Օրերս «Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստանում էր Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանի հետ:
-Օրերս՝ մարտի 18-ին, Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը ժամանել էր Հայաստան՝ աջակցելու «Ծառուկյան» դաշինքին: Ի՞նչ է Ձեզ տալու այդ աջակցությունը:
-Այո՛, Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների ընտանիքը շատ լուրջ ուժ ունեցող միավոր է: Այն կայացած կառույց է, նրանք իշխանություն ունեն Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում: Այսինքն՝ կայացած, հզոր քաղաքական միավոր է Եվրոպառլամենտում, մենք այդ ընտանիքի անդամ ենք, եւ նրանք եկել էին աջակցելու: Ասեմ, որ խոսքն այն մասին է, որ նրանք մեր ծրագրերը ողջունում են: Նրանք ծանոթացան մեր 15 կետերին, որոնք շատ իրատեսական են, որովհետեւ մանրամասն ուսումնասիրել են մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ոչ 1 տարի, այլ այնքան ժամանակ, ինչքան ժամանակ մենք անդամ ենք եւ դրանից առաջ: Եվ միանշանակ հավանություն տվեցին մեր ծրագրերին:
Նրանք մեծ փորձ ունեն ե՛ւ իրենց երկրներում, ե՛ւ միջազգային հարաբերությունների ասպարեզում: Նրանք լսեցին մեր ելույթները, հատկապես Գագիկ Ծառուկյանի ելույթները եւ բավականին ողջունեցին: Սա է ամենակարեւոր մեսիջը, որ նրանք մեր գործունեությունը ողջունում են, որ մենք այն ճիշտ ուղղությամբ ենք տանում, եւ անպայման արդյունքը կերեւա:
-Մտավախություն չունե՞ք, որ Ձեզ կմեղադրեն դրսից մարդ բերելու մեջ:
-Ո՛չ, էդ մարդիկ ինչ են արել. դրսից աջակցությունը ո՞րն է: Նրանք եկել են լսելու են մեր ծրագրերի մասին եւ կիսում են դրանք: Ի՞նչ խնդիր կա էստեղ, ես որեւէ խնդիր չեմ տեսնում:
-Ձեր միջազգային գործընկերները հայտնեցին, որ «Ծառուկյան» դաշինքը հաղթանակի ռեալ շանսեր ունի : Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց նրանց այդ համոզմունքը:
-Նորից եմ ասում՝ քանի որ նրանք 1 տարի չէ, որ ուսումնասիրում են: Դուք գիտեք, որ գործող քաղաքականությունից կա համատարած դժգոհություն: Այսինքն՝ պետք է փոխել, նրանք գնացին, տեսան, մեր Աբովյանի, Կոտայքի հանրահավաքը: Հանդիպեցին մեր նախընտրական շտաբներում 1-2-ին, այսինքն՝ իրենք հասկացան որ դա ռեալ ուժ է եւ ռեալ փոփոխություն կարող է անել: Բայց եթե չեմ սխալվում, նրանք գնացել են նաեւ հայ-թուրքական փակ սահման՝ Մարգարայի հատվածում: Նրանք ոչ միայն կուսակցական, այլ նաեւ ի նպաստ Հայաստանի, լուրջ առաքելություն են իրականացնում:
-«Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչության համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքն իր վարկանիշով 1-ին տեղում է: Ինչպե՞ս եք պահելու ձեր ստացած ձայները:
-Ես կարծում եմ՝ այդ արդյունքները շատ ավելի նվազեցված են, քան մեր իրական արդյունքները կան: Դրա համար մենք մարզերում, գյուղերում մեր քարոզչական խմբերն անում ենք եւ մեր մոտեցումները ներկայացնում ենք:
-Եթե կեղծիքներ լինեն, ո՞րն է լինելու դաշինքի հաջորդ քայլը:
-Մենք բացառում ենք, որ կարող է մեր հսկողության սահմաններում կեղծիք հայտնաբերվել: Մենք գնում ենք նրան, որ պետք է մեր ձայները պահենք: Եվ գտնում ենք, որ այս անգամ ժողովուրդը լրիվ համոզվել է, որ պետք է փոփոխություն իրականացվի:
Զրուցեց Նատալյա Պողոսյանը