Ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցում են նաեւ նախկին ՕԵԿ-ականները` «Հայկական վերածնունդ» հավակնոտ անվամբ: Կուսակցությունում թարմ դեմքեր չկան` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, որոնք օր ու գիշեր հասարակությանը կերակրում են պոպուլիստական խոստումներով: Վերջինների հավաստիությանը ծանոթանալու համար հարկ է ուշադրությամբ զննել ՀՎԿ-ի առաջադրած թեկնածուներ Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Հովհաննես Մարգարյանի խորհրդարանական անցյալը:
Լեւոն Դոխոլյանը 2011-13թթ. եղել է «Հայասի Գրուպ» ընկերության առեւտրային տնօրենը: Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է Արթուր Բաղդասարյանին եւ 2014թ. անգամ ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Թամրազյանի որոշմամբ տուգանվել էր մաքսային կանոնների խախտման համար: Ինչեւէ: Դոխոլյանը հայտնի է որպես Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա: Ըստ մամուլի հրապարակումների` Դոխոլյանի մականունը Քույրիկ Լեւոն է, ինչի հրապարակման համար, ի դեպ, նա ժամանակին դատի էր տվել «Ժողովուրդ» օրաթերթին: Նա անդամագրվել է ՕԵԿ-ին 2002թ., իսկ 2005թ. դարձել այդ կուսակցության վարչության անդամ, 2008թ. էլ՝ արդեն քաղխորհրդի անդամ: 2013թ. նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի պատգամավոր է դարձել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից: Դոխոլյանը ՕԵԿ-ի ակտիվ պատգամավորներից մեկն է, որը նույնպես կողմ էր ԵԱՏՄ մտնելուն: 2014թ. արտահայտած նրա կարծիքի համաձայն` Եվրասիական տնտեսական միությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ ձեռնարկությունների ստեղծման, ամրապնդման եւ հետագա զարգացման համար: Երբ 2015թ. ամռանը «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի ժամանակ ոստիկանապետ Վլ. Գասպարյանը գոռգոռացել էր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի վրա, Դոխոլյանը չէր շտապել ակտիվորեն պաշտպանել իր կուսակցի պատիվը` սահմանափակվելով հետեւյալ դիտարկմամբ. «Երեւի թե ոստիկանապետը մի քիչ արտոնություն էր տվել իր էմոցիաներին: Բայց ես համարում եմ, որ աշխատանքային խոսակցություն է եղել, այդքանը»: Իսկ ինչ վերաբերում է Դոխոլյանի խորհրդարանական գործունեությանը, ապա պատկերը հետեւյալն է. կողմ` 342, դեմ` 67, ձեռնպահ` 174: Նա 111 անգամ հրաժարվել է քվեարկելուց, բացակայել 42 նիստերից: 38 անգամ հանդես գալով հարցապնդումներով` Դոխոլյանը հասցրել է ԱԺ ամբիոնին մոտենալ 20 անգամ: Արթուր Բաղդասարյանի որոշմամբ` Դոխոլյանը հայտնվել է ՀՎԿ համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականում եւ հազիվ թե հայտնվի 6-րդ գումարման ԱԺ-ում:
ՕԵԿ-ի մյուս պատգամավորը 2003-2008թթ. Վեդիի քաղաքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Իշխան Խաչատրյանն է: 2008-12թթ. նա պատգամավոր է դարձել ՕԵԿ համամասնական ցուցակով: Ի դեպ, Խաչատրյանը եղել է նաեւ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամ: Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովը` ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի ղեկավարությամբ, ծածկադմբոցի վերածեց մարտի 1-ի գործի հետաքննությունը: 2012թ. նա կրկին պատգամավոր է դարձել ՕԵԿ ցուցակով, իսկ այսօր ՀՎԿ-ի 5-րդ համարն է: Խաչատրյանը, որը քանիցս խոսում է արտագաղթի վտանգավոր տեմպի, Հայաստանից դուրս տարվող միլիոնավոր դոլարների մասին, 2015թ. սահմանադրական ֆոտոսեսիայի ժամանակ իր ՕԵԿ-ական կուսակիցների հետ սեղմում էր Սերժ Սարգսյանի ձեռքը եւ քննարկում վերջինիս իշխանության վերարտադրմանը միտված սահմանադրական փոփոխությունները: Իսկ Աժ-ում Խաչատրյանը «փայլուն» է աշխատել` 545 անգամ կողմ քվեարկելով: Նա դեմ է քվեարկել 69 անգամ, 155 անգամ էլ ձեռնպահ եղել: Խաչատրյանը 92 անգամ հրաժարվել է քվեարկություններից` բացակայելով 102 անգամ: Այս ամենով հանդերձ` նա 36 անգամ հանդես է եկել հարցապնդումներով, իսկ ԱԺ ամբիոնից խոսել շուրջ 27 անգամ:
