ArmLur.am-ի տեղեկություններով, Երևանի բոլոր դպրոցների տնօրեններն այսօր կանչվել են Երևանի քաղաքապետարան և այս պահին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը և Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպում են նրանց հետ:
Դժվար չէ կռահել, որ ոչ աշխատանքային օրով և այն էլ այս ժամին նրանց՝ քաղաքապետարան կանչվելն անմիջական կապ ունի օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված սկանդալային ձայնագրության հետ, որտեղ Երևանի և մարզերի դպրոցների և մանկապարտեզների տնօրենները խոստովանում էին, թե ինչպես են քարոզչություն իրականացնում ՀՀԿ-ական թեկնածուների համար:
Այսօր, սակայն քաղաքապետարան են կանչվել դեռևս դպրոցների տնօրենները: Հավելենք նաև, որ այսօր՝ 20:00 հրապարակված ձայնագրության մասով քննարկում է եղել նաև ՀՀԿ կենտրոնական գրասենյակում:
Մեր տեղեկություններով, քաղաքապետարանում հանդիպման ժամանակ դպրոցների տնօրեններին համապատասխան հրահանգներ են տրվել , ինչպես նաև կոչ է արվել չվախենալ հրապարակված ձայնագրությունների մասով՝ ասելով, թե նրանց ոչինչ չեն կարող անել: