ՀՀԿ-Ի ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական այս ընտրությունները Հայաստանում առաջիկա հինգ տարիների իշխանությունը ձեւավորելու միակ միջոցն են: Նոր Սահմանադրության համաձայն՝ այլեւս չեն անցկացվելու նախագահի ընտրություններ, ապագա կառավարությունը կազմավորվելու է հենց ԱԺ ընտրությունների արդյունքների հիման վրա: Ու հիմա այս առումով իշխող ՀՀԿ-ում տարբեր սցենարներ են քննարկվում:

Բնականաբար ՀՀԿ-ի առաջնային նպատակն է կազմել բացարձակ մեծամասնություն եւ շարունակել միակուսակցական իշխանավարումը: Այդ ճանապարհին էլ եթե որեւէ կուսակցության իշխանությունից բաժին հանելու խնդիր լինի, ապա հանրապետականները դա կանեն ոչ թե ստիպված, այլ որպես բարի կամքի դրսեւորում: Բայց ՀՀԿ-ում նաեւ հասկանում են, որ հասարակության մոտ իրենց վարկանիշն առավել քան ցածր է, մյուս կողմից՝ ԸՕ-ում ամրագրվել են մեխանիզմներ, որոնք էականորեն սահմանափակել են տեղամասերում ընտրակեղծիքի հնարավորությունը: Իսկ նման պայմաններում իրենք հազիվ թե կարողանան բացարձակ մեծամասնություն ձեւավորել:
ՀՀԿ-ում ակտիվորեն քննարկվում է նաեւ երկրորդ տարբերակը, ըստ որի՝ ռեյտինգային թեկնածուների եւ ընտրակաշառքի շնորհիվ, այնուամենայնիվ, ամենաշատ ձայնը հավաքելուց հետո Հանրապետականը խորհրդարանում փորձելու է այլ ուժերի հետ ձեւավորել կոալիցիա: Այդ նպատակով ՀՀԿ-ն նաեւ հոգալու է, որ իր հետ խորհրդարան անցկացնի պոտենցիալ դաշնակիցների:
Որպես պոտենցիալ դաշնակից՝ ՀՀԿ-ի համար առաջինը դիտվում է ՀՅԴ-ն, որն այսօր էլ իշխանության մեջ է: Եւ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը ՀՅԴ ցուցակ գործուղեց ձայն բերող մարդկանց, որոնք էլ օգնելու են ավանդական կուսակցությանը 5 տոկոս հավաքելու հարցում:
ՀՀԿ-ի համար երկրորդ պոտենցիալ դաշնակիցը Արթուր Բաղդասարյանի նախկին ՕԵԿ-ն է, որ այսօր հանդես է գալիս «Հայկական վերածնունդ» անվամբ: Պատահական չէ, որ դեռ ընտրություններից առաջ իր ծննդյան օրվա առթիվ հայտարարության մեջ Արթուր Բաղդասարյանը չէր բացառել ընտրություններից հետո կոալիցիաներ կազմելու հավանականությունը (բայց առանց մատնանշելու կոնկրետ անձանց), միայն թե այն դեպքում, որ իրենք ռեալ ազդեցություն ունենան իշխանության ներսում: Այս միտքը Արթուր Բաղդասարյանն ու ՀՎԿ թեկնածուները տարբեր ձեւակերպումներով կրկնել են նաեւ նախընտրական հանդիպումների ժամանակ, իրենց հարցազրույցներում: Ասել է, թե նրանք իշխանությունների հետ հեռակա գործարքի առաջարկներ են անում՝ նախապայմաններ թելադրելով: Բայց այս կուսակցության անցած ուղին ցույց է տալիս, որ այդ նախապայմանները որեւէ նշանակություն չունեն. միշտ էլ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել կոալիցիա մտնել իշխանության ներսում իրական ազդեցություն ունենալու դեպքում, ու ամեն անգամ մտել են կոալիցիա՝ այնտեղ ունենալով սիմվոլիկ ներկայություն, իսկ երբ կոալիցիայից դուրս են եկել, սկսել են իշխանության մեղքերը բարդել ՀՀԿ-ի վրա՝ արդարանալով, որ իրենք բավարար ներկայացվածություն չունեին:
