«Ժողովուրդ»-ը շարունակում է ուսումնասիրել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի մշակութային դրույթները: Մենք առանձնացրել ենք ծրագրերի` մի քանի ակնհայտ խոցելի կամ թերի, երբեմն էլ հակամշակութային կետեր: Այս անգամ անդրադարձել ենք «Ելք» դաշինքի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերին:
Այսպիսով՝ «Ելքը» ընտրվելու դեպքում իր ծրագրի «Կրթություն եւ գիտություն» խորագրի ներքո խոստանում է. «Առավելագույնս կսահմանափակվի ցածրաճաշակ մշակույթի քարոզը»: Նշյալ կետն այսքանով սահմանափակվում է: Չի բացատրվում` ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվելու, որպեսզի սահմանեն` որն է բարձրաճաշակ եւ որը` ցածրաճաշակ մշակույթը, չի հստակեցվում նաեւ, թե ինչ սկզբունքներով եւ գործիքներով է սահմանափակվելու ցածրաճաշակ մշակույթի քարոզը:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի կարծիքով` ծրագրում ներկայացված է լղոզված ձեւակերպում. «Ամեն դեպքում` հարկավոր է մշակել պետական ռազմավարություն եւ որոշել` ինչը քաջալերել եւ ինչը ոչ: Մինչեւ հիմա մենք տեսել ենք ցածրաճաշակ մշակույթի քարոզչություն, մեդալներ, կոչումներ են շնորհվել հենց այդ մշակույթի ներկայացուցիչներին, որոնց պարգեւներ հանձնողը դրել է լուրջ արվեստագետների կողքին` նույն հարթության վրա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:
Այնուամենայնիվ, տիկին Թուխիկյանը կարծիք հայտնեց, որ երիտասարդ, թարմ ուժերը կարող են մշակութային կարեւոր հարցերը բերել օրակարգ:
Անդրադառնանք նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մշակութային հատվածին: Այստեղ ակնհայտորեն շեշտը դրված է տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի հանրահռչակման վրա. «Մեր նպատակն է մշակութային արտադրանքի եւ ծառայությունների, պատմամշակութային ժառանգության եւ մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակումը ՀՀ-ում եւ արտերկրում, մշակութային ժառանգության պահպանումը եւ տարածումը»,-ասված է ծրագրում եւ որպես այդ նպատակով նախատեսված քայլերից մեկը նշված է. «Նոր թափ հաղորդել մշակութային հուշանվերային արտադրանքի՝ մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման եւ տարածման գործընթացին»:
Նարինե Թուխիկյանը, խոսելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մասին, նկատեց, որ թեեւ շատ կարեւոր է տնտեսական բաղադրիչը, սակայն առաջնայինը մշակութային բաղադրիչն է. «Օրինակ` ես ունեմ իմ պատկերացումն առ այն, թե ոնց կարելի է մեր մշակույթը հանրահռչակել: Պետք է ունենալ մշակութային հզոր «արտադրություն», այսինքն` պետք է արժեք տաս, հետո նոր մտածես դա լավ փաթեթավորելու մասին: Իսկ տնտեսական բաղադրիչն ապահովելու համար կառավարությունն ինքը պետք է ներդրումներ անի, մտածի` ոնց իր մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնի, օրինակ, պետք է իր գրականությունը ֆանտաստիկ լավ թարգմանի, հետո մտածի դա դրսի շուկայում իրացնելու մասին: Այդ դեպքում տվյալ ստեղծագործությունը երկրին փող էլ կբերի, ճանաչում էլ: Կամ մենք դրսում ունենք հզոր երգիչներ, պարողներ, որոնք իրենց տաղանդով կարողացել են գրավել աշխարհի բեմերը, ինչո՞ւ ենք մենք նրանց, կոպիտ ասած, «արտահանում» դուրս: Թե չէ հուշանվերների հարցը երկրորդական, երրորդական բան է, հուշանվերների այդ ի՞նչ տեսականի պետք է ստեղծվի, որ աշխարհում մրցունակ լինի, կամ այդ ի՞նչ քանակությամբ»,-ասաց նա:
Ի դեպ, տիկին Թուխիկյանը հիշեց Թումանյանի խոսքերը. «Նա ասում էր, որ մարդիկ այնքան փող են տալիս ընդերքից նավթ հանելու համար, իսկ ի՞նչ պակաս հոր է մարդու հոգին, պետք է պեղել մարդու հոգին, որտեղ լիքը մշակույթ կա, արվեստ կա»:
«ԻՆՁ ՀԱՍՏԱՏ ՉԵՆ ՃԱՆԱՉԻ»
Երգչուհի Արփինե Բեկջանյանի` վերջին տարիների պասիվ գործունեությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նա հեռացել է հայկական շոու-բիզնեսից: Վերջինս ավելի հազվադեպ է թողարկում նոր երգեր ու տեսահոլովակներ, ավելի քիչ է հայտնվում շոուբիզնեսյան հավաքույթներին, սակավացել են նաեւ հրավերներն արտերկրից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արփինեն, անդրադառնալով թեմային, նշեց` քանի դեռ ինքը երգում է ակումբներում, նշանակում է` այնքան էլ չի հեռացել ոլորտից. «Չեմ կարող ասել, որ լիարժեք հեռացել եմ շոու-բիզնեսից, քչից-շատից առնչվում եմ այդ ասպարեզի հետ: Գուցե առաջիկայում կարիերաս վերածնունդ ապրի, եւ շոու-բիզնեսի հետ իմ առնչությունները սերտանան, թեեւ կասկածում եմ, քանի որ Հայաստանում դա այդքան էլ հեշտ չէ. մոնոպոլիզացված է ամեն ինչ»,-մեկնաբանեց նա:
Մենք հետաքրքրվեցինք` վերջին մեկ տարում ինչպիսին են Արփինեի հարաբերությունները մեր շոուբիզնեսցիների հետ. «Նրանց հետ կապ չկա, ես չեմ շփվում գրեթե ոչ ոքի հետ: Աշխատանքի բերումով գուցե հանդիպումներ լինում են, բայց այդքանով ամեն բան եզրափակվում է»,-անկեղծացավ երգչուհին:
Իսկ հարցին, թե հետաքրքրության այդ պակասը մասնագիտական, թե՞ անձնական կյանքին է առնչվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թերեւս մասնագիտական: Նոր սերնդի ներկայացուցիչներից, օրինակ, քչերին եմ ճանաչում, չգիտեմ էլ` ով կա ասպարեզում, բայց, իհարկե, ունենք տաղանդավոր երգիչ-երգչուհիներ»:
Ամեն դեպքում` Արփինեն հիմա աշխատում է իր նոր երգի վրա, պատրաստվում է թողարկել նաեւ տեսահոլովակ. «Սպասվում է ոճային փոփոխություն, իհարկե, իմ ամպլուայի մեջ»,-ասաց երգչուհին:
Արփինեն մտածում է նաեւ նոր ձայնասկավառակ թողարկելու մասին. «Դա կլինի իմ` թվով երրորդ ալբոմը` բոլորովին նոր ոճի մեջ: Ինձ հաստատ չեն ճանաչի»,-խոստացավ նա` խուսափելով այլ մանրամասներ հայտնել:
Մեր զրուցակիցը կարծում է, որ երբ նոր հեղինակային երգեր թողարկի, համերգներն ու արտերկրից հրավերներն անխուսափելի կլինեն:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Տիկնիկների միջազգային օրվա կապակցությամբ մարտի 21-ին Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանում կբացվի Տիկնիկների պատկերասրահը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` շենքը գտնվում է Աբովյան փողոցում: Պատկերասրահը զբաղեցնելու է 1914թ. կառուցված շենքի մի մասը: 1921 թվականին այդտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը։ Բացման հանդիսավոր արարողությունը կուղեկցվի «տիկնիկների երթով», եւ կցուցադրվի փոքրիկ ներկայացում: Տիկնիկների թանգարան ստեղծելու գաղափարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հղած նամակում առաջարկել էր Երեւան քաղաքի պատմության թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը, որն այժմ Տիկնիկների պատկերասրահի գեղարվեստական ղեկավարն է։ Թանգարանի գաղափարի իրագործումը հնարավոր դարձավ մասնավոր անձի ներդրման շնորհիվ։ Մշտապես կցուցադրվեն հայկական ծիսական, հնաոճ, խորհրդային տարիների, հեղինակային, թատերական, հուշանվերային տիկնիկներ, ինչպես նաեւ տիկնիկներ անվանի հայերի հավաքածուներից։ Կցուցադրվի նաեւ պատկերասրահի առաջին խոշոր նվիրատուի՝ ամերիկահայ Ալիս Նավասարգյանի հավաքածուն (192 տիկնիկ):
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Արղության վարժարանում հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ կրթություն ստացած Նինա Մերեշնիկովային Խաչատրյանը իր կահույքի մի քանի կտոր էր նվիրել, որոնցից երկուսը Մերեշնիկովան հետագայում նվիրել էր տուն-թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ եւ 1 պահարան)` իրեն բուժող բժշկին: Ավելի ուշ այդ իրերը հայտնվել էին Լատվիայում` մի խոշոր հավաքորդի մոտ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը, որը բազմիցս եղել է Մերեշնիկովայի բնակարանում, հաստատել է, որ դրանք այդ նույն իրերն են: Ինչպես տեղեկացնում են Արամ Խաչատրյան տուն-թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնից` ՀՀ¬ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ այդ իրերը Արամ Խաչատրյանի տուն-թանգարան են վերադառնում:
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ
«Տերմինատոր» ֆիլմի պրոդյուսերները հրաժարվել են նկարահանել ժապավենի շարունակությունը, քանի որ վստահ չեն, որ 69-ամյա Առնոլդ Շվարցենեգերը կկարողանա այդ տարիքում լիարժեք խաղալ: New York Daily News-ը տեղեկացնում է, որ 2015-ին թողարկված «Տերմինատորի» 5-րդ մասը 89 մլն դոլար է հավաքել ամերիկյան եւ 440 մլն դոլար` համաշխարհային կինովարձույթում: Սակայն, հակառակ այս հաջողության, ֆիլմն անտեսվել էր քննադատների կողմից. «Հիմա պրոդյուսերները նոր սցենար են պատրաստում, որը ե՛ւ կբավարարի քննադատներին, ե՛ւ ֆինանսական հաջողություն կապահովի»,-տեղեկացնում են պարբերականի աղբյուրները: