ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՆԼՈՒՐՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նրան, որ երեկ ԱԺ-ում հերթական նիստը պետք է կայանար, պատգամավորների ճնշող մեծամասնությունը չէր եկել խորհրդարան, եւ քվորում չապահովելու պատճառով նիստը չկայացավ: Չկայացած նիստից հետո «Ժողովուրդ»-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ զրուցել է հանրապետականների այն հայտարարությունների մասին, որ իրենք գիտակցել են իրենց սխալները եւ ցանկանում են փոխվել:

-Պարո՛ն Շարմազանով, քվորում չապահովելու պատճառով ԱԺ նիստը կրկին չկայացավ, մինչդեռ մեր պատգամավորները ամեն քայլի դիմում են՝ կրկին ԱԺ-ում հայտնվելու համար: Այս իրավիճակը ավելորդ անգամ ցույց է տալիս, որ դեպի խորհրդարան ձգտողներից շատերի նպատակը ոչ թե օրենսդրական գործունեությունն է, այլ ամեն գնով մանդատ ունենալը…
-Ես հիմա չեմ ուզում որեւէ գնահատական տալ իմ գործընկերների գործողություններին, որովհետեւ դա բազմակուսակցական գործունեություն էր, միայն ընդդիմության կամ իշխանության պատգամավորները չէին բացակա: Ճիշտ է՝ իշխանությունից ավելի շատ մարդ կար այսօր դահլիճում, քան ընդդիմությունից: Շատ ցանկալի կլիներ, որ պառլամենտականները նիստերին ներկայանան, բայց քանի որ նախընտրական փուլ է, միգուցե իմ գործընկերները նախընտրել են ուղիղ հանդիպել ընտրողների հետ, մանավանդ, որ սա նոր երեւույթ չէ ո՛չ հայաստանյան նախապառլամենտական կրքերի համար, ո՛չ էլ աշխարհում:
-Ի դեպ, նախընտրական հանդիպումների մասին: Վարչապետ Կարեն Կարապետյանը, չլինելով ՀՀԿ-ի ցուցակում, զբաղվում է կուսակցության քարոզչությամբ: Ի՞նչ է սա, եթե ոչ վարչական ռեսուրսների օգտագործում:
-Բնականաբար այդտեղ ոչ մի վարչական ռեսուրսների օգտագործում չկա, որովհետեւ որպես վարչապետ չի մասնակցում քարոզչությանը, բացառապես որպես ՀՀԿ-ի նախագահի առաջին տեղակալ է մասնակցում նախընտրական գործընթացներին, եւ վարչապետի ակտիվ ներգրավումը պայմանավորված է մեկ հանգամանքով. մենք շատ հստակ ներկայացրել ենք մեր հանրությանը, որ հաջողության դեպքում վարչապետի մեր թեկնածուն Կարեն Կարապետյանն է լինելու, եւ կարծում եմ, որ ընտրողների հանդեպ մենք ազնիվ ենք, որպեսզի մեր թեկնածուն, ով հաջողություն հասնելու դեպքում դառնալու է վարչապետ, ինքը ուղիղ պատասխանի ընտրողների հարցերին: Հանրապետականը, ի տարբերություն որոշ ուժերի, չի ներկայանում մի ցուցակով, այնուհետեւ թաքուն մյուսին բերում որպես վարչապետ:
-ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն այսօր (հեղ.-երեկ) հայտարարել է, որ ՀՀԿ-ին չի հաջողվելու անգամ 5 տոկոսի շեմը հաղթահարել: Այս հայտարարությանը ինչպե՞ս կարձագանքեք:
-Ես անլուրջ հայտարարություններին չեմ արձագանքում:
-ՀՀԿ-ն ասում է, որ գիտակցել է իր սխալները եւ ուզում է փոխվել: Ի՞նչ սխալներ եք գիտակցել եւ ինչպե՞ս եք ուզում փոխվել:
-Ամենակարեւոր սխալը ոչ արդյունավետ կառավարման ժամանակահատվածն է եղել: Բնականաբար, ես այն կարծիքին չեմ, որ մեր սխալներն ավելի շատ են եղել, քան առավելությունները: Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում, շնորհիվ Հանրապետականի, մենք կարողացել ենք ապահովել ամենակարեւորը՝ կայունություն, մենք կարողացել ենք ապահովել, որպեսզի միջազգային, արտաքին տնտեսական մարտահրավերները եթե ոչ ամբողջությամբ չչեզոքացնենք, ապա գոնե մինիմումի հասցնենք: Եթե մենք թերություններից խոսում ենք, ապա պետք է նաեւ առավելություններից խոսենք, թերությունները տեսնում է այն ուժը, այն մարդը, որն ուժեղ է, վախկոտ մարդը չի կարող իր թերությունները բարձրաձայնել, այո՛, մենք ասում ենք, որ ունենք թերություններ, իսկ ո՞վ է անթերի. թող նա առաջինը քար նետի մեզ վրա, ով թերություններ չունի: Մենք, ի տարբերություն այդ քար նետողների, ունենք ազնվություն՝ ասելու, որ ունեցել ենք թերություններ եւ վճռական ենք այդ թերությունները ուղղելու ճանապարհով մեր հասարակության հետ ձեռք ձեռքի տված կառուցել մի Հայաստան, որտեղ առաջնայինը կլինի անվտանգության եւ առաջընթացի ապահովումը: Աջուձախ նայե՛ք, տեսե՛ք՝ ինչ է կատարվում մեզ շրջապատող աշխարհում, ինչպիսի մարտահրավերներ ունենք, ինչի միջով ենք մենք անցել. պատերազմ լինի, տարածաշրջանում անկայունություն լինի, ռուս-վրացական պատերազմ լինի, տնտեսական ճգնաժամ լինի, այդ ամենը ազդում է, չէ՞, եւ այդ ամենի մեջ մենք ունեցել ենք եւ ապահովել ենք շատ լուրջ ցուցանիշներ: Ճիշտ է՝ 9 տոկոսով աղքատությունը ավելացել է, բայց դրան զուգահեռ միջին աշխատավարձն է ավելացել, մինիմում աշխատավարձն է բարձրացել: Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

