«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների եւ դաշինքների կողմից առաջադրված թեկնածուների դրամական միջոցներն ու ունեցվածքը: Այս անգամ անդրադարձել ենք «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամներին:
Պաշտոնավարման ընթացքում հարստացածը
«Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը հայտարարագրել է, որ Երեւանում ունի մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ: Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նա ավտոմեքենա չունի: Չէ՛, չկարծեք, որ Բաղդասարյանը ոտքով է շրջում: Ամենեւին: Նա դիվանագիտական պետհամարանիշներով ավտոմեքենայով է շրջում: Վերջերս դա ֆիքսել էր նաեւ Armlur.am-ի տեսախցիկը: Սակայն այս հարցի շուրջ իր պարզաբանման մեջ Բաղդասարյանը նշել էր, որ ՀԱՊԿ ակադեմիայի համարներն են եղել դրանք: Ինչպես հայտնի է՝ Արթուր Բաղդասարյանը ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ինչեւէ: Ավտոմեքենա չունեցող թեկնածուն որպես եկամուտ հայտարարագրել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից ստացած 4 մլն 783 հազար դրամը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանից՝ 5 մլն 422 հազար դրամը եւ «Ռոսնեֆտ Իտեռա» եւ «ՄՏՍ բանկ»-ից ստացած 12 մլն ռուբլի արժողությամբ փոխահատուցումը: Նրա դրամական միջոցները կազմում են 12 մլն դրամ, 20 հազար դոլար եւ 3 մլն ռուսական ռուբլի: Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը իր պաշտոնավարման (ԱԱԽ քարտուղար էր) տարիների ընթացքում ֆինանսական թռիչքային աճ է արձանագրել: Օրինակ՝ Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները 2013 թվականի դրությամբ կազմել են 25 մլն դրամ եւ 20 հազար դոլար: Մինչդեռ 2011 թվականին նրա դրամական միջոցները կազմում էին 5 մլն դրամ եւ 20 հազար դոլար: Նշված 20 մլն դրամի չափով աճը տեղի է ունեցել 2012 թվականի ընթացքում: 2011 թվականին Արթուր Բաղդասարյանի եկամուտներն էլ են քիչ եղել՝ բացառապես աշխատավարձից կազմված 4,2 միլիոն դրամ: Իսկ ահա 2012-ին նա հայտարարագրել է 29 միլիոն 451 հազար դրամ եկամուտ, որից 24 միլիոն 294 հազարը՝ միանվագ վճարներից ստացված: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան են պատկանում նաեւ «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը եւ «Հայասի» կոնյակի գործարանը: Սակայն խորհրդարանական ընտրություններին ներկայացրած պաշտոնական հայտարարագրում սրանց մասին տառ անգամ չկա:
Անտունը
Նույն կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Հեղինե Բիշարյանը ո՛չ շարժական գույք ունի եւ ո՛չ էլ անշարժ: Նրա անունով նույնիսկ բնակարան չկա: Հեղինե Բիշարյանի դրամական միջոցները կազմում են 30 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ՝ պատգամավորության թեկնածուն հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 6 մլն 864 հազար դրամ:
Կահույքով թեկնածուն
ՀՎԿ ցուցակով առաջադրված մյուս թեկնածուն՝ «Ֆրութլենդ» ընկերության տնօրեն Խանիկ Պետրոսյանը, ունի մեկ տուն: Իսկ որպես թանկարժեք գույք՝ թեկնածուն հայտարարագրել է 12 մլն դրամանոց կահույքը, 15 եւ 36 մլն դրամանոց նկարները: Ի դեպ, պատգամավորության թեկնածուն եկամուտ չի հայտարարագրել: Այսինքն՝ ըստ նրա հայտարարագրի՝ աշխատավարձ չի ստանում: Բայց ունեցած դրամական միջոցները կազմում են 20 հազար դոլար եւ 12 մլն դրամ:
Հացահատիկով գյուղապետը
ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը հասցրել է բավականին մեծ ունեցվածք դիզել: Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նա Երեւանում ունի մեկ բնակարան, Մեղրաշեն գյուղում սեփական մեկ առանձնատուն, Արթիկ քաղաքում երկհարկանի մեկ կենցաղի տուն, երկու հատ վարելահող եւ մեկ հատ անասնագոմ: Սա դեռ ամենը չէ. նա ունի երկու մարդատար, երկու բեռնատար ավտոմեքենաներ եւ մեկ հատ գյուղտեխնիկա: Իսկ որպես եկամուտ՝ գյուղապետը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 2 մլն 160 հազար դրամը, բանջարեղենի վաճառքից ստացած 15 մլն դրամը, հացահատիկի վաճառքից ստացած 6 մլն դրամը եւ «Դուստր Ծովինար» ալրաղացից ստացած 2 մլն դրամը: Նրա դրամական միջոցները կազմում են 5000 ռուսական ռուբլի, 25 մլն դրամ, 20 հազար դոլար եւ 10 հազար եվրո: Նշենք, որ «Դուստր Ծովինար» ալրաղացի 100 տոկոս բաժնեմասերը Պետրոսյանին են պատկանում:
Ռուբլիով ակադեմիկոսը
Եվրոպական ակադեմիայի ֆինանսավարչական տնօրեն Հովսեփ Շահինյանը հայտարարագրել է, որ Երեւանում ունի մեկ բնակարան, մեկ հողամաս եւ մեկ ավտոմեքենա: Որպես եկամուտ՝ թեկնածուն հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 1 մլն 237 հազար դրամ եւ ֆրանս-գերմանական ինժեներական ինստիտուտից ստացած 575 հազար դրամը: Նրա դրամական միջոցները կազմում են 15 հազար դոլար, 10 մլն դրամ եւ 2 մլն ռուսական ռուբլի: Հետաքրքիր է, թե ինչպես է ակադեմիայի տնօրենը հասցրել այսքան դրամական միջոց կուտակել:
Հոնորարով տիկինը
ՀՎԿ ցուցակով առաջադրված Կարինե Հակոբյանը, որը «Բարեփոխում» ՀԿ-ի նախագահն է, ունի մեկ տուն եւ մեկ տնամերձ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է «Հ3» հեռուստաընկերությունից ստացած 800 հազար դրամ հոնորարը եւ «Նեշընլ ինստրումենտս» ընկերությունից ստացած վարաձակալության գումարը՝ 6.9 մլն դրամը: Հակոբյանի դրամական միջոցները կազմում են 56 մլն դրամ եւ 25 հազար դոլար:
Թռչնաբույծ թեկնածուն
ՀՎԿ ցուցակով առաջադրված մյուս թեկնածուն՝ Արմեն Ասլանյանը, իր պաշտոնական հայտարարագրում նշել է, որ չի աշխատում, չունի անշարժ գույք եւ դրամական միջոցներ: Փոխարենը Արագածոտնի մարզում ունի թռչնաբուծական, Բազմաղբյուր գյուղում՝ չգործող ֆերմա, իսկ Երեւանում՝ տուն:
Գինեգործը
ՀՎԿ թեկնածուներից «Արենի վայն» ընկերության տնօրեն Միքայել Գրիգորյանը հայտարարագրել է, որ ունի մեկ վարելահող, խաղողի մեկ այգի, բնակելի երկու տուն, տնամերձ մեկ հողամաս եւ մեկ հատ ավտոմեքենա: Նշենք, որ թեկնածուն որպես թանկարժեք գույք հայտարարագրել է իրեն պատկանող 12 մլն դրամ արժեք ունեցող բնակելի տուն: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 100 հազար դրամ, որը ստացել է «Արենի վայն»-ից եւ նույն ընկերությունում ունեցած 2 մլն դրամի չափով բաժնեմասը: Ի դեպ, Գրիգորյանը «Արենի վայն»-ում ունի 30 տոկոս բաժնեմաս:
Շահաբաժնով ձեռներեցը
Իսկ ՀՎԿ ցուցակով առաջադրված «Գոռ» ընկերության խորհրդի նախագահ Գագիկ Կոստանդյանը ունի մեկ բնակարան, մեկ տուն, մեկ հատ շենք-շինություն եւ երեք հատ ավտոմեքենա: Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նա «Գոռ» ընկերությունից ստացել է 12 մլն դրամի չափով շահաբաժին: Ի դեպ, նշված ընկերության 100 տոկոս բաժնեմասը նրան է պատկանում:
Հ.Գ. Նկատենք, որ ՀՎԿ-ի առաջադրած թեկնածուներից շատերի հայտարարագրերում նշված է, որ չեն աշխատում, չունեն դրամական միջոցներ, շարժական եւ անշարժ գույք:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