Ի դեպ, այս առումով նկատենք, որ պարտադիր չէ, որ կոալիցիաները կազմավորվեն առաջին երկու տեղը զբաղեցրած կուսակցությունների միջեւ, այլ առաջին տեղը զբաղեցնելու դեպքում ՀՀԿ-ն կարող է կոալիցիա կազմել խորհրդարանական ցանկացած ուժի հետ՝ անկախ վերջինիս «մեծությունից»:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակից ընդդիմադիր մյուս ուժերին, ապա դրանք ՀՀԿ-ի համար չեն կարող լինել դաշնակից: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն ի սկզբնե հայտարարել են, որ բացառում են ՀՀԿ-ի հետ որեւէ դեպքում, որեւէ պայմանով կոալիցիա կազմելու ցանկացած սցենար: ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ցանկություն չունեն նաեւ մյուսները՝ «Ելք»-ը, ՕՐՕ դաշինքը: Այնպես որ, Հանրապետականները մնացել են ՀՅԴ-ի ու ՀՎԿ-ի հույսին:
Մինչ այդ մեկ ուշագրավ փաստ եւս. նոր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կառավարման պարագայում, այնուամենայնիվ, միանշանակ երաշխավորված չէ կայուն մեծամասնությունը, հետեւաբար նաեւ իշխանության արդյունավետությունը: Բանն այն է, որ ԱԺ ընտրություններին մասնակից ուժերից մեկը պետք է խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենա, որ միանձնյա ձեւավորի իշխանություն: Իսկ եթե որեւէ ուժի չհաջողվի կայուն մեծամասնություն ունենալ, ապա ԸՕ 97 հոդվածի համաձայն՝ քաղաքական ուժերին կոալիցիա կազմելու 6 օր ժամանակ է տրվում. այստեղ կոալիցիա կարող է կազմավորվել ցանկացած ուժի հետ: Իսկ եթե 6-օրյա ժամկետում կոալիցիա չի կազմավորվում, ապա անցկացվում է ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են ընտրություններում առաջին երկու տեղը զբաղեցրած ուժերը՝ մինչ այդ հնարավորություն ունենալով խորհրդարանում հայտնված մյուս ուժերի հետ դաշինքներ ձեւավորել:
Խնդրահարույցը իշխանական կոալիցիա ձեւավորելն է, ավելի ճիշտ՝ վերջինիս հետագա ճակատագրի հարցը: Կուսակցությունները կարող են գնալ կոալիցիա կազմելու ճանապարհով՝ ստորագրելով համապատասխան հուշագիր, ԿԸՀ-ին ներկայացնելով վարչապետի՝ իրենց թեկնածուին: Բայց եթե ինչ-որ պահի կոալիցիոն գործընկերների միջեւ հակասություններ ու գժտություններ սկսվեն, կողմերից մեկը որոշի դուրս գալ այդ կոալիցիայից, ապա օրենսդրության մեջ չկան համապատասխան կարգավորումներ: Ու արդյունքում կստացվի, որ կայուն մեծամասնությունը որպես այդպիսին այլեւս չի լինի, իշխանությունն էլ կլինի ոչ լիարժեք: Ճիշտ է՝ ՀՀԿ-ն տարբեր կուսակցություններում ներդրել է իր ականները եւ նման սցենարի դեպքում այդ ականները կպայթեցնի, ԱԺ-ում բավարար կոճակ կունենա, բայց սա ոչ դասական քաղաքականության սցենար է: Մենք խոսում էինք դասական քաղաքականության մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆ ԽՈՍՏՈՒՄԸ
Հանրապետականները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, նախընտրական արշավի այս օրերին միաբերան պնդում են, թե իրենք նախկին սխալներից դասեր են քաղել եւ փոխվելու են: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ հակադարձեց. «Կա՞ իշխանություն, որ ասում է, թե ինքը չի փոխվելու, որ էլ ավելի վատ պայմաններ է ստեղծելու եւ ավելի վատ կառավարում իրականացնելու: ՀՀԿ-ականները նույն խոսքերն ասել են նախորդ ընտրությունների ժամանակ, ասել են կառավարությունների ծրագրերում, բայց, միեւնույն է, չեն փոխվել, շարունակել են պաշտոնավարել նույն կերպ: Այնպես որ, նույնն է լինելու նաեւ այս անգամ. ուզում եմ, որ ՀՀԿ-ին ընտրելուց առաջ ժողովուրդը սա շատ հստակ գիտակցի»:

 

 

ՉՎԵՐԼՈՒԾԵԼ ԻՄԱՍՏԱՍԵՐԻՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ներկայացնելով իրենց անցկացրած հարցման արդյունքները, նշել է, որ «Ծառուկյան» դաշինքն իր ձայներով 1.5-2 տոկոսով գերազանցում է ՀՀԿ-ին: Ադիբեկյանը միեւնույն ժամանակ հայտարարել է, որ եթե Ծառուկյանը մի քանի վրիպում թույլ չտար, ավելի շատ տոկոս կունենար: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս հարցը, ասաց. «Գիտեք, ես չեմ կարծում, որ հիմա մենք, քարոզարշավի այս պատասխանատու փուլը թողած, պիտի յուրաքանչյուրս վերլուծենք ամենայն հայոց իմաստասեր եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին: Որեւէ վրիպում Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում թույլ չի տվել, եւ դրա վկայությունն է այն ալիքը, որ յուրաքանչյուր հանրահավաքից հետո առավել մեծ թվով մարդիկ են գալիս Ծառուկյանի հետ հանդիպման»:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՐՏՎԵՑ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը պարտվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2015 թվականին գրել էր, որ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն դիմել էր Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ հայտնել, որ «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը վաճառել է ապակյա տարաներ, բայց նրանք գումարը չեն տվել: Վաճառված ապրանքի ընդհանուր գումարն էլ կազմում է շուրջ 70 միլիոն դրամ, որը «Ջերմուկ գրուպ»-ը հրաժարվում է վճարել: Իր հերթին նաեւ հակընդդեմ հայց էր ներկայացրել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն՝ հայտնելով, թե հայցը անհիմն է եւ ենթակա է մերժման: 2016թ. հոկտեմբերին դատարանը որոշել էր «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ի հայցը բավարարել մասնակի եւ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից գանձել շուրջ 64 միլիոն դրամ: Սակայն ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Աշոտ Արսենյանը չի հաշտվում իրականության հետ եւ 2017 թվականի հունվարի 20-ին դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս գործով կայացել է առաջին դատական նիստը, եւ դեռեւս չկա վճիռ:

 

 
ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի՝ 2016 թվականի գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը: Նա պատրաստակամություն է հայտնել պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկությունները: Սերժ Սարգսյանը երեկ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին՝ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ:

 

 

ՄԻԼՍԸ՝ ՀՎԿ-ՈՒՄ
Նախօրեին «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: ՀՎԿ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Հայաստանում նախընտրական գործընթացներին առնչվող հարցեր: Բաղդասարյանն ընդգծել է ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը եւ նշել, որ կարեւորում է ընտրությունների համապարփակ վերահսկողության հարցում դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների դերը:

 

 

450 ԿՐԱԿՈՑ
Մարտի 16-ին եւ լույս 17-ի գիշերը Արցախի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց:

 

 

ԴԵՌ ՎԱՂ Է ԱՍԵԼԸ
Արձագանքելով ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորության մասին Պուտինի հայտարարության շուրջ ArmLur.am-ի հարցին՝ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է. «Եթե մենք գազի, էներգակիրների դիմաց վճարենք ռուսական ռուբլով, դա շատ լավ կլինի, բայց ազգային միասնական արժույթի մասին դեռեւս շատ վաղ է ասելը: Իմ կարծիքով` դա կլինի ինքնիշխանության կորստի մի մաս: Ես անձամբ դեմ եմ, որ լինի միասնական արժույթ»: Ըստ նրա՝ ինչքան մենք ունենանք տարբեր արժույթներով դիվերսիֆիկացման հնարավորություն, այնքան ավելի մեծ հնարավորություններ կլինեն մեր գործարարների համար:

 

 

ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ԴԵՄ
«Այս ընտրական օրենսգիրքը փաստացի ստեղծել է մի վիճակ, որ բոլորը բոլորի դեմ են, ծայրահեղ քայլերի են գնում, բազմաթիվ բախումներ են տեղի ունենում, այսինքն՝ ազգը բզկտվում է, քայքայվում է, դրական տպավորություն չունեմ այս քարոզարշավից»: Կարծիք հայտնելով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքի մասին՝ ArmLur.am-ի հետ զրույում ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նրա գնահատմամբ՝ այս ընտրական գործընթացը վերածվել է փողի պայքարի: Չկա գաղափարական, ծրագրային պայքար:




Լրահոս