Հովհաննես Մարգարյանն էլ ՕԵԿ-ի ընտրանու ներկայացուցիչներից է, կուսակցության հնամենի անդամը: 2003թ. նա ՕԵԿ համամասնական ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր եւ մնաց կուսակցության շարքերում Արթուր Բաղդասարյանի` 2006թ. ԱԺ խոսնակի պաշտոնը լքելուց հետո: 2007 եւ 2012թթ. նա ԱԺ պատգամավոր է դարձել ՕԵԿ համամասնական ցուցակով եւ այսօր էլ փորձում է կրկնել այդ հերոսությունը` լինելով ՀՎԿ ցուցակի 4-րդ համարը: Ամիսներ առաջ Մարգարյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ընտրություններում ՀՎԿ ցուցակը եւ հավակնում էր Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Ի դեպ, Մարգարյանի անվան հետ է կապվում նաեւ 1988թ. երկրաշարժից հետո օգնություն ուղարկված կաթի փոշու հափշտակման պատմությունը: Մարգարյանը պաշտոնապես բիզնեսներ չունի, թեեւ մամուլի տարբեր հրապարակումներ նրան են վերագրում Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ մի շարք փայաբաժիններ (օր.` գյուղատնտեսական հողակտորներ, ջրաղացներ եւ այլն): Ժամանակին wek.ru կայքը «Հայաստանը թալանողները» խորագրով հոդվածաշար էր տպագրել, որտեղ ներկայացնելով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բիզնես գործունեությունը՝ նշել էր, որ ի թիվս մի շարք ՕԵԿ-ական պատգամավորների, նա եղել է նաեւ Հովհաննես Մարգարյանի բիզնեսի «տանիքը»: Իսկ խորհրդարանում այս պատգամավորը ամենաակտիվներից մեկն է` ընտրություններից առաջ` ընդդիմադիր, հետո` իշխանական: 2012-17թթ. նա կողմ է քվեարկել 432 օրինագծերի, դեմ` 44, ձեռնպահ` 125: Չքվեարկելով 181 անգամ` Մարգարյանը բացակայել է 179 նիստերից: Այս ընթացքում նա հասցրել է հարցապնդումներով հանդես գալ 179 անգամ, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ 143 անգամ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀՀԿ-Ի ԲՈՒԿԼԵՏՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՎ
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական ընտրությունների նպատակով նախընտրական ծրագրի համար նախատեսված բուկլետները, ուղերձները եւ A3 պաստառները տպագրվել են «Սամարկ» ընկերության կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կենտրոնական ընտրական պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ ՀՀԿ-ն միայն նախընտրական ծրագրի համար նախատեսված բուկլետների, պաստառների եւ A3 պաստառների համար հատկացրել է 26 մլն 25 հազար 300 դրամ: Թե կոնկրետ որքան է արժեցել մեկ հատիկ բուկլետը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը չմանրամասնեց. «Խանգարում եք, հետո այդ հարցերին կպատասխանենք»:
Իսկ ՀՀ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթում պարզ չի երեւում, թե նախընտրական ծրագրի համար նախատեսված մեկ բուկլետը կամ մեկ պաստառը որքան է արժեցել: Տեղեկացնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այս խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար: Խոսքը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների, գովազդային հոլովակների, հեռուստաեթերի, պաստառների, բուկլետների ծախսերի մասին է:
Ի դեպ, ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ նշված ընկերության հիմնադիրներն են Գագիկ Խաչատրյանը, Լիդա Սեդրակյանը եւ Տիգրան Հարությունյանը: Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀԿ նախընտրական բուկլետներն ու A3 պաստառները տպագրվել են Երեւանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին պատկանող ընկերությունում: Նշենք, որ հրատարակչական գործունեությամբ զբաղվող «Սամարկ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահն ու տնօրենը հենց նույն Արայիկ Քոթանջյանն է: Վերջինս դեռեւս 2012 թվականին է նշանակվել Երեւանի քաղաքապետի խորհրդական՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով: Իսկ 2006 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է: Ստացվում է, որ իշխող կուսակցությունը քարոզչական աշխատանքների համար նախատեսված նախընտրական բուկլետների ու պաստառների տպագրության գործը «հանձնել է» յուրայիններին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼԱՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ՝ ԴՐՍԻՑ ԵԿԱԾՆԵՐԻՆ
