Իշխանությունները ծածկադմփոց կանեն նախընտրական սկանդալը. իսկ Սերժ Սարգսյանը խոստանում էր «մաքուր ընտրություններ». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները փորձում են ծածկադմփոց անել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ նախընտրական սկանդալը: Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել էր իր արած ձայնագրությունները, որտեղ այդ տնօրենները խոստովանել են իշխող ՀՀԿ-ի օգտին մարդկանց ցուցակագրելու մասին: Հանգստյան օրերին այդ տնօրեններին հրավիրել էին ՀՀԿ շտաբներ ու թեեւ նախատել էին միամտություն դրսեւորելու եւ անկեղծանալու համար, բայց եւ հանգստացրել էին՝ ասելով, որ որեւէ մեկը չի պատժվի, «ապօրինի ձայնագրությունները» ուժ չունեն: Այդ տնօրենների հետ նաեւ լիկբեզ են անցկացրել՝ սովորեցնելով հարցուպատասխանի դեպքում արդարանալ, թե ամեն ինչ օրինականության շրջանակներում է եւ արվել է աշխատանքային ժամից հետո: Իսկ աշխատանքային ժամերին իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անպատիժ կմնա նաեւ ՀՀԿ-ն, որի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ են ներկայացրել ընտրություններին մասնակից մի շարք ուժեր: Ընդ որում, այս հարցում պետական մարմինները փորձում են կատարվածը բացահայտելու իրավասությունը միմյանց վրա գցել:

Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, հայտարարել է, թե սկանդալային ձայնագրություններից միայն մեկն է առերեւույթ հանցագործության հատկանիշներ  պարունակում, իսկ մյուսներով գործողությունները գտնվում են «պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում»:

Իսկ մյուս պետական մարմինները ԿԸՀ-ն, ԿԳ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանն են: ԿԸՀ-ն այս կապակցությամբ նիստ կանի առաջիկա օրերին, ԿԳՆ-ն հայտարարել է փաստերն ուսումնասիրելու (հավանաբար, արդարացումների իրավական հիմնավորումներ են փնտրում) մասին, քաղաքապետարանն էլ, «քափ ու քրտինք մտած», արդեն իսկ արդարացնում է տեղի ունեցածը: Իսկ Սերժ Սարգսյանը խոստանում էր «մաքուր ընտրություններ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս