ԱՆԼՈՒՐՋ ԵՎ ՈՉ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն ուսումնասիրել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը` մշակութային մասով: Մենք առանձնացրել ենք ծրագրերի` մի քանի ակնհայտ խոցելի կետեր, որոնք քննարկել ենք ոլորտի մասնագետների հետ: Այս անգամ կանդրադառնանք «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրին: Այսպիսով` «Մշակույթ եւ սպորտ» ենթավերնագրի ներքո դաշինքը պարտավորվում է.
1. Առաջիկա 10 տարիներին վերականգնել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային բոլոր կոթողները` սահմանելով դրանց առաջնահերթությունները:
2. Բացառիկ ծրագրերի ներդրմամբ՝ ձեռնարկել Արեւմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային կոթողները վերականգնելու եւ պահպանելու նախագծեր:

«Ժողովուրդ»-ը «Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանից հետաքրքրվեց` որքանով են այս ծրագրերն իրատեսական: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ առաջին կետին. «ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային բոլոր կոթողները 10 տարվա ընթացքում հնարավոր չէ վերականգնել, հիմարություն են ասում բառիս բուն իմաստով: Այդ ժամկետում հնարավոր չէ վերականգնել նույնիսկ առավել վտանգված հուշարձանների մեկ տասներորդ մասը: Այս պարագայում բյուջեն որոշիչ չէ: Ֆինանսական միջոցներն, իհարկե, կարեւոր են, բայց գրագետ վերականգնում կատարող վարպետների մեր իրականության մեջ մատների վրա կարող ես հաշվել: Շատ քիչ են սրտացավ, հմուտ, բարեխիղճ եւ փորձառու քարտաշ-վարպետները, նաեւ` ճշգրիտ, գիտականորեն հիմնավորված նախագիծ իրականացնող ճարտարապետները: Իհարկե, եթե հաշվի չառնվեն գիտական վերականգնման սկզբունքները, եւ «վերականգնումը» կատարվի հուշարձանների հերն անիծելու հաշվին, ինչպես որ բազմիցս եղել է, ծրագիրը հնարավոր է իրականացնել` հարամելով մշակութային արժեքները»,-մեկնաբանեց պարոն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Արեւմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային կոթողները վերականգնելու եւ պահպանելու նախագծեր ձեռնարկելուն միտված կետին, հուշարձանագետը նկատեց. «Ես երբեմն ուղղակի ապշում եմ, ինձ թվում է` մենք այլմոլորակայիններ ենք: Նախ` մինչեւ վերականգնումը քայլերի հերթականություն գոյությունի ունի: Պետք է պարզել` մենք ինչ ժառանգություն ունենք, որ կոթողներն են, որ դեռեւս պահպանվում են, այդ նպատակով հարկավոր է հաշվառում եւ վկայագրում կատարել, պետք է պարզել` որ հուշարձաններն են, որ ամրակայման կարիք ունեն, իսկ վերականգնումը վերջին փուլն է: Ընդ որում, շատ քիչ հուշարձաններ կան, որոնք հնարավոր է վերականգնել, որքան էլ ցանկություն եւ բյուջե լինի, ուստի սովորաբար համապատասխան ուսումասիրություններից հետո մասնագետները բավարարվում են ամրակայմամբ: Չեն կարող վերականգնվել, օրինակ, այն հուշարձանները, որոնցից արխիվային լուսանկարներ չեն պահպանվել, որոնց շենքերի հիմքերն են մնացել միայն եւ այլն»:
Պարոն Կարապետյանի խոսքով` Արեւմտյան Հայաստանը (միայն Մեծ Հայքի հատվածը) Հայաստանի Հանրապետության տարածքից 7 անգամ մեծ տարածք է, եւ եթե մեզ մոտ` 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա, 25 հազար հուշարձան է հաշվառված, ուրեմն, հաշվի առնելով հուշարձանների միջին խտությունը, Արեւմտյան Հայաստանի հուշարձանների թիվը ստանալու համար 25 հազարը պետք է բազմապատկել 7-ով, հետո, ինչպես արդեն նշվել է, հասկանալ` հուշարձանների որ մասն է պահպանվել, որ մասն է հնարավոր ամրակայել, ապա միայն հասնել վերականգնման փուլին. «Մի խոսքով` ծրագրի տվյալ կետերը շատ հեռու են լուրջ լինելուց, այլապես նման միամիտ ձեւակերպումներ չէին տրվի: Երեւում է, որ ծրագրի այս հատվածը կազմողները գործին մի փոքր մոտ գտնվող մարդկանց հետ չեն խորհրդակցել»,-եզրափակեց հուշարձանագետը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ
Երեւանի պետական կամերային թատրոնի բեմում ապրիլի սկզբին նախատեսված է «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի (Ուիլյամ Շեքսպիր) պրեմիերան: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց ներկայացման ռեժիսոր Լուսինե Երնջակյանը, հնարավոր է` փոքր-ինչ անսպասելի եւ «տարօրինակ» լինի տեսնել «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը` Կամերայինում. «Մենք ներկայացմանը տվել ենք «կամերային լուծումներ»: Առհասարակ, որ դեպքում էլ անդրադարձել ենք դասական դրամատուրգիայի գործերին, միշտ փորձել ենք այսօրվա շունչը հաղորդել դրանց, ներկայացումը դարձնել հուզիչ եւ հետաքրքիր այսօրվա հանդիսատեսի համար, բարձրացնել պիեսում արծարծված այն խնդիրները, որոնք արդիական են նաեւ այսօր: Հանդիսատեսը պետք է ներկայացումը դիտելիս «չանջատվի» իրականությունից, կողքից դիտողի դերում չլինի, այլ մասնակցի»,-մեկնաբանեց ռեժիսորը:
Նա նաեւ շեշտեց` «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը Կամերայինի համար յուրահատուկ է նրանով, որ դրա շրջանակում բեմում հայտնվելու է 22 դերասան. «35 տարվա ընթացքում մեր թատրոնը նման փորձ չի ունեցել, այդ թվով դերասան չի ներգրավվել մեր ոչ մի ներկայացման մեջ: Դերասանների զգալի մասը ընտրված է թատրոնից` Սենիկ Բարսեղյան, Քեթրին Մանասյան, Գրիգոր Բաղդասարյան, Վահե Զիրոյան եւ այլք, իսկ մյուս մասը թատերական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողներ են, այդ թվում` Ռոմեոյի եւ Ջուլիետի դերակատարները: Կարծում եմ` կարեւոր է, որ վերջիններս ողբերգության հերոսների նման երիտասարդ են ու անփորձ, համապատասխանում են իրենց կերպարներին»,-նշեց Լուսինեն:
Ի դեպ, ավելի վաղ դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ մտադիր է համալրել «Էդգար Էլբակյան» թատրոնի խաղացանկը եւ վերականգնել «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը. «Այո՛, նման զուգադիպություն եղավ: Երկուսս էլ անհամբեր սպասում ենք, թե ով ավելի շուտ կավարտի աշխատանքը, որպեսզի տեսնենք, թե ում մոտ ինչ է ստացվել»,-ասաց Լուսինեն:
Քանի որ վերջինս դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հետաքրքրվեցինք` շա՞տ են արդյոք այն ուսանողները, որոնք Ռոմեոյի եւ Ջուլիետի դերակատարների նման հասնում են դրական արդյունքի եւ թատրոններ մուտք գործելու «այցեքարտ» են ստանում. «Իհարկե, շատ կան այնպիսի ուսանողներ, որոնք ստիպում են, որ իրենց հետ աշխատես, բայց կան նաեւ ալարկոտ ուսանողներ, որոնք հենց նոր են ավարտել ինստիտուտը, հասցրել են նկարահանվել մի քանի սերիալներում եւ իրենց արդեն թվում է, որ, օրինակ, որեւէ ներկայացման մեջ ընդգրկվելու համար քասթինգ անցնելու կարիք չունեն, որ իրենք լավագույնն են: Այդպիսով` նրանք դառնում են աստղային հիվանդությամբ տառապող անհասկանալի երեւույթներ: Իսկ տաղանդավոր մարդը աշխատասիրության շնորհիվ հասնում է ցանկալի արդյունքի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս