Հանրապետականները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքացիներին կաշառել: Իսկ ԿԸՀ-ն աչք է փակում կատարվածի վրա: Մարտի 19-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կ. Կարապետյանին խնդրել է իրեն ժամացույց նվիրել: Վարչապետն էլ չէր մերժել. իր խորհրդականին հանձնարարել է վերցնել քաղաքացու տվյալները, որպեսզի ժամացույցը փոխանցեն: Կատարվածն այլ բան, քան ՀՀ ԸՕ խախտում, դժվար է որակել: ԸՕ 19 հոդվածի համաձայն. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Կատարվածն ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում, երբ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ խոստացել էր օգնել գյուղացիներին, ԿԸՀ-ն հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով օրենքի խախտման մասին: Մինչդեռ ՀՀԿ-ի ու Կարեն Կարապետյանի դեպքում նրանք լուռ են: «Ես անձամբ տեղյակ չեմ, անկեղծ ասած, հետեւաբար չեմ կարող որեւէ դատողություն անել,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով,-յուրաքանչյուր հանգամանք պետք է գնահատվի՝ դիտարկելով բոլոր մանրամասն հանգամանքները»: Նա խոստացավ ուսումնասիրել հարցը ու եզրակացություն անել:
ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում» վարչական մեթոդներով: Օրինակ՝ այսօր ՀՀԿ-ականները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, պատրաստվում են նախընտրական հանդիպում անցկացնել Արարատի մարզում: Եւ ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հանդիպումը մարդաշատ դարձնելու համար Արարատի մարզի մի շարք դպրոցների ուսուցիչների հրահանգվել է ամեն գնով ներկա գտնվել ՀՀԿ-ի քարոզչությանը, ավելին՝ ուսուցչական անձնակազմից ստորագրություններ են հավաքել եւ սպառնացել, որ հանդիպումից առաջ բոլորին մեկ առ մեկ ներկա-բացակա են անելու, իսկ չներկայանալու դեպքում կպահեն մեկ օրվա աշխատավարձը: Չնայած այն փաստին, որ ոչ մի ուսուցչի այդ հրահանգը դուր չի եկել, բայց վերջիններս ստիպված են ներկայանալ, որպեսզի առանց այդ էլ չնչին աշխատավարձից պահումներ չանեն: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀԿ-ի Արարատի մարզի շտաբի պետ Ալիկ Սարգսյանին, որն ասաց. «Առաջին անգամ եմ նման բան լսում, չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, ես այդ հարցերով չեմ զբաղվում»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները: Մասնավորապես «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ավելին՝ այս ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք եւ գումար: Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. ե՛ւ Կոստանյանը, ե՛ւ Վարդանյանը ձերբակալված են: Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, այս քրեական գործերով ավարտվել է նախաքննությունը, ու գործերն ուղարկվել են դատարան:
Սերժ Սարգսյանն իր թիմին հրահանգել է ամեն գնով խորհրդարան անցկացնել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ ապահովելով անգամ երրորդ տեղը: Բայց քանի որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը անգամ 5 տոկոս արգելանքը չի հաղթահարի, դաշինքին հովանավոր տրամադրելուց բացի՝ ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, իշխանությունն իր հովանավորյալներին հրահանգել է նաեւ տեղերում աշխատել` ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին ձայներ նվիրելու համար: Թերեւս սրանով է պայմանավորված, որ ՀԱԿ-ում այնքան հանգիստ են, նույնիսկ քարոզարշավ, որպես այդպիսին, չեն իրականացնում: Եւ այս համատեքստում պատահական չէ, որ 1998 թվականից հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը հյուրընկալվեց Հանրային հեռուստաընկերություն եւ հատուկ գովազդի շրջանակներում եթերից ներկայացրեց իրենց դաշինքի ծրագրի ամենաառանցքային թեզը` խաղաղության բանաձեւը, որն անընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար: Նկատենք, որ իշխանության այս աջակցությանն ի պատասխան՝ ՀԱԿ-ից Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին անվանական չեն քննադատում` բավարարվելով ընդհանուր ձեւակերպումներով` ապօրինի իշխանություններ: ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, բնականաբար, այս լուրերը հիմարություն որակեց:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ
Չնայած նախընտրական գործընթացներին, իսկ գուցե եւ հենց նախընտրական գործընթացների պատճառով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը բավականին անսպասելիորեն մոտեցավ իր ավարտին: Եվ եթե Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 27-ին Բրյուսելում արած հայտարարությունը՝ բանակցությունների ավարտի մասին, բավարար չդիտվեց որոշ փորձագետների կողմից, որոնք մատնանշում էին այն փաստը, որ փաստաթղթի ստորագրումը թողնվեց ընտրություններից հետո՝ այդպիսով փոխադարձ կախվածությունների իրավիճակ ստեղծելով, ապա երեկ արդեն Երեւանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը ամրագրեց այս հարցում կողմերի հետեւողականությունը:
Իհարկե, ուշագրավ է, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում, սակայն այդպես էլ չի մասնավորեցրել, թե կոնկրետ երբ: Մինչդեռ նկատենք, որ մինչ այս նշվում էր մայիս ամիսը՝ որպես համաձայնագրի թարգմանության եւ ԵՄ անդամ երկրներում համապատասխան ընթացակարգերով անցկացման համար անհրաժեշտ ժամանակահատված: Արդյոք Նալբանդյանի կողմից ստորագրման ժամկետների շուրջ այս զգուշավորությունը պայմանավորված է ինչ-ինչ մտահոգություններով՝ կապված փաստաթղթի ստորագրման հեռանկարի հետ, դժվար է ասել: Միեւնույն ժամանակ պետք չէ բացառել նաեւ հակառակ՝ ԵՄ կողմից նման մտահոգությունների առկայությունը, ինչը, փաստորեն, դրսեւորվեց Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դեւինի եւ առեւտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսի այցով Հայաստան՝ ընտրական քարոզարշավի ամենաթեժ փուլում նախաստորագրելու համաձայնագիրը: Արդյոք սա ապահովագրվելու եւ լրացուցիչ երաշխիք ունենալուն միտված գործողություն էր, թե ընթացակարգով նախատեսված քայլ, դժվար է ասել: Սակայն փաստ է, որ այս այցի եւ փաստաթղթի նախաստորագրման մասին մինչ այս կարծես թե հայկական կողմից չէր խոսվել:
Ամեն դեպքում, աչքի առջեւ ունենալով 2013թ. սեպտեմբերի 3-ի տխուր նախադեպը, կարող ենք ասել, որ որեւէ նմանօրինակ երաշխիք չի կարող բացառել վերջին պահին համաձայնագրի ստորագրման վիժեցումը, եթե լինի նման քաղաքական շանտաժ Մոսկվայի կողմից: Իսկ այն, թե որքանով ՀՀ իշխանությունը ի զորու կլինի հակազդելու այդ շանտաժին, մեծապես կախված է առաջիկա խորհրդարանական ընտրություններից եւ դրանց հաջորդող հետընտրական իրավիճակից: