ մամուլում մի շարք հրապարակումներ էին եղել, թե Գեւորգյանը ԱՄՆ-ում պատկառելի ունեցվածք ունի, ինչին պատգամավորը արձագանքել էր. «Եթե իմն է, ես ձեզ հյուր եմ հրավիրում… Միգուցե հուշեք տվյալ մարդկանց, որ գնան այդ հասցեով, գուցե Գեւորգյան Արթուրը տա՞նն է: Այս ամենից քաղաքական խարդավանքների հոտ է գալիս: Եթե կան մարդիկ, ովքեր նախանձում են ինձ, թող իմ անցած ճանապարհն անցնեն»:

Իսկ Գեւորգյանի` խորհրդարանում անցած ճանապարհն առանձնապես ոչնչով աչքի չի ընկնում: Այսպես՝ նա Աժ նիստերի ժամանակ կողմ է քվեարկել 565 անգամ, դեմ` 6, ձեռնպահ` 4: 121 անգամ հրաժարվելով քվեարկությունից` Գեւորգյանը բացակայել է 269 նիստերից: Այդ համատեքստում երբեւէ հարցապնդում չի ներկայացրել, ինչպես նաեւ չի մոտեցել ՀՀ ԱԺ ամբիոնին:

Ն. Հովսեփյան




Լրահոս