«ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ՄԵՐ ՁԱՅՆԵՐԸ ՊԱՀԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստանում էր Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանի հետ:

-Օրերս՝ մարտի 18-ին, Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը ժամանել էր Հայաստան՝ աջակցելու «Ծառուկյան» դաշինքին: Ի՞նչ է Ձեզ տալու այդ աջակցությունը:
-Այո՛, Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների ընտանիքը շատ լուրջ ուժ ունեցող միավոր է: Այն կայացած կառույց է, նրանք իշխանություն ունեն Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում: Այսինքն՝ կայացած, հզոր քաղաքական միավոր է Եվրոպառլամենտում, մենք այդ ընտանիքի անդամ ենք, եւ նրանք եկել էին աջակցելու: Ասեմ, որ խոսքն այն մասին է, որ նրանք մեր ծրագրերը ողջունում են: Նրանք ծանոթացան մեր 15 կետերին, որոնք շատ իրատեսական են, որովհետեւ մանրամասն ուսումնասիրել են մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ոչ 1 տարի, այլ այնքան ժամանակ, ինչքան ժամանակ մենք անդամ ենք եւ դրանից առաջ: Եվ միանշանակ հավանություն տվեցին մեր ծրագրերին: Նրանք մեծ փորձ ունեն ե՛ւ իրենց երկրներում, ե՛ւ միջազգային հարաբերությունների ասպարեզում: Նրանք լսեցին մեր ելույթները, հատկապես Գագիկ Ծառուկյանի ելույթները եւ բավականին ողջունեցին: Սա է ամենակարեւոր մեսիջը, որ նրանք մեր գործունեությունը ողջունում են, որ մենք այն ճիշտ ուղղությամբ ենք տանում, եւ անպայման արդյունքը կերեւա:
-Մտավախություն չունե՞ք, որ Ձեզ կմեղադրեն դրսից մարդ բերելու մեջ:
-Ո՛չ, էդ մարդիկ ինչ են արել. դրսից աջակցությունը ո՞րն է: Նրանք եկել են, լսելու են մեր ծրագրերի մասին եւ կիսում են դրանք: Ի՞նչ խնդիր կա էստեղ, ես որեւէ խնդիր չեմ տեսնում:
-Ձեր միջազգային գործընկերները հայտնեցին, որ «Ծառուկյան» դաշինքը հաղթանակի ռեալ շանսեր ունի : Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց նրանց այդ համոզմունքը:
-Նորից եմ ասում՝ քանի որ նրանք 1 տարի չէ, որ ուսումնասիրում են: Դուք գիտեք, որ գործող քաղաքականությունից կա համատարած դժգոհություն: Այսինքն՝ պետք է փոխել, նրանք գնացին, տեսան, մեր Աբովյանի, Կոտայքի հանրահավաքը: Հանդիպեցին մեր նախընտրական շտաբներում 1-2-ին, այսինքն՝ իրենք հասկացան որ դա ռեալ ուժ է եւ ռեալ փոփոխություն կարող է անել: Բայց եթե չեմ սխալվում, նրանք գնացել են նաեւ հայ-թուրքական փակ սահման՝ Մարգարայի հատվածում: Նրանք ոչ միայն կուսակցական, այլ նաեւ ի նպաստ Հայաստանի, լուրջ առաքելություն են իրականացնում:
-«Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչության համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքն իր վարկանիշով 1-ին տեղում է: Ինչպե՞ս եք պահելու ձեր ստացած ձայները:
-Ես կարծում եմ՝ այդ արդյունքները շատ ավելի նվազեցված են, քան մեր իրական արդյունքները կան: Դրա համար մենք մարզերում, գյուղերում մեր քարոզչական խմբերն անում ենք եւ մեր մոտեցումները ներկայացնում ենք:
-Եթե կեղծիքներ լինեն, ո՞րն է լինելու դաշինքի հաջորդ քայլը:
-Մենք բացառում ենք, որ կարող է մեր հսկողության սահմաններում կեղծիք հայտնաբերվել: Մենք գնում ենք նրան, որ պետք է մեր ձայները պահենք: Եվ գտնում ենք, որ այս անգամ ժողովուրդը լրիվ համոզվել է, որ պետք է փոփոխություն իրականացվի:

Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

 

 
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀՀԿ-Ն ՀԱՄԱՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մարտի 20-ին Նոյեմբերյանում կայացավ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ղեկավարներ Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ ՀԱԿ-ից Տավուշի մարզի տարածքային թեկնածուներ Գուրգեն Ասատրյանի, Արթուր Աթաբեկյանի հանդիպումը Նոյեմբերյան քաղաքի բնակիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ քաղաքային զբոսայգում, որի հարթակին էր նաեւ ՀԱԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար Սուրեն Մամյանը, ով Վանո Սիրադեղյանի քրոջ որդին է: Առհասարակ, ներկաների մեջ քիչ չէին Վանո Սիրադեղյանի հարազատները: Սակայն հանդիպման մասնակիցները մեծաթիվ չէին, ընդամենը մի քանի տասնյակ հոգի: Ստեփան Դեմիրճյանը հորդորում էր հարթակից վերեւ կանգնածներին իջնել զբոսայգի, որպեսզի իրենք թիկունքով չլինեն այդ մարդկանց: Սակայն հարթակից վերեւ, մայթում կանգնածները զբոսայգի չգնացին: Նոյեմբերյանի բնակիչ, տարածքային թեկնածու Գուրգեն Ասատրյանն ասաց, որ իշխանությունները ուրիշ նպատակ չունեն, բացի վերարտադրվելուց, որպեսզի շարունակեն թալանել: ԱԺ պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ նկատեց, որ նոյեմբերյանցիները լավ գիտեն պատերազմի վտանգների մասին: Նրա խոսքերով՝ Երեւանում պատրանքի մեջ են, կարծես պատերազմ չկա, սակայն երկիրը գտնվում է չդադարող պատերազմի մեջ: Լ. Զուրաբյանն ընդգծեց, որ ամեն ընտրություն ունենում է իր օրակարգը. 2008-ին ընտրություն էր կոռուպցիայի եւ կոռուպցիայից ազատվելու ձգտման միջեւ: 2017-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն, արդեն ընտրություն է պատերազմի եւ խաղաղության միջեւ: Նա հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունը ոճրագործությամբ կասեցրեց ժողովրդական շարժման ծավալումը, եւ մարտի 1-ը ծնեց ապրիլի 2-ի պատերազմը: ՀԱԿ փոխնախագահի վստահեցմամբ՝ 1997 թ. խաղաղության պայմանագիր էր նախապատրաստվում 3 իրավահասար կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: 1998-ի իշխանափոխությունից հետո, սակայն, իշխանությունների նպատակը եղել է ոչ թե հողերը պահելը, այլ իշխանությունը չկորցնելը՝ սեփական հարստացման նպատակով, այդ իսկ պատճառով նրանք զբաղված չեն եղել ռազմաճակատի գծի ամրապնդմամբ, ջերմատեսիլ սարքերի ձեռք բերմամբ: Լ. Զուրաբյանը հայտարարեց.«Ապրիլի 2-ին ընտրությունը լինելու է խաղաղության եւ պատերազմի կուսակցությունների միջեւ: Խաղաղության կուսակցությունը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է, պատերազմի կուսակցությունը հանրապետականներն են, բայց նաեւ նրանց սպասարկող մյուս կուսակցությունները»: Ս. Դեմիրճյանն էլ հավելեց, թե ներկայիս ծանր վիճակը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի խումբ շարունակաբար յուրացրել է իշխանությունը՝ սեփականաշնորհելով երկիրը: Նա հորդորեց ապրիլի 2-ին մերժել ընտրակաշառքն ու ընտրակեղծիքը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
«ՄԵՐ ՍԱՐԵՐԻ ՋՐԻ ՀԱՄԱՐ ԹԱՆԿ ԵՆՔ ՎՃԱՐՈՒՄ»
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունվարի 1-ից ամբողջ Հայաստանում գործում է ջրի միասնական սակագին, որով սահմանվել է խ/մ-ի դիմաց 180 դրամ: Նշենք, որ դա պայմանավորված է միասնական օպերատորի աշխատանքի մեկնարկմամբ: Բանն այն է, որ «Վիոլա ջուր» ընկերության՝ մրցույթը հաղթելու արդյունքում «Երեւան ջուր», «Հայջրմուղ», «Նոր Ակունք», «Լոռի ջրմուղ» եւ «Շիրակ ջրմուղ» ընկերությունները դադարեցրել են իրենց աշխատանքը: Սակայն ջրի սահմանված սակագնի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից դժգոհություններ է ստանում:
Նշենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի խմելու ջուրը սպառողներին հասնում է ինքնահոս եղանակով, սակայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն դեռեւս 2013 թվականին բնակիչներին պարտադրել էր ջրաչափեր տեղադրել, ինչին նրանք դեմ էին: Բնակիչներին, սակայն, ավելի շատ զայրացրել էր այն հանգամանքը, որ «Հայջրմուղկոյուղին» իրենց քաղաքում առանց որեւէ ներդրում կատարելու ժողովրդից գումար է գանձում: Բացի այս՝ վարդենիսցիները մտահոգված են, որովհետեւ ջրի խողովակները հիմնովին փոխելու կարիք ունեն, դրանք փտած են ու հին: Մինչդեռ ոչ մի պատկան կառույց կամ ընկերություն այդ մասին նույնիսկ չի էլ մտածում: «Ինչո՞ւ պետք է մենք մեր սարերի ջրի համար այդքան բարձր գին վճարենք: Ինչո՞ւ պետք է թանկ լինի ջրի սակագինը: Չէ՞ որ այն գալիս է մեր սարերից: Ջրի ամբողջ համակարգը խորհրդային տարիներից է մնացել, տրուբաներից սկսած ամեն ինչ սովետն է արել, սրանք ելել են ու թալան են կազմակերպում: Վարդենիսը ջրի երկիր է, Աստծու տված ջուրն էլ են ուզում կտրեն: Եկել են ու մեր սարերի ջուրն են մեր վրա ծախում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ջրի սակագնի հետ կապված իրենց բողոքը ներկայացրին Վարդենիսի մի շարք բնակիչներ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Վիոլա ջուր» ընկերության մամուլի հարցերով պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ, ով լսելով հարցը՝ անմիջապես հայտարարեց, որ ջրի սակագինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից է սահմանվել: Իսկ Վարդենիսի ջրի խողովակները հիմնովին փոխելու մասով հետեւյալն ասաց. «Անշուշտ, մենք բողոքի վրա ուշադրություն կդարձնենք եւ համապատասխան մոտեցում կցուցաբերենք: Ընկերությունը անպայման ներդրումներ անելու է: Ամեն դեպքում, վարդենիսցիների բողոքը անարձագանք չի մնա»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳԻԺ ՄԱՐՏԸ
Մարտի 21-ի գիշերը հանրապետության լեռնային եւ նախալեռնային գոտիներում, այդ թվում Երեւանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտիներում՝ անձրեւի տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը՝ հատկապես ցերեկը, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա:

 

 

ԻՍԿ ՀԱԿԱՌԱ՞ԿԸ
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012-ից 2016թթ. ընթացքում ՀՀ-ից Վրաստան ուղղակի դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 40 միլիոն դոլար: Առավելագույն չափը գրանցվել է 2014թ.՝ 12,6 միլիոն դոլարի չափով: 2012թ. ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 5,9 միլիոն դոլար, 2013թ.՝ մոտ 3,7 միլիոն դոլար, 2015թ.՝ 12 միլիոն դոլար, 2016թ.՝ 5,6 միլիոն դոլար:




Լրահոս