ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության վարչությունում շարունակվում է Աջափնյակի թիվ 2 ընտրատարածքի «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանի (Չերիի Վահան) ծեծի գործով ստուգողական գործողությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատգամավորին ծեծի ենթարկողներից Սերգեյ Գրիգորյանը, որը Աջափնյակում հայտնի է Ֆազ անունով, Հայաստանում չէ:
Ինչպես հայտնի է՝ մարտի 17-ի ուշ գիշերին Աջափնյակում ծեծի էր ենթարկվել թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան): Ըստ հրապարակումների` պատգամավորին ծեծի ենթարկողը եղել էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխավորած խումբը՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ: Միջադեպի պատճառն այն է, որ Արման Սահակյանի համար նախկինում աշխատած անձանցից մեկն այս խորհրդարանական ընտրություններին որոշել էր աջակցել Վահան Կարապետյանին:
Վիճաբանության արդյունքում մարտի 17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության վարչության աշխատակիցները Վահան Կարապետյանին հրավիրել էին ոստիկանություն, որտեղ նա հայտնել էր, թե քթի շրջանում վնասվածքը ստացել է ընկնելու հետեւանքով:
Իսկ հիմա ամենագլխավորի մասին. ո՞վ է Ֆազը, որը մարտի 17-ին ծեծի էր ենթարկել ԱԺ պատգամավոր, պատգամավորի թեկնածու Վահան Կարապետյանին: Ակնհայտ է, որ Վահան Կարապետյանը խանգարում է ՀՀԿ-ական թեկնածուներին, եւ ահա նրա «թիմին կոտրելու» համար էլ կազմակերպվեց քրեական տարրերի մասնակցությամբ այս ծեծը: Մենք տեսանք, թե ինչպես է վնասվել պատգամավորի դեմքը:
Դեռեւս 2016 թվականի հունվարի 27-ին Աջափնյակ համայնքում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում էին ստացել 2 քաղաքացի: «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից մեկը հանցավոր աշխարհում հայտնի Շիբ անունով Արթուր Թորոյանն էր, իսկ երկրորդ վիրավորը՝ Ֆազ անունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը:
Ինչու էին տղաների վրա կրակել, այդպես էլ անհայտ մնաց, քանի որ դեռեւս այն ժամանակ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ կրակոցների հետեւանքով հիվանդանոցում հայտնված Ֆազը եւ Շիբը հրաժարվել էին իրավապահներին կատարվածի մասին բացատրություն տալ: Ինչպես կասեր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` նրանք «գողական էին գնում»: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Սերգեյ Գրիգորյանը համարվում է «օրենքով գող» Արմեն Հարությունյանի` վաղամեռիկ Արմեն Կանեւսկոյի եղբոր` Արտյոմ Կանեւսկոյի շրջապատի ներկայացուցիչ:
Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «գողական գնացող» Սերգեյ Գրիգորյանի` Ֆազի հարազատ եղբայրը Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Գրիգորյանն է: Նա քաղաքականությամբ է զբաղվում: Ի դեպ, Աջափնյակում տարածված լուրերի համաձայն՝ Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Գրիգորյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի` Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ` հասկանալու համար, թե նա ինչ կապ ունի քրեական հեղինակությունների հետ:
-Պարո՛ն Սահակյան, հրապարակվեց այն մասին, որ Ձեր գլխավորած խումբը ծեծել է պատգամավորին, ավելին՝ ՀՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունն էլ հայտնեց, որ միջադեպը ի սկզբանե հրահրել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանը: Հիմա ծեծ եղե՞լ է, թե՞ Վահան Կարապետյանը պարզապես վայր է ընկել:
-Ես Ձեր հարցին չեմ պատասխանելու, այդ մասին չեմ խոսելու, այդ մասին արդեն խոսել եմ: Հանրապետական կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցը իր հայտարարությունը տարածել է, եւ ես այդ հարցին էլ չեմ պատասխանելու:
-Հրապարակվեց, որ պատգամավորին ծեծել են Ձեր գլխավորած անձինք, Սերգեյ Գրիգորյանը` Ֆազը, որը քրեական հեղինակություն է: Ի՞նչ կապ ունեք Դուք նրա հետ:
-Սերգեյ Գրիգորյանը արդեն մեկ ամսից ավել է, ինչ Հայաստանի Հանրապետությունում չէ:
-Իսկ ինչպե՞ս կբացատրեք նրա անունը Ձեր հետ կապելը, եւ, առհասարակ, որ Ֆազը, ըստ էության, Ձեր հրահանգով է դա իրականացրել:
-Չգիտեմ, նա երկրում չի:
-Իսկ միգուցե նա ծեծեց, ու նրան փախցրեցի՞ք, նման դեպքերը բազմաթիվ են:
-Ո՛չ, ծեծից հետո չի գնացել, Դուք կարող եք հետաքրքրվել ու ճշտել. մեկ ամսից ավել է, ինչ Սերգեյ Գրիգորյանը երկրում չի գտնվում:
-2013 թվականին Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Գյումրիում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ տեղի ունեցած կրակոցներին, ասել էր՝ հիմա դու պատգամավո՞ր ես, թե՞ գողական: Նույն ոճով հարցնեմ՝ հիմա Դուք պատգամավորի թեկնածո՞ւ եք, թե՞ գողական:
-Ես պատգամավորի թեկնածու եմ, շնորհակալությո՛ւն:
Հուսանք` ստուգում իրականացնող իրավապահները կգտնեն ԱԺ պատգամավորին ծեծողին: Հակառակ դեպքում` սիրուն չէ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՒՐԻՇԻ ՀԱՇՎԻՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել Է ՀՀ եւ ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր մի խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մեծ գումարներ է հափշտակել:
Ըստ ԱԱԾ-ի՝ խումբը Հայաստանում գրանցել է հյուրանոցային եւ ռեստորանային գործունեություն իրականացնող գոյություն չունեցող կազմակերպություններ եւ դրանց անունով ձեռք բերել ՀԴՄ-տերմինալ: Հենց այդ տերմինալի օգտագործմամբ հանցավոր խմբավորման անդամները Ավստրալիայի քաղաքացիների բանկային հաշվեհամարներից, հյուրանոցային ծառայությունների դիմաց վճարում կատարելու հիմնավորմամբ իրենց հաշվեհամարներին են փոխանցել խոշոր չափերի գումարներ:
2016թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին հանցավոր խմբի անդամներին հաջողվել է ավստրալական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել շուրջ 85 մլն դրամ, որից 58 մլն դրամը կանխիկացրել են, իսկ մնացած՝ 27 մլն դրամ գումարի կանխիկացումն ավարտին չեն հասցրել:
5 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ համակարգչային տեխնիկայի օտագործմամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Նրանցից 3-ը կալանավորվել են:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սա առաջին դեպքը չէ` ՌԴ-ում գործունեություն իրականացնող անձինք ցանկանակցել են խոշոր հափշտակություն իրականացնել: ՌԴ-ում դատապարտված Վիտալի Բորտան համաձայնության է եկել ոմն Վ. Ստանցուի հետ, որպեսզի բանկային քարտերի կեղծ կրկնօրինակները Մոլդովայից ՀՀ տեղափոխի եւ այն իրացնի Հայաստանում: Պարզեցինք, որ Վիտալի Բորտան ունեցել է տարբեր առեւտրային կազմակերպությունների «նվեր» քարտերի տեսքով պատրաստված 232 պլաստիկ քարտեր, որոնց վրա գրառված են եղել ՀՀ-ում գործող 12 առեւտրային բանկերի 220 հաճախորդների համակարգչային տեղեկատվություն:
Իսկ արդեն 2016թ մայիսի 3-ին Բորտան Քիշինեւ-Կիեւ-Երեւան չվերթով ժամանել է Երեւան, սակայն գործը գլուխ չի կարողացել բերել, քանի որ ՀՀ իրավապահների կողմից կալանավորվել է:
Նշենք, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՍԿՈՒ ԳՈՂԵՐԸ
ՀՔԾ տեղեկացմամբ՝ քրեական գործ է հարուցվել Սոթքի ոսկու հանքից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության տնօրենի հաղորդման հիման վրա: «Մասնավորապես վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2017թ. փետրվարի 22-ին` ժամը 03:50-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարած «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են 145.5 կգ ոսկու հանքանյութ պարունակող պարկեր»: Ըստ ծառայության՝ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ
Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հրաժարականից հետո զբաղվելու է Արցախում փոքր եւ միջին բիզնես հիմնել ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ: Այս մասին Արթուր Աղաբեկյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Դեռեւս 2016 թ. մայիսի 23-ին հայտարարել էի, որ 2017թ. առաջին եռամսյակին պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել Արցախի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից: Այսօր Արցախի Հանրապետության նախագահը իմ դիմումի համաձայն ազատել է ինձ զբաղեցրած պաշտոնից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության նախագահին եւ վարչապետին, գործընկերներիս, որոնց հետ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին իրականացրել ենք բազում ծրագրեր: Առաջիկայում հիմնելու եմ հասարակական կարգով խորհրդատվական գրասենյակ, որը զբաղվելու է Արցախում փոքր եւ միջին բիզնես հիմնող ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ»,- գրել է նա:
ՕՐԻՆԱԽԱԽՏՆԵՐՈՎ
«Առավոտը» ՊԵԿ հրապարակած ցանկի ուսումնասիրմամբ տեղեկացնում է, որ «Աշտարակ ձու»-ն պետությանը պատճառել է 415 հազար 800 դրամի վնաս` առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքը առաքելու կամ տեղափոխելու համար: «Արաքս» թռչնաֆաբրիկան` 62 հազար դրամ չի վճարել: Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա»-ն 74 հազար դրամով է հարկերից խուսափել: «Երեւանի սննդի կոմբինատ»-ն առանց ուղեկցող փաստաթղթերի 500 հազար դրամի ապրանքն է առաքել: «Դարբբագս» կարի ֆաբրիկան էլ 286 հազար դրամի է վնաս հասցրել պետբյուջեին: Ապրանքն առանց ուղեկցող փաստաթղթերի առաքել կամ տեղափոխել է «Կոմպյուտեր սերվիս»-ը, որը հարկերից խուսափել է 612 հազար դրամով: «Թամարա»-ն ու «Չանախ»-ը նույնպես այս ցանկում են: Առաջինը 12 հազար դրամ է թաքցրել, երկրորդը` 7 հազար 850 դրամ: «Վան 777» ընկերությունը 324 հազար 791 դրամի հարկ չի վճարել: «Օստինատո» ՍՊԸ-ն 60 հազար դրամով է խուսափել հարկային պարտավորություններից, «Զանգակ-97» ընկերությունը ապրանքն առաքել է, բայց 122 հազար դրամ հարկը չի վճարել: «Ջինջ» ընկերության` պետությանը հասցված վնասը կազմել է 840 հազար դրամ: «Էդիսոն Հովսեփյան» ընկերությունը` 30 հազար դրամի խախտում է թույլ տվել: «Ոսկե գագաթ» ընկերությունը հարկերից խուսափել է 322 հազար դրամով: «Մելով գրուպ»-ը 558 հազար դրամ պետբյուջե չի վճարել: Այս ոլորտում ամենախոշոր օրինախախտներից է «Դոքս Քոմպյուտր» ընկերությունը, որը ապրանք է առաքել կամ տեղափոխել՝ առանց 1 միլիոն 20 հազար դրամ հարկը վճարելու: Իսկ «Արդատեկ» ընկերության խախտումն էլ կազմել է 210 հազար դրամ: