Այսօր ԵԼՔ դաշինքը քարոզարշավ է իրականացրել Լոռու մարզում, իսկ Վանաձորում էլ տեղի է ունեցել հանրահավաք, որի ժամանակ ելույթ են ունեցել դաշինքի անդամները:
Դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը նշեց, թե այժմ այս իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում, ինչպես արել են 30 տարի առաջ:
«Մենք ելք գտանք, այսօր ելք գտնելու ամենամեծ հնարավորությունը ժողովուրդ ջան դուք եք, մեր համախմբվածությունն է: Այս իշխանություններն այս տարիների ընթացքում արհամարհել են ամեն ինչ, անտեսում են մեր հաղթանակը, մեր բազմաչարչար ժողովորդի նվաճումները, որին ականատես է եղել մեր սերունդը», – նշեց նա:
Միքայելյանը ընդգծեց, որ այսօր իրենք գնում են սերնդափոխության: «Ոչ մեկ` Սերժ Սարգսյան լինի, Ռոբերտ Քոչարյան լինի, Լևոն Տեր-Պետրոսյան լինի, իրավունք չունի մեր ազատության վրա ազդի, որովհետև այդ նվաճումներն անհատական չեն, այլ ընդհանուր: Մենք պարտավոր ենք կանգնել, համախմվել, առնել այս արհավիրքի դեմը», – հավելեց նա:
ԵԼՔ-ի ներկայացուցչի խոսքով, ազատության բացակայությունը տանում է կործանման: «Եթե հիմա այդ մարդիկ հոխորտում են, որ պետք է 6 շրջան հանձնենք, մենք էլ մի լավ խոսք ունենք. եթե մենք այս իշխանությունների դրվածքով առաջ գնանք, կորցնելու ենք Հայաստանն ու Արցախ աշխարհը: Սպարապետը մի լավ խոսք ուներ` ես վախենում են բոլոր չվախեցողներից: Բայց ես այսօր վախենում եմ բոլոր վախեցողներից», – հայտարարեվ նա: