ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԿԻՐՆԵՐՆ ԻՐԱՐ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի գիշերը հերթական նախընտրական զինված միջադեպն է գրանցվել: Այս անգամ թիրախում եղել են Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Լյովա Խաչատրյանի կողմնակիցները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դանակահարվածներից մեկը Լյովա Խաչատրյանի սանիկն է՝ 32-ամյա Արամ Ասատրյանը, որը Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղում Խաչատրյանի նախընտրական շտաբի պետն է: Արամ Ասատրյանին ծանր վիճակում տեղափոխել են Երեւան, հիվանդանոցում 2 անգամ վիրահատել են` փայծաղն ու երիկամը: Դանակահարվել է նաեւ Խաչատրյանի կողմնակիցներից 24-ամյա Մանուկ Հովսեփյանը. նրա վիճակը համեմատաբար լավ է, եւ գտնվում է Ապարանի հիվանդանոցում: ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից պատգամավոր Արագած Ախոյանը իրենց մարզում կատարվածի մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Միջադեպը եղել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից Լյովա Խաչատրյանի շտաբի անդամի եւ Սեդրակ Առուստամյանի (նույն մարզում ռեյտինգային կարգով առաջադրվել է Ս. Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը) շտաբի անդամի միջեւ. պատճառը ռեյտինգային խնդիրներն են, ինչ-որ հեռախոսով չեն հասկացել, իրար հետո հանդիպել են»,- ասաց պատգամավոր Ախոյանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ հայր ու որդի են եղել բարիկադի տարբեր կողմերում. հայրը Խաչատրյանի կողմնակիցն է, իսկ որդին` Առուստամյանի: Վիճաբանությունը եղել է Շենահան եւ Հարթավան գյուղերի խաչմերուկում՝ բենզալցակայանի մոտ, որտեղ եւ Լ. Խաչատրյանի կողմնակիցներին դանակահարել են: Ընդ որում, Խաչատրյանի շտաբի անդամները եղել են երեք հոգով, մյուս կողմը՝ մոտ տասը հոգով: Հատկանշական է այն փաստը, որ այս միջադեպի մասին ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ նախընտրական շտաբները որեւէ տեղեկություն չէին տարածել, եւ եթե չլիներ լրատվամիջոցներով ինֆորմացիոն արտահոսքը, միգուցե կատարվածը ծածկադմփոց արվեր: Չնայած, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, իրավապահներին հրահանգված է ամեն կերպ «փակել» միջադեպը՝ առանց քաղաքական աստառ տալու:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ ԶՈՒ-ում ծառայող բոլոր զինծառայողներին, որոնց ծառայության վեց ամիսն արդեն լրացել է, եւ իրենց հասանելի օրենքով սահմանված առաջին արձակուրդից չեն օգտվել, ուղարկում են արձակուրդ, բայց պայմանով, որ ապրիլի 2-ին` ԱԺ ընտրությունների օրը, լինեն զորամասում: Պատճառը հասկանալի է՝ այդ օրը նշանակված են ընտրությունները, եւ զինվորները պետք է քվեարկեն զորամասերի համար նախատեսված տեղամասերում, եւ բացի այդ՝ լրանում է ապրիլյան պատերազմի մեկ տարին: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս, լսելով հարցը, արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասում, որ դա այդպես է: Ես նման տեղեկություն չունեմ: Զորքերում լինում են 6-7 կամ 10 օրանոց արձակուրդներ, եթե այսօր արձակուրդ են թողել մեկին, ինքն արդեն ավտոմատ ապրիլի 2-ից առաջ է լինում»,-ասաց Հովհաննիսյանը: Ահա ինչպես է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի օգտին ձայն հավաքում:

 

 
Նախորդ շաբաթ Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների կողմնակիցների միջեւ ծեծկռտուքին ակտիվ մասնակից է եղել Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը. հենց նա է ծեծի ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ֆազը լքել է Հայաստանը՝ ամենայն հավանականությամբ վախենալով հաշվեհարդարից: Նշենք, որ նրա անունը մշտապես շրջանառվել է տարբեր հանցագործությունների համատեքստում, բայց ամեն անգամ նրան հաջողվել է «ջրից չոր» դուրս գալ. սա շնորհիվ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունների: Երբ «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ոճով Արման Սահակյանից հետաքրքրվեց` հիմա Դուք պատգամավորի թեկնածու ե՞ք, թե՞ գողական, ի՞նչ կապ ունեք Ֆազի հետ, Գալուստ Սահակյանի որդին պատասխանեց. «Սերգեյ Գրիգորյանը արդեն մեկ ամսից ավել է, ինչ Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում… ես պատգամավորի թեկնածու եմ»:

 

 
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը գույքի եւ ունեցվածքի մասին բավական «ճոխ» հայտարարագիր է ներկայացրել: Ըստ այդմ, նա ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ հողամաս, մեկ ավտոմեքենա: Մկրտչյանը շահաբաժին է ստանում երեք ընկերություններից, որտեղ, ի դեպ, մաս ունի նաեւ իր կուսակցական ընկերներից տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մկրտչյանը «Իզոտոպ Դելտա» ընկերությունում ունի 5 տոկոս, «Նետրինո»-ում՝ 10 տոկոս, «Այուդալոս»-ում՝ 20 տոկոս բաժնետոմս: Այսպես՝ ԿԳ նախարարի պաշտոնական հայտարարագրից տեղեկացանք, որ ինքը «Իզոտոպ Դելտա» ընկերությունից ստացել է 9.1 մլն դրամ, «Նետրինո»-ից՝ 23.5 մլն դրամ, «Այուդալոս» ընկերությունից՝ 15.9 մլն դրամ շահաբաժին: Նա բանկերից մեկից ստացել է 488 հազար դրամի եւ 7183 դոլարի չափով փոխառություն: Մկրտչյանի դրամական միջոցները կազմում են 20 հազար դոլար, 165 հազար ռուսական ռուբլի, 115 հազար եվրո, 7 մլն դրամ: Հիշեցնենք, որ Մկրտչյանն արդեն չորրորդ անգամն է նշանակվել ԿԳ նախարար:

 

 
ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ներդրվող նոր համակարգը Պանդորայի արկղիկ է, որը Սերժ Սարգսյանի ձեռամբ մեկ անգամ անզգուշորեն բացվելով՝ այլեւս սփռելու է անցած քսան տարիներին անբարո ու ձեւախեղված բարքերի արդյունքում կուտակված ամբողջ կեղտը: Արդեն իսկ անցած մեկ ամսվա ընթացքում ՀՀ տարբեր բնակավայրերում գրանցված արյունալի բախումները ցույց են տալիս, թե որքան խորն է մեր, այսպես կոչված, «քաղաքական համակարգի» ախտահարումը: Եթե մինչ այս նման մեթոդների էին դիմում մրցակից քաղաքական ուժերը, ապա այս ընտրակարգով արդեն իսկ միմյանց են ծեծում եւ դանակահարում նույն «քաղաքական ուժի» ներկայացուցիչները: Թվում էր, թե դա արդեն ընտրական այս համակարգի խեղող բնույթի առավելագույն դրսեւորումն է: Սակայն պարզվեց՝ ոչ:
Երեկ հայտնի դարձավ, որ հերթական նախընտրական արյունալի բախումն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում: Եվ որ ամենասարսափելին է՝ այս անգամ միջադեպը տեղի է ունեցել… հոր եւ որդու միջեւ: Ասել է, թե ընտրություններ կոչվող այս քաղաքական կեղտը արդեն մտել է ընտանիք: Սա արդեն իսկական աղետ է, որի հետեւանքների լրջությունը գուցե դեռ շատերը չեն պատկերացնում:
Երբ այս օրերին ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացնող «նոր դեմքերը» շրջում են Հայաստանի աղքատ մարզերով եւ ընտրակաշառքի ակնկալիքով կամ տարբեր տեղական «քյոխվաների» հրահանգով հավաքված աղքատ եւ հուսալլուկ մարդկանց հերթական անգամ վարդագույն խոստումներ շռայլում, երբ բարեհարդար արտաքինով եւ վարժ անգլերենով երիտասարդ իշխանավորները ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդներին օրնիբուն նոր ընտրական օրենսգրքի գովքն են անում եւ, առհասարակ, փորձում հնարավորինս գեղեցկացնել ՀՀԿ-ի ղեկավարած երկրի ֆասադը, մեր պետականության շենքը ներսից փլուզվում է: Անցնող տարիներին այդ շենքի պատերը հիմնովին արդեն քայքայել են կոռուպցիան, անպատժելիությունն ու հանցավոր անտարբերությունը, եւ որքան էլ վարչապետ Կարեն Կարապետյանը ջանք գործադրի՝ պահպանելու համար ՀՀԿ-ի գեղեցիկ ֆասադը, դրա հետեւում փլուզվող պատերն են՝ ի դեմս օրենքի խախտմամբ քարոզարշավ անող ՀՀԿ-ականների, պարբերաբար արյունոտ միջադեպերում հայտնվող եւ այդպես էլ ոչ մի անգամ պատասխանատվության չենթարկվող բարձրաստիճան ոստիկանների, օֆշորային սկանդալներում թաթախված «բարեգործների» եւ ժողովրդի կարծիքի վրա մշտապես թքած ունեցող եվրոպական կրթությամբ սրիկաների /սրանք ամենից վտանգավորն են/:
Եվ ահա այս իրավիճակում որքան էլ Սերժ Սարգսյանը փորձի իր կամակատար ուժային եւ դատական համակարգով վերահսկել իրավիճակը, շենքի ֆասադը փուլ է գալու, մի տեղից պայթյունն անպայման լինելու է, քանի որ Պանդորայի արկղիկն այլեւս բացված է:




Լրահոս