ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՈՒ, ԹԵ ՓԱՍՏԵՐԻ ԿՈԾԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում. օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը, երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են նրա հայտարարությունները, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չէր աշխատել վառելիքի անորակության պատճառով: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. «2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման եւ, հետեւաբար, մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»: Դատախազությունը նաեւ տեղեկացրել է, որ իրենք զինտեխնիկայի խափանման մասին լուրերի մասով համապատասխան նյութեր են նախապատրաստել, բայց որեւէ փաստ չի հաստատվել: Այս պատկերն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. վարչապետն ԱԺ-ում արած սկանդալային հայտարարությունը, ըստ էության, կրկնել էր ե՛ւ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ե՛ւ կառավարության վերջին նիստում: Ու փաստորեն Սահմանադրությամբ պետության երրորդ պաշտոնյան մի բան է պնդում, պաշտպանության նախարարությունն ու դատախազությունը՝ մեկ այլ բան՝ այդպես հերքելով Կարապետյանին: Իսկ թե նրանցից ո՞վ է ճիշտ, դժվար է միանշանակ ասել: Դժվար է նաեւ միանշանակ ասել՝ արդյո՞ք վարչապետն այս հայտարարություններն անում է PR-ի համար, թե միգուցե իրավապահներն են կոծկում եղելությունը: Ամեն դեպքում այս հարցը մնում է բաց: Իսկ փաստը մնում է փաստ, որ ապրիլյան պատերազմին մենք անպատրաստ էինք, իսկապես տեխնիկան չի աշխատել, արդյունքում կորցրինք 800 հեկտար տարածքն ու հարյուրից ավելի հայորդիներին:

 

 

 
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս անգամ էլ «աղոթելու է տարել» Ջրառատ գյուղի արյունալի միջադեպի մասնակիցներին՝ իր տեղակալ Լյովա Երանոսյանին ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին: Գասպարյանը հանդիպել է Երանոսյանի ու միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած երիտասարդներից մեկի՝ Հակոբ Մելքոնյանի հոր՝ Մանվել Մելքոնյանի հետ, հաշտեցրել նրանց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախընտրական դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է. «Խնդիրն այն է, որ չթողնեինք՝ համայնքում զարգացումներ լինեին, մնացածը օրինական ընթացք կտրվի»: Օհանյանը նաեւ հաստատել է մեր հրապարակած լուրը, որ առաջին միջադեպից հետո ինքը հանդիպել է փոխոստիկանապետին.«Ես դեպքի հենց առաջին օրն էլ եղել եւ խոսել եմ Լեւոն Երանոսյանի հետ, այնուհետեւ երեկ եղել եմ հիվանդանոցում, տեսել եմ, թե ինչ վիճակում են մեր համակիրները: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զարգացումներ չլինեն, բայց միեւնույն ժամանակ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»:

 

 

 
ՀՀԿ քարոզչական նյութերը տպագրվել են «Սամարկ» ընկերությունում, որը պատկանում է ՀՀԿ խորհրդի անդամներից Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին: ԿԸՀ ներկայացրած միջանկյալ հաշվետվության համաձայն՝ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի բուկլետների եւ պաստառների համար հատկացվել է 26 մլն 25 հազար 300 դրամ: Բայց սա՝ պաշտոնապես: Իսկ ըստ շրջանառվող լուրերի՝ այս կուսակցությունն ԱԺ ընտրություններին ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար: Թե կոնկրետ որքան է արժեցել մեկ հատ բուկլետը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը չմանրամասնեց. «Խանգարում եք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց նա: Մինչդեռ, համաձայնեք, այս հարցը կարեւոր է թեկուզ եւ այն պատճառով, որ ՀՀԿ-ն փորձում է քողարկել իր նախընտրական իրական ծախսերը, որոնք շատ հաճախ դուրս են գալիս օրենքով նախատեսված չափից, եւ էժան գին գրելով՝ ցույց են տալիս, թե քիչ գումար են ծախսել:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն քանի օր է՝ ահազանգեր է ստանում, որ գրեթե բոլոր բուժհաստատություններում իրենց հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել: Ավելին՝ պետպատվերի շրջանակներում նրանք չեն կարող նույնիսկ ԿԱՏԵ, ՄՌՏ աշխտորոշիչ ծառայություններից օգտվել: Իսկ բուժաշխատողները քաղաքացիներին պատճառաբանում են, որ արդեն ծախսել են նախատեսված պետպատվերը: Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացիները չգիտեն, թե ինչ անել, քանի որ պետպատվերի շրջանակներում բուժվելու, վիրահատվելու կամ նման ախտորոշիչ ծառայություններից օգտվելու համար բուժաշխատողները նրանց հերթագրում են օգոստոսի, սեպտեմբերի համար: ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ հիվանդանոցային համակարգի արդյունավետության եւ որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասել է. «Նման բան չի կարող լինել: Գուցե խոսքը հերթագրումների մասին է: Քանի որ հերթագրումների կարգը սահմանվում է համապատասխան որոշումներով: Այսինքն՝ ըստ ցուցումների՝ ելնելով առաջնահերթություններից՝ բուժհիմնարկները կարող են հերթագրել քաղաքացիներին»:

 

 

 

ԴԵՄԱԳՈԳԻԿ
Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվանը, երեկ ասել է. «Եթե Հաց բերողի մահը նախընտրական փուլում չլիներ, իշխանության նկատմամբ մեղադրանքներ չէին հնչի»: Փորձելով զերծ մնալ նման հայտարարությանը համարժեք՝ ծայրահեղ ցինիկ կամ անմեղսունակ բնութագրիչների օգտագործումից՝ նշենք, որ այդպիսի պնդումն առնվազն ադեկվատ չէ: Այսինքն՝ մարդը 25 օր շարունակ հացադուլ է անում՝ բողոքելով իր նկատմամբ կիրառված բացահայտ ապօրինի քայլի դեմ, իսկ Վ. Բաղդասարյանի ներկայացրած իշխանությունը որեւէ կերպ չի արձագանքում, ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ ըստ էության թողնելով, որ առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ մի հանցանք չգործած մարդը գնա ծայրահեղ հյուծման, եւ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցից առաջ, այն էլ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, ի վերջո, ազատ է արձակում նրան. ահա այս ամբողջի համար իշխանությունների նկատմամբ մեղադրանքներ չէին հնչի, եթե Հաց բերողը նախընտրական փուլում չմահանա՞ր:
Բաղդասարյանն ու նրա կուսակիցները այսքանից հետո դեռ հորդորում են ողբերգությունը քաղաքական մանր շահարկումների առարկա չդարձնել: «Դա եղել է բժշկական պրոցես, եւ պետք է հավատանք, որ պետք է լինի ամենաօբյեկտիվ քննություն: Մեղավորները միանշանակ պետք է պատժվեն, եւ ինձ թվում է, որ ամեն խնդիր պետք չէ կապել իշխանության հետ: Բժիշկները տվել են Հիպոկրատի երդում, քննության մեջ պետք է լինեն բժիշկներ: Ինձ թվում է՝ այդ քննությունից հանրությունը գոհ կմնա, սպասենք քննությանը: Եթե դրա արդյունքները մեզ չեն գոհացնի, առաջին քննադատողներից մեկը ես կլինեմ»,- ասել է Բաղդասարյանը՝ այդպիսով փորձելով իշխանության «ձեռքերը լվանալ»: Նախ արձանագրենք, որ ՀՀ-ում շատ վաղուց նման դեպքերում օբյեկտիվ քննության մասին հայտարարություններն ընդամենը քմծիծաղ են հարուցում: Ինչ մնում է քննությունից հանրության գոհ մնալուն, ապա Բաղդասարյանն ու նրա կուսակիցները պետք է իմանան, որ հանրությունը գոհ կմնա քննության արդյունքներից մի դեպքում՝ եթե ծայրից ծայր պատժվեն այն բոլոր պատասխանատուները՝ սկսած երկրորդ անգամ կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչից, այն հաստատած դատավորից, ավարտած ՀՔԾ պետով, գլխավոր դատախազով եւ, ի վերջո, Բաղդասարյանի կուսակցապետ Սերժ Սարգսյանով, առանց որի համաձայնության, ինչպես հայտնի է, մեր երկրում ոչ մի հարց չի լուծվում: Ա՛յ, եթե այդ բոլոր պաշտոնյաները հայտնվեն ճաղերի հետեւում՝ իրենց գործած ապօրինության համար, այդ դեպքում այո՛, հանրությունը գոհ կմնա:
Հ. Գ. Ինչ վերաբերում է կատարվածը բժիշկների վրա բարդելու ՀՀԿ-ականների ջանքերին, նշենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն արդեն իսկ ասել է. «Հաշվի առնելով իր ուղեկցող հիվանդությունները, հյուծումը՝ մենք կարող ենք ասել, որ հիվանդության ախտաբանական զարգացումը արագ էր տեղի ունեցել»:




Լրահոս