Ալյուր արտադրող ընկերությունը սնանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցորենի ներկրմամբ եւ ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են:

Տեղեկացնենք, որ «Մանանա Գրեյն» ընկերությունը Հայաստանում եւ արտերկրում ճանաչված է որպես հացահատիկի, հատիկային կուլտուրաների մեծածավալ ներկրող, ինչպես նաեւ ալյուր արտադրող, որը շուկայում ներկայացված է «Արմաշ» ապրանքանիշով: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մանանա Գրեյն» ընկերությունը հիմնադրվել է անցած տարվա դեկտեմբերի 21-ին, հիմնադիրն է Գուրգեն Նիկողոսյանը: Սակայն հիմնադրումից 26 օր անց ընկերությունը ֆինանսական դժվարությունների պատճառով հայտնվել է սնանկացման ճանապարհին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել այս տարվա հունվարի 16-ին: Այժմ հայտնի է նաեւ պարտատերերի նախնական ցուցակը, որոնց թվում է «Էմեռ» ընկերությունը: Նշենք, որ «Մանանա Գրեյն»-ը «Էմեռ»-ին պարտք է 0.5 մլն դրամ:

Ի դեպ, անցած տարի Գ. Նիկողոսյանին պատկանող «Մանանա Գրեյն հոլդինգ»-ի մի քանի ընկերություններում՝ Սուրենավանի քարերի վերամշակման գործարանում եւ Արմաշի ալրաղացում, այդ թվում նաեւ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ում, կրճատումներ են եղել: Պատճառը կրկին ֆինանսական խնդիրներն են եղել: Իսկ ալյուր արտադրող «Մանանա Գրեյն» ընկերությունում խնդիրներ առաջացել են Հայաստան ցածր գնով պատրաստի ալյուրի ներկրման հետեւանքով: Դա հարուցել էր բարձր գնով ալյուր վաճառողների եւ ալյուր արտադրողների դժգոհությունը: Ստացվում է, որ այս դեպքում ՌԴ-ից պատրաստի ալյուր ներկրելու արդյունքում է, որ «Մանանա Գրեյն»-ը սնանկացել է:

«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց «Մանանա Գրեյն» ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի հետ եւ հետաքրքրվեց սնանկացման պատճառների մասին: Զրույցի ընթացքում Նիկողոսյանը հայտարարեց, որ իրեն պատկանող ընկերությունը (խոսքը «Մանանա Գրեյն հոլդինգ»-ի մասին է) ամբողջովին չի սնանկացել: Միայն ալյուր արտադրող «Մանանա Գրեյն»-ն է սնանկացել, որը հոլդինգի մի մասն է կազմում: «Իհարկե, ֆինանսական խնդիրների պատճառով է սնանկացել եւ ղեկավար կազմի ոչ ճիշտ մենեջմենթի: Սա սխալ տնտեսվարման արդյունք է: Դա իմ մեղավորությամբ է եւ իմ սխալների պատճառով է, որ ընկերության այդ հատվածը սնանկացել է: Այստեղ պետության գործոնը չկա»,- նկատեց Նիկողոսյանը: Սակայն գործարարը շտապեց հույս հայտնել, որ սնանկացած ընկերությունն առաջիկայում ոտքի կկանգնի, կառողաջանա: ««Մանանա Գրեյն»-ը վերանվանվել է եւ դարձել «Մոդուս Գրանում»: Մեր ընկերությունը ցորեն է ներկրում, պատրաստի ալյուր չենք ներկրում: Այժմ «Մոդուս Գրանում» ընկերությունն է դրանով զբաղվում»,- նշեց Նիկողոսյանը: «Ժողովուրդ»-ը պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ «Մոդուս Գրանում» ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին՝ Գուրգեն Նիկողոսյանի կողմից:

«Ժողովուրդ»-ը Գուրգեն Նիկողոսյանին փոխանցեց նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ կապված ալյուրի եւ հացի արտադրության ծավալների նվազման հետ, եւ հետաքրքրվեց, թե որն է դրա պատճառն ըստ գործարարի:

«Խորհրդային տարիներից սկսած Հայաստանը ցորենի առումով ինքնաբավ չէ, մենք մեր արտադրածով չենք կարող բավարարել մեր ազգաբնակչությանը: Այս պատճառով էլ մենք միշտ ցորեն ներկրել ենք: Հիմա էլ է ներկրվում, ուղղակի որոշ ընկերություններ սկսել են պատրաստի ալյուր ներկրել, ինչն էլ տեղական ալյուր արտադրողների մոտ լրջագույն խնդիրներ է առաջացնում»,- մտահոգվեց գործարարը: Մեր զրուցակցի պատմելով` ՌԴ-ում ալյուրի հումքը որպես միջազգային ապրանք է վաճառվում, իսկ հումքից արտադրված ապրանքից հանվել է ավելացված արժեքի հարկը: Ինչի արդյունքում այն ռուսական շուկայում զգալիորեն ավելի մատչելի գնով է վաճառվում, քան մեզ մոտ արտադրվածը, որը ավելի բարձր գնով ձեռք բերված հումքից է ստացվել:

Իսկ հացի արտադրության ծավալների նվազումը գործարարը պայմանավորեց ազգաբնակչության թվաքանակի նվազմամբ: «Հացի արտադրության նվազման պատճառ կարող է լինել նաեւ գնողունակության անկումը: Բացի այս` այսօր մեծ է այն տնային տնտեսուհիների թիվը, որոնք հացը պատրաստում են իրենց տներում, այն չեն գնում խանութներից կամ սուպերմարկետներից: Սա նույնպես կարող է իր ազդեցությունը թողնել հացի արտադրության ծավալների նվազման վրա»,- պարզաբանեց Նիկողոսյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս