Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Թիմո Սոինին ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են վստահության և հարգանքի բարձր մակարդակի վրա:
Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆինլանդիայի հետ համագործակցությանը: Նախորդ քսանհինգ տարիների ընթացքում մեր գործընկերությունը զարգացել է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծում է, որ մենք արժևորում ենք համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ մեր ներդրումը բերելու գլոբալ ջանքերին՝ լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին:
Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժի միայն մի մասն է դեռ օգտագործվել, և համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով մեր պետությունների միջև գործընկերությունն առավել կամրապնդվի և կընդլայնվի:
Թիմո Սոինին իր ուղերձում նշում է, որ Ֆինլանդիան և Հայաստանը ունեն երկարատև բարեկամական կապեր: Ֆինլանդիայի արտգործնախարարը շեշտում է, որ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում մեր երկկողմ համագործակցությունը ընդհանուր ձեռքբերումներ է ապահովել, և առկա են բոլոր պատճառները՝ դրանով հպարտանալու համար:
Նախարար Սոինին ընդգծում է, որ Ֆինլանդիան ցանկանում է առավել ամրապնդել Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրում է Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակումը: Նախարար Սոինին վստահություն է հայտնում, որ նոր համաձայնագիրն առավել կամրապնդի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների խորացումը: