Արտակ Սարգսյանի բիզնեսներն ու երկարատև լռությունը. ինչ երեսով են կոճակ սեղմող պատգամավորները ցանկանում վերընտրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի ցուցակում տեղ են գտել բազմաթիվ դեմքեր, որոնք ներկայացված լինելով ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանում եւ ոչնչով աչքի չընկնելով` հիմա էլ պատրաստվում են ռեյտինգային ընտրակարգով ձեռք բերել մանդատները: Այդ շարքում այսօր կանդրադառնանք Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի խորհրդարանական անցյալին` հասկանալու համար, թե ինչպիսի գործունեություն են նրանք ծավալելու գալիք խորհրդարանում:

ՀՀԿ-ի պատգամավորներից է նաեւ Արտակ Սարգսյանը, որը հայտնի է որպես ՍԱՍ-ի Արտակ, որն առաջադրված է թիվ 2 ընտրատարածքում: Նրան է պատկանում «ՍԱՍ գրուպ» հոլդինգը: Նա ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 2004թ. մեծամասնական ընտրակարգով` խորհրդարանում ընդգրկվելով ՕԵԿ խմբակցության կազմում: 2006թ., երբ Արթուր Բաղդասարյանը լքեց կոալիցիան եւ դարձավ ընդդիմադիր, Արտակ Սարգսյանն էլ հեռացավ ՕԵԿ-ից` միանալով «Գործարար» պատգամավորական խմբին:

Թեեւ 2006թ. նա արդեն դարձավ ՀՀԿ անդամ, սակայն 2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցեց Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» համամասնական ցուցակով` դառնալով 4-րդ համարը: Կարապետիչի կուսակցությունը ստացավ մոտ 3 տոկոս, ինչի արդյունքում էլ Արտակ Սարգսյանը զրկվեց խորհրդարանական աշխատանքը շարունակելու հնարավորությունից: Սակայն 2012թ. Սարգսյանն արդեն պատգամավոր ընտրվեց մեծամասնական ընտրակարգով եւ համալրեց ՀՀԿ խմբակցության շարքերը: Ի դեպ, 2008թ. նա պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ըստ մամուլի հրապարակումների` Արտակ Սարգսյանը Քոչարյանի նախագահության շրջանում մտերիմ հարաբերություններ ուներ վերջինիս աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ, իսկ Սերժ Սարգսյանի օրոք նրա մտերիմը Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանն է: Նկատենք, որ Արտակ Սարգսյանի բիզնեսները, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, միմիայն աճում են: Այդ շարքում հիշատակվում են «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը, Next, Debenhams, Baldi, Aldo հագուստի եւ կոշիկի բրենդերի ներկայացուցչությունները Հայաստանում ու Վրաստանում եւ այլն:

Այդուհանդերձ, 2012-17թթ. Սարգսյանը պարտաճանաչորեն հաճախել է խորհրդարան` բացակայելով լոկ 36 անգամ: 75 անգամ հրաժարվելով քվեարկություններից` նա կողմ է քվեարկել 844 անգամ, դեմ` 9, ձեռնպահ` 1: Երբեւէ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել, իսկ հարցապնդումներով փորձել է խոսել միայն այս տարի, երբ պատասխանում էր իր սուպերմարկետների աշխատողներին ընտրական գործընթացում ապօրինի ներգրավելու մասին մեղադրանքին, այն էլ խոսափողը չաշխատեց:

Շարունակելի …

Ն. Հովսեփյան




Լրահոս