Վերջին տարիներին Դիլիջան քաղաքում գործարկվել են տարբեր հիմնարկներ, տասնյակ առողջարաններ եւ հանգստյան տներ: Սակայն բնակչությամբ ավելի փոքր Դիլիջանի տարածաշրջանից աշխատանք փնտրողների թիվն ավելի մեծ է, քան Տավուշի մարզի մյուս տարածաշրջաններում: Թե որն է պատճառը, փորձել ենք պարզել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից՝ վերջինիս այս հարցի շուրջ գրավոր հարցում ուղղելով: Մարզպետը պատասխանել է. «2017թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների ցուցանիշների համեմատականի համաձայն՝ ամենամեծ թվով աշխատանք փնտրող (2304) հաշվառված է Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնում: Այս փաստը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնք ներկայացվում են ստորեւ: Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը նախորդ 2 տարիների համեմատ աճել է, որը պայմանավորված է զբաղվածության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներով: Այսպես՝ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով ներդրվեց 4 նոր ծրագիր, եւ էականորեն փոփոխվեցին գործող 7 ծրագրի իրականացման պայմանները, որը քաղաքացիների շրջանում մեծացրեց հետաքրքրությունը զբաղվածության պետական գործակալության կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ: Տավուշի մարզի մյուս բնակավայրերի համեմատությամբ՝ Դիլիջան համայնքի գյուղական բնակչությունը փոքրաթիվ է, իսկ հողագործությունն ու անասնապահությունը թույլ է զարգացած, ի տարբերություն մյուս բնակավայրերի գյուղական համայնքների, որտեղ գյուղացին հիմնականում զբաղվում է իր տնտեսությամբ, Դիլիջանի գյուղական համայնքների բնակչությունը նույնպես դիմում եւ հաշվառվում է զբաղվածության տարածքային կենտրոնում: Միայն 2016թ. սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման եւ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերում ընդգրկվելու նպատակով գյուղական համայնքներից շուրջ 300 անձ դիմեց եւ հաշվառվեց զբաղվածության կենտրոնում:
Դիլիջանի աշխատաշուկան շատ ավելի ակտիվ է, քան մարզի մյուս բնակավայրերի աշխատաշուկաները, որով եւս պայմանավորված է Դիլիջանի աշխատանք փնտրողների ակտիվությունը: Դիլիջանի տարածաշրջանում հիմնականում զարգացած են սպասարկման, առեւտրի եւ տուրիզմի ոլորտները, որտեղ գործող շուրջ 3 տասնյակ առողջարանների եւ հանգստյան տների աշխատանքները հիմնականում կրում են սեզոնային բնույթ, եւ յուրաքանչյուր սեզոնի ավարտից հետո քաղաքացիները կրկին հաշվառվում են կամ գործող օրենսդրության համաձայն՝ մնում են հաշվառման մեջ զբաղվածության տարածքային կենտրոնում այլ կայուն աշխատանք գտնելու նպատակով: Պետք է հաշվի առնել մեկ հանգամանքը եւս. Դիլիջանում գործող գործատուների գերակշիռ մասը զբաղվում է փոքր բիզնեսով, որտեղ աշխատողների թվաքանակը կազմում է 1-3 աշխատող, իսկ գործող այնպիսի խոշոր գործատուներ, ինչպիսիք են Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնամեթոդական կենտրոնը, «Այբ» դպրոցը, «Թումոյի» մասնաճյուղերը, Դիլիջանի միջազգային դպրոցը, իրենց հիմնական աշխատակազմերը օբյեկտիվ պատճառներով համալրել են ոչ Դիլիջանի քաղաքացիներով, Դիլիջանից հիմնականում աշխատում են տեխնիկական սպասարկման ոլորտում»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