 

 

 
«ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇԱՑԱԾ Է ԵՎ ՏԵՂԻՆ ՉԷ»

Նախօրեին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որով ընտրություններին մասնակից դաշինքներին եւ կուսակցություններին կոչ է անում համաձայնության գալ եւ իշխանություններին առաջարկել ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ին:

Եւ քանի որ իշխանություններն էլ դեռեւս շաբաթներ առաջ հայտարարել էին, որ ընտրության օրը կփոխվի, եթե մասնակցող բոլոր քաղաքական ուժերը գան այդպիսի համաձայնության, «Ժողովուրդ»-ը հենց այդ քաղաքական ուժերից փորձեց պարզել, թե ինչպես են արձագանքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայտարարությանը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ դեմ չեն օրվա փոփոխությանը, բայց եւ կարծում են, որ դա իրականացնելը հնարավոր չէ. «Նորմալ առաջարկ է, այդ առաջարկն ավելի վաղ էլ է հնչել: Ժամանակն այնքան կարճ է, որ մեկ շաբաթվա ընթացքում ոչինչ հնարավոր չէ փոխել»,- ասաց Մարգարյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով եւս` ընտրությունների օրը փոխել հնարավոր չէ. «Ընտրություններն արդեն մոտենում են ավարտին, կա ժամանակացույց, եւ ուղղակի հնարավոր չէ փոխել ընտրությունների օրը, կարծում եմ»:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի խոսքով` ընտրությունների օրը տեղափոխելու մասին առաջինը իրենք են բարձրաձայնել, քանի որ այդ օրը ընտրություն անցկացնելը իրենք եւս հակասահմանադրական են համարում. «Մեր իրավաբանների խումբը հիմնավորումները ներկայացրել էր, միացել ենք նաեւ ստորագրահավաքին: Լրացուցիչ այդ հարցը չենք քննարկել եւ չենք կարծում, որ մեր դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն կմտնի այդ առումով»,-նշեց Մանուկյանը:
Իսկ «Ելք» դաշինքում այս հարցի շուրջ դեռ դիրքորոշում չկա: Դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց. «Կքննարկենք, վաղը, մյուս օրը կամ երբ կգտնենք նպատակահարմար, կպատասխանենք, կամ նույնիսկ կարող է՝ չպատասխանենք իրենց»:
Կոմունիստական կուսակցությունը կտրականապես դեմ է ընտրությունների օրը փոխելու մտքին` այն համարելով անտեղի եւ ուշացած. «Մենք համակարծիք չենք այդ առաջարկությանը»,- ասաց կուսակցապետ Տաճատ Սարգսյանը:
Ի տարբերություն կոմունիստների` «Ազատ դեմոկրատներ»-ը դեմ չեն, որ ընտրությունների օրը մեկ շաբաթով հետաձգվի, եթե դրա համար չկա որեւէ խոչընդոտ. «Եթե չկա որեւէ խոչընդոտ, եւ հնարավոր է դա իրականացնել, մենք որեւէ խնդիր չենք տեսնում»,-ընդգծեց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօր առավել կարեւոր է ոչ թե ընտրությունների անցկացման օրը, այլ ազատ եւ արդար ընթացքի ապահովումը: Այնուամենայնիվ, տիկին Զոհրաբյանը նշեց. «Եթե քաղաքական ուժերը կգնան համաձայնության տեղափոխելու օրը, մեզ համար ցանկացած համաձայնություն կլինի ընդունելի»:
Քաղաքական ուժերի՝ իրարամերժ այս տեսակետներից կարելի է ենթադրել, որ ընտրությունների օրը կմնա անփոփոխ:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ՀՅԴ-Ն ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ Է
Նախընտրական այս շրջանում արձակուրդում գտնվող պաշտոնյաների թվում են նաեւ ՀՅԴ-ական նախարարները, որոնք առաջադրվել են որպես պատգամավորության թեկնածու: Իսկ ահա ՀՀԿ-ական նախարարները՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը, ընդհակառակը, այս օրերին շարունակում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարել, միաժամանակ նաեւ քարոզարշավով զբաղվել. ասում են՝ քարոզչությունն էլ անում են աշխատանքային օրվա ավարտից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՅԴ կուսակցության պատգամավորության թեկնածուներից Ռուզաննա Առաքելյանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ միայն դաշնակցական նախարարներն են օգտվել արձակուրդի հնարավորությունից: «Դա այնպիսի բան է, որ ես տեղյակ չեմ, գուցե ներքին որոշում կա, այսինքն` ներքին պայմանավորվածություն կա, դա իրենցից պետք է ճշտեք»,-ասաց Առաքելյանը:

 

 

ՆՍՏԱՑՈՒՅՑ
Արդեն 5-րդ օրն է, ինչ Ազատության հրապարակում «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արթուր Սարգսյանի մահվան համար բողոքի ակցիա է իրականացվում, եւ ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Սակայն ակցիային մասնակցում են հիմնականում անչափահաս երեխաներ, որոնք մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ԱԱԾ-ից զգուշացրել են, եւ իրենք համապատասխան փաստաթղթի տակ են ստորագրել, որ զերծ են մնալու սոցիալական ցանցերից օգտվելուց, բողոքի ակցիաների մասնակցելուց: Տղաները հայտնեցին, որ գաղտնի են եկել մասնակցելու, եւ շտապ հեռանալու իրենց նպատակը մեկն է, որ Արթուր Սարգսյանի մահվան մեղավորները պատժվեն:

 

 

ԿԱՊ ՉՈՒՆԵՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան պարզաբանում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցված «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով» հայտարարության մասով՝ նշելով, որ իրենք որեւէ առնչություն չունեն դրա հետ: Հիշեցնենք, որ օրերս Երեւան քաղաքի Ամիրյան 2 հասցեից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել երկու քաղաքացիներ, որոնք փակցնելիս են եղել հայտարարությունը՝ «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով», եւ նշել էին ԿԸՀ-ի՝ 010 543-523 հեռախոսահամարը:




Լրահոս