Վարչապետի հայտարարությունն ու ՊԵԿ բացահայտումը. համաներման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունների ղեկավարները այս օրերին ՊԵԿ են ներկայացնում տվյալներ, թե ովքեր կարող են հարկային համաներումից օգտվել: Ավելին՝ մեզ հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ասաց, որ 10 օրից կներկայացվի համաներման ամփոփիչ վիճակագրությունը:

Եվ այսպես՝ դեռեւս 2016 թվականի հոկտեմբերի 27-ին գրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված հարկային պարտավորությունները «համաներելու» հարցը: Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին Է, որոնց բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել։

Ի դեպ, այս գործընթացը պատահական չէր սկսվել, ինչպես տեղեկացել էինք ՊԵԿ լրատվական ծառայությունից այս հանձնարարականը տրվել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից. «Այս պահին կա վարչապետի հանձնարարականը ՀՀ ՊԵԿ-ին եւ կառավարությանը քննարկել իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները «համաներելու» նպատակահարմարությունը: Ներկայում ուսումնասիրություններ են ընթանում»,-նշել էին ՊԵԿ-ից:

Եվ ահա շուրջ մեկ ամիս տեւած ուսումնասիրության արդյունքում արդեն իսկ հստակեցվել է, թե կոնկրետ, որ անձանց վրա է տարածվելու համաներումը: Գրել էինք, որ համաներումը կտարածվի ֆիզիկական այն անձանց վրա, որոնք տեղյակ չեն եղել, որ հարկային պարտավորություններ են ունեցել եւ դրանք չվճարելով՝ հայտնվել են տույժ-տուգանքների հորձանուտում։Իսկ ի՞նչ անտեղյակության մասին է խոսքը: Օրինակ՝ եղել են քաղաքացիներ, որոնք 1 տարվա ընթացքում 2 անգամ ինչ-որ գույք են վաճառել՝ ինքնաբերաբար հայտնվելով հարկային տիրույթում:

Եվ հիմա ՊԵԿ-ը ստիպված է լինելու նոտարական գրասենյակներին տրամադրել հատուկ հուշաթերթիկներ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք գույք են վաճառում, տեղյակ լինեն, թե որ դեպքում են հայտնվելու հարկային դաշտում:

Դեռեւս 2016 թվականի դեկտեմբերից սկսված գործընթացը առաջիկայում կունենա իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության ղեկավարները ՊԵԿ են ներկայացնում տվյալներ, թե, օրինակ, իրենց տարածքային վարչությունում քանի անձ է օգտվելու համաներման գործընթացից: Առայժմ, սակայն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ բոլոր տարածքային հարկային տեսչությունների ղեկավարներն են ներկայացրել տվյալներ, թե իրենց ղեկավարությամբ գործող տեսչությունում քանի անձ կարող է օգտվել համաներումից: Իսկ թե ընդհանուր առմամբ քանի մարդ է օգտվել այդ հնարավորությունից, պարզ կդառնա ամբողջական թվերը ներկայացնելուց հետո:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի հետ զրուցեց համաներման գործընթացի եւ այլ հարցերի շուրջ:

-Պարո՛ն Միրումյան, ի՞նչ փուլում է գտնվում պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտարարված համաներումը, եւ, առհասարակ, քանի քաղաքացի է օգտվելու այդ հնարավորությունից:

-Կարծում եմ, որ մոտ 10 օրից մենք ամփոփիչ վիճակագրությունը կունենանք, ինչո՞ւ, քանի որ համաներումից օգտվում են այն սուբյեկտները, որոնք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրվա ընթացքում, ներկայացրել են ճշգրտված հաշվարկ կամ կատարել են հարկի վճարումը, որպեսզի տույժերից կամ տուգանքներից ազատվեն:

Մոտ 10 օրից ամփոփ ձեւով Ձեզ կներկայացնենք, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են, որ ճշգրտված հաշվարկ են ներկայացրել, հարկի ավել գումար են ցույց տվել, որ ֆիզիկակական անձինք են, որ երկրորդ գույքի օտարումից ունեն վճարումներ եւ ազատվել են դրանից, քանի տնտեսվարող սուբյեկտի անձնական հաշվի քարտից են սոցապ վճարներն ու եկամտահարկը նվազեցվել, վիճակագրությունը ամբողջական կտրամադրվի Ձեզ:

-Պետական եկամուտների կոմիտեում չափանիշների փոփոխման արդյունքում նոր բացահայտում էր եղել, որ «ԱՐԱԳԳ» ընկերությունը վառարանային վառելիքը փորձել էր իրացնել իբրեւ կերոսին ու դիզելային վառելիք: Կոնկրետ ինչ չափանիշների փոփոխության մասին է խոսքը:

-Խոսքը չի վերաբերում ՊԵԿ-ի չափանիշների փոփոխությանը, խոսքը վերաբերում է ընդհանրապես ռիսկային սուբյեկտների կամ ռիսկային չափանիշների վերանայմանը, որը կիրառվում է մաքսային սահմանին ապրանքների ներմուծման փուլում: Չափանիշը դա մեկ չափանիչ չէ, չափանիշը կախված է, թե դա որ երկրից է ներմուծվում, ինչ ապրանքատեսակ է ներմուծվում, որ տնտեսվարող սուբյեկտն է ներմուծում, բոլորը չափանիշների համախումբ են, որոնց արդյունքում ձեւավորվում է այդ ռիսկը, եւ իրականացվում է համապատասխան գործողություն:

-Արդյո՞ք այդ փոփոխությունները իրականացվեցին անորակ վառելիքի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո:

-Միգուցե այդ ժամանակ չափանիշներն են վերանայվել, չեմ կարող ասել:

Քնար Մանուկյան




Լրահոս